ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն Գևորգյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 3-ին և 4-ին տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքում իրարանցում էր, անձրևաջրերի կուտակում, փլուզում և այլն։ Քաղաքացիները Երևանը համեմատում են Վենետիկ քաղաքի հետ։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը քաղաքապետին ներկայացրեց իրավիճակի պատճառները և մեղավորի անուն հնչեցրեց՝ ի դեմս «Վեոլիա ջուր» ընկերության, մեջբերելով Կառավարության և «Վեոլիա ջուր» ընկերության միջև կնքած պայմանագրից որոշ դրույթներ։

«Պատճառն այն էր, որ քաղաքի այդ հատվածներում տեղումների քանակը մեծ էր։ Որոշակի հատվածների կուտակումների պատճառը հեղեղատարերի իսպառ բացակայությունն է, օրինակ՝ Արշակունյաց պողոտայի աջակողմյան հատվածը։ Մնացած հատվածների ջրականգի պատճառը եղել է և՛ թողունակությունը չբավարարելը, և՛ մաքրման աշխատանքների խնդիրը։ Աշխատանքներ են տարվել, այս պահի դրությամբ խնդիր ունենք միայն Վարդանանց փողոցում, որի վերականգնման աշխատանքները հենց այսօր պետք է սկսենք։ Քաղաքապետարանին են ուղղվում անհարկի մեղադրանքներ, ուստի ներկայացնեմ վարձակալության պայմանագրից մի քանի դրույթ՝ մակերևույթային ջրերի հեռացումը Երևան քաղաքում ապահովելու է վարձակալը, կեղտաջրերի կուտակման պատճառ է դառնում նաև կիսանջատ համակարգը»,- նշեց քաղաքապետի խորհրդականը, որին ի պատասխան քաղաքապետը նույնիսկ չասաց, որ պետք էր դրա մասին ավելի վաղ մտածել, որպեսզի մարդկանց գույքային այսչափ վնաս չպատճառվեր։

Ըստ Արեյանի՝ խնդիրը լուծելու համար վարչական շրջաններին հանձնարարված է տրամադրել այն փողոցների տվյալները, որտեղ կոյուղատարերը բացակայում են կամ ունեն հիմնանորոգման կարիք։ Այդպես ստեղծելու են քաղաքային ծրագիր, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությանը հորդորեց նոր աշխատակիցներ ներգրավել, որպես օրինակ նշելով, որ ընկերությունը Կենտրոն վարչական շրջանում ընդամենը 7 աշխատակից ունի։

1or.am-ի հետ կապ հաստատած Սաշա Սուքիասյանը` Նոր Արեշի բնակիչ է և ասում է, որ պարզաբանումներն իրեն այնքան էլ հետաքրքիր չեն, փաստն  այն է, որ ջուրն ամբողջությամբ տուն է լցվել։

Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

 

1or.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տարոն Գևորգյանի հետ՝ մասնավորապես խնդրելով ասել, թե արդյո՞ք տուժած քաղաքացիներին վնասի փոխհատուցման ծրագիր կա։

Գևորգյանի խոսքով` «Համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի` «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը և սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։ Հետևապես՝ Երևան քաղաքում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևներից հետո առաջացած ջրակուտակումները, որոնց հետևանքով քաղաքի առանձին հատվածներում մեքենաների դժվարանցանելիություն էր առաջացել, իսկ որոշ դեպքերում էլ մեքենաներ էին խափանվել՝ պաշտոնապես ևս մեկ անգամ տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից»։

Տարոն Գևորգյանը նաև նշեց, որ քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար։ Միակ պատասխանատու կառույցը` «Վեոլիա ջուրն» է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular