ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակ Իսրայելյանը Արցախի Սարուշենում պատմության ուսուցիչ էր։ Սեպտեմբերի 19-ին սովորականի պես պատրաստվել ու դպրոց էր գնացել, այնտեղ լսել է դիրքերում լարված իրավիճակի, վերահաս պատերազմի ու առավոտյան Հարավի դիրքերում տեղի ունեցած միջադեպի մասին։ Մայրը՝ տիկին Հրանուշը, MediaHub-ին պատմում է, որ սովորականից շուտ է տուն եկել, զգեստափոխվել, ասել, որ իրավիճակով պայմանավորված աշխարազոր ուժերի հետ գնում է դիրքեր։

«Գիտեք, որ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական դիրքերն այնքան էին մոտեցել մեր գյուղին, որ նույնիսկ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելը կամ անասնապահությամբ զբաղվելը խիստ ռիսկային էր դարձել, ամեն ինչ թշնամու տեսադաշտում էր։ Արտակը եկավ դպրոցից շատ անհանգիստ, ասաց, որ «դիրքերում իրավիճակը գերլարված է, պիտի գնանք»։

Ես շատ էի իրեն խնդրել, որ աշխարազորից դուրս գա, ասում էի՝ հայրդ էլ առաջին պատերազմում էր զոհվել, ինձ նոր հերոսներ պետք չեն, ինքն էլ ասում էր, թե «թուրքը հասել է մեր դուռը, հարկ եղած դեպքում բոլորս պիտի կանգնենք մեր տունը, մեր ընտանիքները պաշտպանելու»», -հիշում է Հրանուշ Իսրայելյանը։ 

 Մեր զրուցակիցը դժվարությամբ է մեծացրել իր 4 զավակներին։ Նրա ամուսինը՝ Կարո Գասպարյանն արցախյան առաջին պատերազմի հերոսներից է։ Ճակատագիրն այս ընտանիքի նկատմամբ բարեհաճ չգտնվեց նաև 2023-ին։

«Կեսօրին պատերազմը սկսվեց, Արտակը դիրքերում էր, Սարուշենը՝ թշնամու հրետակոծության թիրախում։ Գյուղի տղերքն ուժեղ մարտեր են վարել։ Երեկոյան, երբ տեղահանվեցինք Մսմնա, այնտեղ անընդհատ ես հարցուփորձ էի անում Արտակից։ Ինձ ասացին թեթև վիրավորում է ստացել և տեղափոխել են հիվանդանոց։ Մի տեսակ սիրտս հանգստացավ, մտածեցի գոնե բժիշկների հսկողության տակ կլինի։ Բայց մի ներքին տագնապ կար, որ չէր անցնում։ Մեծ դժվարությամբ հասանք Ստեփանակերտ։ Օրեր շարունակ ոչ մի լուր»։ 

Հրանուշը հետո է իմացել կատարվածի մասին․ Արտակը վիրավորում էր ստացել հայրենի գյուղը պաշտպանելիս։ Նրա հորեղբոր որդին՝ Անդրեյ Իսրայելյանը որոշել է նրան տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։ Խաչմաչի խաչմերուկում, որտեղ արդեն դիրքավորվել էին ադրբեջանցիները, կրակում են մեքենայի ուղղությամբ, տեղում սպանում երկուսին։ Ավելի ուշ ռուս խաղաղապահներն իրենց BTR-ով վերջիններիս մարմինները տեղափոխում են Մարտունու դիահերձարան։ 

Սպանվելուց մեկ շաբաթ անց աճյունները տեղափոխում են, նախ, Ստեփանակերտ, ապա Երևան։ Մայրն ասում է, որ սպանվելուց հետո դիերն անարգվել են, ուստիև անճանաչելի լինելու պատճառով նրանց ինքնությունը հաստատվել է ԴՆԹ նույնականացման թեստով։ 

«Նույն օրը սպանել են որդուս, տեգրոջս տղային, դստերս ամուսնու հորը։ Նրանց դիակի արտաքին զննությամբ խոշտանգման դեպքեր են հայտնաբերվել»,- ասում է Հրանուշը, ցավով նշելով, որ սեպտեմբերյան պատերազմի զոհ դարձավ նաև ավագ դստեր Ռուզաննայի ամուսինը՝ Վալերի Գասպարյանը, իսկ փոքր դստեր ամուսինը՝ Գենադի Գրիգորյանը, սեպտեմբերի 25-ին զոհվեց Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունից։ 

Արտակ Իսրայելյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նրա 8-ամյա որդին, որ կրում է առաջին պատերազմում նահատակված պապիկի անունը, ամեն օր կանգնում է հոր նկարի առաջ ու արտասվում, կարոտում գյուղն ու անհոգ օրերը։

«Գիշերները չի քնում, ամեն օր հորն է ուզում, շատ դժվար է երեխային բացատրել, որ հայրդ էլ չի գալու։ Այս պատերազմն ինձնից խլեց ամենաթանկը։ Իմ ընտանիքում 6 երեխա որբացավ։ Արտակը 2 երեխա ունի, Ռուզաննան՝ 3, Անահիտը՝ 1։ Ինչքան քարսիրտ պիտի լինես, որ դիմանաս»,-հավելում է մեր զրուցակիցը։

Սարուշենի 36-ամյա պատմության ուսուցիչը Արցախի պես պատմություն դարձավ։ Համագյուղացի մյուս տղաների հետ նա կռվեց այնքան ժամանակ, մինչև խաղաղ բնակիչները տարհանվեցին գյուղից և փրկվեցին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular