ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ոչ այնքան վաղուց պատմության գիրկն է անցել մագնիտոֆոնների մի ամբողջ դարաշրջան: Մոտ մեկ դար մարդիկ չէին պատկերացնում իրենց կյանքն առանց դրանց։ Մագնիտոֆոնը` ձայնային ազդանշաններ նվագարկելու, պահելու և ձայնագրելու սարք է: Մագնիտոֆոնի գյուտի պատմությունը սկիզբ է առել 1888 թվականին, Օբերլայն Սմիթի կողմից մագնիսական ձայնագրման սկզբունքի մշակումով։

Սմիթի գյուտի վրա ազդել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնի աշխատանքը։ Գյուտարարի մտահղացման համաձայն` ձայնային տեղեկատվությունը կարելի է ձայնագրել այնպիսի բամբակյա թելի վրա, որի վրա պողպատափոշի է նստեցվել։ Այնուամենայնիվ, նման սարքի աշխատանքային մոդել չի ստեղծվել, և Սմիթի գյուտը մնացել է միայն որպես տեսություն: Դանիացի ֆիզիկոս Վալդեմար Պոուլսենը, ով սկսել է հետաքրքրվել ձայնի մագնիսական ձայնագրման գաղափարով, հորինել է մի սարք, որին տվել է «հեռագրաֆոն» անվանումը։ Նման սարքն ունակ էր ձայնային ալիքներ ձայնագրել։ Ձայնը ձայնագրվում էր բարակ պողպատե մետաղալարի վրա։

1898 թվականին այդ գյուտը, որը շատ էր նման Էդիսոնի հայտնի ֆոնոգրաֆին, արտոնագրվել է։ 1900 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, դանիացին ստացել է «Գրան պրի» իր գյուտի համար, իսկ 13 տարի անց, Պոուլսենի նախագծած հեռագրաֆոնը համաշխարհային ճանաչում է ստացել: 1925 թվականին գերմանացի գյուտարար Ֆրից Պֆլեյմերը աշխարհի համար բացել է բոլորովին նոր ձայնակրիչ: Նրա սարքում թղթե ժապավենի վրա փոշիացված երկաթի շերտ էր: Նման ձայնային կրիչը լավ մագնիսացվում և ապամագնիսացվում էր:

Հետագայում թուղթը փոխարինվել է մագնիսական ժապավենով։ 1934 թվականից, գերմանական BASF ընկերությունը սկսել է մագնիսական ժապավենի սերիական արտադրություն։ 1930-ականներին AEG-ը ներկայացրել է իր ռադիոհաղորդումները ձայնագրող սարքը։ Նման սարքը կոչվում էր «magnetophon», որտեղից էլ առաջացել է ժամանակակից ու ծանոթ` «մագնիտոֆոն» բառը։ Անունից պարզ է, որ մագնիտոֆոնի հիմնական մասերը մագնիսական գլխիկներն են, որոնք ձայնագրման համար են, և մագնիսներ` նվագարկման համար։ Նվագարկման գլխիկի տակով անցնող մագնիսացված ժապավենը գլխիկում հոսանք է գեներացնում, որը տատանվում է կախված մագնիսական դաշտի մեծությունից, որն էլ իր հերթին անցնում է ուժեղացուցիչով, որտեղից էլ` բարձրախոսներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո AEG մագնիտոֆոնները, որպես պատերազմական ռազմավար տարվել են հաղթանակած ԽՍՀՄ և ԱՄՆ:

Դրանից հետո` 2 տարի անց, Ամերիկայում նախագծվել են ձայնագրման և ձայնի վերարտադրման նմանատիպ սարքեր։ Օգտագործման դյուրինությունն ապահովելու և մագնիտոֆոնների երկրաչափական պարամետրերը նվազեցնելու ցանկությունը հանգեցրել է կասետային մագնիտոֆոնների զարգացմանը և վաճառքի մեկնարկին անցյալ դարի կեսերից: Արդյունքում` 1963 թվականին վաճառքի են հանվել նման մագնիտոֆոններ, սակայն թմբուկային մագնիտոֆոնները դրանից հետո էլ դեռ երկար ժամանակ օգտագործվել են։ Թմբուկային մագնիտոֆոնները շուկայից դուրս են մղվել միայն1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին:

Իսկ 1972 թվականին մշակվել են թվային ազդանշանի կոդավորման համակարգերը: Այնուամենայնիվ, նման համակարգ օգտագործելու առաջին սարքավորումները սկսել են մշակվել Ճապոնիայում` միայն 15 տարի անց: Սկսվել է կոմպակտ սկավառակների և թվային աուդիո կրիչների դարաշրջանը: Մագնիտոֆոններն ու կասետները ժամանակի ընթացքում պատմության գիրկն են անցել։ 21-րդ դարում մագնիտոֆոնների տեղը զբաղեցրել է թվային տեխնոլոգիան։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular