Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջին շրջանում նկատվում են հայկական և թուրքական կողմերի զգուշավոր փորձեր՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ 2021 թվականին Հայաստանն ու Թուրքիան այդ հարցով հատուկ բանագնացներ են նշանակել, իսկ դրանից երեք տարի անց Փաշինյանը երկու երկրների միջև սահմանի հնարավոր բացումն անվանել է «դարակազմիկ իրադարձություն», չնայած դա վերաբերելու է ոչ թե Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներին, այլ երրորդ երկրների ներկայացուցիչներին և դիվանագիտական անձնագրեր ունեցողներին։
Կա կարծիք, որ սահմանները բացելու մտադրությունը թելադրված է տնտեսական դրդապատճառներով՝ պայմանավորված հայ-թուրքական ապրանքաշրջանառության ծավալների նվազմամբ։
Տնտեսագետ Միխայիլ Բելյաևը Nospress.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ նման քայլերը կարող են կապված լինել առնվազն երկու գործոնի հետ, որոնցից մեկը Հայաստանի փոքր տարածքն է։ Վերլուծաբանը հիշեցրել է, որ Հայաստանը 3 միլիոն բնակչություն ունեցող պետություն է, որը ելք չունի դեպի ծով։
«Այն երկրները, որոնք դեպի ծով ելք չունեն, զրկված են որոշակի տրանսպորտային երթուղիներից և սահմանափակ են արտահանման ներուժով, նրանք պետք է փոխգործակցեն հարևան երկրների հետ՝ արտահանման ներուժն իրացնելու համար»,- ասել է վերլուծաբանը:
Երկրորդ հերթին, ըստ տնտեսագետի, Հայաստանի վարչապետը հայտարարելով Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին սատարած պետության հետ մերձենալու մտադրության մասին՝ փորձում է հեռանալ Ռուսաստանից։ Նրա կարծիքով՝ Փաշինյանի գործողություններն ու տրամաբանությունը շատ դժվար ընկալելի են, և ավելին, նման քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է «անելանելի վիճակում»։
«Հայաստանը պատրաստ է օգտվել ցանկացած հնարավորությունից, նույնիսկ նման տեսակի՝ իր շահերի հաշվին, որպեսզի գոնե որոշ տնտեսական եկամուտ ստանա իր ներկայիս խնդիրները լուծելու համար, որոնք շատ ու շատ սուր են»,- ընդգծել է Միխայիլ Բելյաևը՝ հավելելով, որ Հայաստանին դժվար թե հաջողվի լուծել խնդիրները առանց արտաքին ներդրումների, և հիմա Հայաստանի իշխանությունները բացարձակապես տարբերություն չեն դնում այդ հարցում։
Հայաստանը՝ ինչպես և ցանկացած այլ փոքր երկիր, եթե չունի բացառիկ տնտեսական հնարավորություններ, բացարձակապես անկենսունակ է։ Դա տնտեսական օրինաչափություն է։ Հայաստանը կարող է գոյություն ունենալ և ինչ որ ձևով պահպանել երկրի անկախությունը միայն ինչ որ մեկի հետ համագործակցելով»: Իսկ Թուրքիայի համար Հայաստանը այնպիսի «աշխարհագրական կետ» է, որի վրա Անկարան կարող է ընդլայնել իր ազդեցությունը, հավելել է տնտեսագետը։
«Հայաստանը, իհարկե, ստորադաս դիրք կունենա Թուրքիայի հետ փոխգործակցության մեջ, ճնշում գործադրելու կարիք այլևս չի լինի։ Ըստ ամենայնի, պետականությունը կպահպանվի, բայց այն դե ֆակտո կգտնվի Թուրքիայի ազդեցության տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նման իրավիճակում նույնիսկ «ճնշում» բառն է ուժեղ հնչում, քանի որ ենթադրում է դիմադրություն։ Այս դեպքում, կարծում եմ, նույնիսկ դիմադրություն չի լինի, կլինի ինտեգրում թուրք-ադրբեջանական տանդեմին՝ պահպանելով անկախ պետականության ատրիբուտները»,- ասել է փորձագետը։
Միխայիլ Բելյաևը հատուկ ուշադրություն է դարձրել այն թեզին, որ Երևանը փորձում է ավելի շատ գումար վաստակել դեպի Ռուսաստան թուրքական ապրանքների տարանցումից։ Նա չի բացառել նման սցենարը՝ միաժամանակ բացատրելով, թե ինչու այդ գործիքը չի օգնի համակողմանի լուծելու տնտեսական խնդիրները։
«Այո, նա տարանցմամբ փող կաշխատի։ Մենք գիտենք, որ տրանսպորտային ուղիների զարկերակի վրա միշտ զարգացում է լինում, ուղեկցող տնտեսություն <...> Բայց դա այն տնտեսական առանցքը չէ, որի վրա Հայաստանը կարող է կառուցել իր տնտեսական անկախությունը, ամենևին ոչ։ Այո, դա այն ոլորտն է, որտեղ նա կարող է գումար աշխատել և ինչ որ տնտեսական հարցեր լուծել, բայց ոչ ավելին»,- ընդգծել է տնտեսագետը։ Նրա կարծիքով, Հայաստանի համար շատ ավելի հեշտ կլիներ իրացնել իր ներուժը՝ շփվելով Ռուսաստանի հետ։ Հատկապես՝ հաշվի առնելով Խորհրդային Միությունից մնացած արդյունաբերական կապերը։
«Ռուսաստանից հետընթացը էապես կբարդացնի Հայաստանի տնտեսական վիճակը»,- եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը