Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաքվե» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը Տավուշի մարզի խնդրահարույց հատվածներում էր: Վստահեցնում է՝ բնակիչներն արդարացիորեն հայտնում են իրենց ցասումը և վճռական են տրամադրված:
«Ճանապարհին և՛ կիրանցիներն էին, և՛ Տավուշի, և՛ Հայաստանի այլ բանկավայրերի քաղաքացիներ: Ի աջակցություն հայոց պետականության եկածների մեջ արդար ցասում և վճռականաություն կա: Մենք էլ իրականացրինք բողոքի ակցիա՝ փակելով միջպետական նշանակության ճանապարհը, մեր հայրենակիցներն էլ Բավրայի հատվածում իրականացրին բողոքի ակցիա: Հիմա էլ մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ ակցիաներին, նույնիսկ մեկ անձի դերն էական կարևոր է չարիքի իշխանության հիմքերը սասանելու հարցում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Սողոմոնյանը:
Քաղաքագետի գնահատմամբ՝ հիմա պետք է դադարեցվեն ցանկացած տիպի գործողություններ՝ զորքերի հետքաշում, ականազերծում, սահմանաքարերի տեղադրում, քանի որ դա հակասահմանադրական գործընթաց է:
«Սահմանագծումը և սահմանազատումը պետք է տեղի ունենա ընթացակարգին համապատասխան՝ կնքվի պայամագիր, ապա այն հաստատվի Խորհրդարանի կողմից, և տեղի ունենա հանրաքվե: Մեր Սահմանադրության 205-րդ հոդվածը այդպես է նախատեսում: Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով: Կարճաժամկետ լուծումն այս պահին այս գործընթացները դադարեցնելն է»,- եզրափակեց Սողոմոնյանը՝ նշելով, որ Փաշինյանը, միևնույն է, ձգտելու է մեր դիրքերը թուլացնել, հողերը վաճառել և այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է դրվի նրա կործանարար և աղետաբեր իշխանությունը տապալելու գործընթացի սկիզբը: