ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ․

«Խոր ցավով տեղեկացա ռուսաստանցի դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ միջնորդական առաքելության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ առաջին համանախագահ, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Վլադիմիր Կազիմիրովի մահվան մասին:

Վլադիմիր Կազիմիրովը բարձր որակավորում ունեցող այն դիվանագետներից էր, ով իր մասնագիտական հարուստ փորձը և հմտությունները լավագույնս ծառայեցնում էր հանուն արդարության և մարդկային բարձր արժեքների:

Հայաստանում շատերն են հիշում և գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առնացքային մասնակից, անվանի դիվանագետի անձնական ջանքերը հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման գործում՝ Արցախյան առաջին պատերազմի խաղաղ կարգավորման բանակցությունների ժամանակահատվածում. 1994-ի մայիսի 9-ին նրա ակտիվ ջանքերով Լեռնային Ղարաբաղում կնքվեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը։

Անուրանալի է նաև վաստակաշատ դիվանագետի ներդրած մեծ ավանդը հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման, դիվանագիտական կադրերի պատրաստման և կատարելագործման ուղղությամբ:

Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր կանխել հետագա արյունահեղությունը և հարատև խաղաղության մեջ տեսնել Լեռնային Ղարաբաղը, որն, ավաղ, իր կյանքի ընթացքում այդպես էլ չիրականացավ:

Թող խաղաղության մեջ հանգչի նրա հոգին:

Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Կազիմիրովի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular