Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Շատ պարտաճանաչ էր, երևի դրա համար էլ հրամանատարներն իրեն ուղարկել էին հետախուզական դասերի։ Սերժանտ էր»,-պատմում է Հայկ Հարությունյանի հայրը՝ Հրանտ Հարությունյանը։
Հայկը փրկվել էր պատերազմից։ Նա 6 ընկերների հետ Վանք գյուղում շրջափակման մեջ է եղել։ Նրանց գտել էր թշնամին և դաժանաբար սպանել։
Հայկը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 22-ին, ծառայել Ջրականում։
«Երկրի իշխանությունները շատ մեղավոր են այս հարցում։ 2 ամսվա ծառայող երեխաներին անտեր թողեցին։ Նրանք նահանջներով հասել էին մինչև Հադրութ։ Պատերազմում նրանք պայքարել ու ապրել էին, պատերազմից հետո 50 օր էլ պայքարեցին ու ապրեցին։ Սպասում էին օգնության, բայց ոչ մի օգնություն չհասավ»,-ասում է մայրը՝ Մելիտա Մեսրոպյանը։
Մայրը հիշում է, որ որդուն վերջին խոսքերը եղել են՝ տղես քեզ լիքը պաչում եմ, որդին էլ ամաչելով պատասխանել է՝ մամ, ես էլ քեզ։
Հայկ Հարությունյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 8-ին։ Զոհվել է հրադադարից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 27-ին։