Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Առաջին ազատամարտում հայրս զոհվեց, մեկ ամիս անց մայրս լույս աշխարհ բերեց եղբորս ու առանց երկմտելու նրան հորս անունով կոչեց՝ Հայասեր։ Երազելով, որ նույն ճակատագրին չարժանանա։ Եղբայրս միաժամանակ իմ մանկության ընկերն էր, այնքան էինք կապված միմյանց հետ, որ զգում էինք մեկս մյուսի տրամադրությունը՝ անկախ տարածությունից։ Ամենազավեշտալին մեր «հանցավոր» մանկությունն էր, լի բազմաթիվ արկածներով»,- MediaHub-ին պատմում է Սյուզաննա Բադալյանը։
Քույր ու եղբայր իրենց մանկության ու պատանեկության խենթություններով լցրել են մոր՝ Ռուզաննայի կյանքը, որ միայնակ, դժվարությամբ մեծացրել է զավակներին։
«Մեծանալով հասկացանք, որ Հայասերին Աստված օժտել է յուրահատուկ տաղանդով՝ նկարում է, փայտից, գիպսից ու կավից հետաքրքիր քանդակներ է ստանում։ Ես էլ եմ նկարում, բայց ինքը նաև քանդակում է ու մատների արանքով չի նայել, արհեստի այդ ճյուղը զարգացրել է։ Հետագայում Ճարտարի ու հարևան գյուղերի դպրոցներում դասավանդում էր, միաժամանակ ծառայում պաշտպանության բանակում»,- պատմում է քույրը։
Հայասերը հայրենիքի հանդեպ իր պատասխանատվությունն արտահայտում էր հայրենի սահմանները պահելով։ 7 ամիս առաջ այս օրը պատերազմ էր, ինքն էլ որպես հետախույզ՝ «Կոհակ»-ի բարձունքում։ Ադրբեջանը կեսօրին պատերազմ սկսեց Արցախի դեմ ու դիրքային մարտերը կարճ ժամանակում տեղափոխեց թիկունք, բնակավայրեր։
«Ես ամուսնացել ու ապրում էի Ասկերանում, րոպե առ րոպե պատերազմն ավելի էր թեժանում, դիրքերն Ասկերանից հեռու չէին, մենք հասկանում էինք, որ պատերազմը մեր օգտին չի ընթանում։ Դրան զուգահեռ եղբորս ու մորս հետ կապ հաստատել չէի կարողանում, չէր ստացվում։ Ապրումներս, զգացողություններս ինձ չդավաճանեցին, եղբայրս, փաստորեն ծանր վիրավորում էր ստացել»։
Սյուզաննայի խոսքով՝ Հայասերի ապրելու վիճակն անհույս էր։ Դիրքերում նա գլխուղեղի հրազենային վիրավորւմ էր ստացել։ Ընկերներին հաջողվել է նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժշկական միջամտություն ստանալուց հետո բժիշկները նույն օրը նրան Մարտունուց տեղափոխել են Ստեփանակերտ։
«Ես սեպտեմբերի 20-ին եմ իմացել կատարվածի մասին։ Արամի հետ շտապեցինք Ստեփանակերտ։ Հայասերը կոմայի մեջ էր, անգիտակից։ Սիրտս կտոր-կտոր եղավ այդ տեսարանից։ Միայն ինձ հույս էի տալիս, որ գոնե շնչում է։ Բժիշկներն ասում էին՝ «վիրավորւմը գլխի շրջանում է, բարդ է, բայց մենք ամեն հնարավորն արել ենք․․․»։ Ապրելու հույս չէին տալիս։ Ես մտքիս մեջ աղոթում ու խոսակցության մեջ էի մտնում հորս հետ, աղաչելով, որ «հանկարծ չթողնես, Հայասերը գա քեզ մոտ, հետ կուղարկես»»։
Հայասեր Հայրապետյանին ու ծանր վիրավորում ստացած մյուս զինվորականներին սեպտեմբերի 23-ին Կարմիր խաչի առաքելությունը տեղափոխել է Երևան։ Եվս մեկ շաբաթ նա անգիտակից վիճակում գտնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
«Չնայած այն բանին, որ անգամ մասնագետները չէին երաշխավորում, թե ինչ կլինի հետո, հոգու խորքում ես զգում էի, որ կապրի։ Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ մարդու սիրտը կանգնում էր անորոշությունից։ Մի կողմից Հայասերի ապրել-չապրելու հարցն էր տանջում, մյուս կողմից՝ նրա ընտանիքի, 2 բալիկների ու մորս ապրումները, որոնց հետ օրեր շարունակ չէի կարողանում կապնվել։ Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեզ պես անհայր չմեծանան»,- ասում է մեր զրուցակիցը։
Սյուզաննայի հետ կապ հաստատելու ու Հայասերի առողջական վիճակից տեղեկություն ստանալու նպատակով, տիկին Ռուզաննան մի քանի սար է բարձրացել, խոսել, իմացել, որ դստեր ընտանիքն էլ ողջ է, իսկ որդին՝ արդեն Երևանում։
«Հասկանալով մորս զգացողությունները՝ նրան չէի ասում, որ կոմայի մեջ է, սիրտը չէր դիմանա։ Ասացի, որ լավ է, առաջ է գնում։ Բժիշկներին հաջողվում է դանդաղ քայլերով Հայասերին ոտքի կանգնեցնել։ Էրեբունի կենտրոնում նա սկսում է խոսել, շարժել ձեռքն ու ոտքը, որից հետո տեղափոխվել է Զինվորի տուն և արդեն քայլում է։ Եվ այս առաջընթացը ոչ միայն Աստծո հրաշք ենք համարում, այլ նաև Արցախի ու Հայաստանի բժիշկների ճիշտ աշխատանքի, նրա կնոջ` Անիի տարած անքուն գիշերների արդյունք։ Բժիշկների հետ հավասար Անին էլ շատ է չարչարվել»,- ասաց նա։
Սյուզաննայի մղձավանջն այսքանով չի ավարտվել։ Մարտունու շրջանը մեկշաբաթյա պաշարումից հետո տարհանվում է, նրանց հետ նաև մեր զրուցակցի մայրն ու եղբոր ընտանիքը։
«Սեպտեմբերի 25-ին ամուսինս ու մեր հարազատները գնացել էին վառելիքի հետևից։ Հայկազովի պահեստի պայթյունի ժամանակ այրվածքներ ու տարբեր աստիճանի վիրավորում է ստացել նաև Արամը, իսկ նրա մորաքրոջ ամուսինը մահացել է, եղբոր տղան՝ փրկվել։ Արամին ևս ուղղաթիռով տեղափոխել են Երևան, իմ 3 տղաների պատասխանատվությունը մնացել է ինձ վրա։ Սկեսուրս ինձ էր ուժ տալիս, ես՝ իրեն։ Մղձավանջ էր, որ թվում էր չի ավարտվի։ Մեր ընտանիքը միավորվեց սեպտեմբերի վերջին ու Հայաստան տեղափոխվելուց հետո երկար ժամանակ գտնվում էինք հիվանդանոցներում»։
Ընտանիքն Արցախից Հայաստան է տեղափոխել միայն Հայասերի քանդակների ու նկարների մի քանի նմուշ, որ տունը հիշեցնող միակ վկաներն են։ Գաղթից հետո Սյուզաննայի երազանքները փոխվել են։ Հայասերը, որ հիմա ձախ ձեռքով է ստեղծագործում, ուզում է՝ եղբայրը օր առաջ ոտքի կանգնի, որ միասին վրձնի հարվածներով ու քանդակներով հայրենի տունը նկարեն։
«Ես էլ ունեմ նկարելու շնորհ։ Մենք մանկուց երազել ենք ունենալ մեր առաջին ստուդիան, որը գուցե իրական կդառնա այստեղ, միայն թե Հայասերն ամբողջությամբ ապաքինվի»,- հավելեց Սյուզաննա Բադալյանը։
Հունան Թադևոսյան