ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հող հանձնելը» ուժի մեջ է. Ղարաբաղը կարող է որոգայթ դառնալ Մոսկվայի համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

– Պարոն Հովհաննիսյան, մեր նախորդ հարցազրույցում խոսում էինք ներքաղաքական և ընտրական գործընթացների համատեքստում Արցախյան հիմնահարցի դերի ու նշանակության և հատկապես «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերյան ելույթի մասին: Այդ

հարցազրույցում այսպիսի միտք հայտնեցիք կոնկրետ ԼՂ հարցի մասին, որ նախորդ տարի ՀՀ ղեկավարությանը, ըստ էության, հաջողվել է խուսափել ԼՂ հակամարտության կարգավորման՝ բոլորիս հայտնի փուլային տարբերակը կյանքի կոչելու ծրագրից՝ շնորհիվ հայ զինվորների անձնազոհության ու հերոսության և նաև «Սասնա ծռերի» զինված ապստամբության, բայց

սկզբունքորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնարավորություն չի տեսնում խուսափելու Արցախի 5 կամ 7 շրջանները հանձնելու սցենարից, այդ պատճառով էլ նախաձեռնեց կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու գործընթացը, որի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել

պատասխանատվությունից: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ձեր խոսքով, պատրաստակամություն հայտնեց օգնել գործող նախագահին այս գործում: Ի՞նչ հստակություն է առաջացել այս հարցում ընտրություններից հետո՝ հաշվի առնելով դրանց արդյունքներն ու քաղաքական նոր դասավորությունը: Կարծում եք՝ այս սցենարը դեռևս ուժի մե՞ջ է:

 – Այդ հարցազրույցում ներկայացված վերլուծությունն ու գնահատականներն իսկապես բուռն արձագանքների առիթ տվեցին: Դրանում համոզվելու համար բավական է հայացք նետել այն մեկնաբանություններին, որոնք իմ վերլուծության վերաբերյալ արել են ընթերցողները: Ինչ վերաբերում է իմ վերլուծությանը, ապա դրան արձագանքածներից ոմանք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատից, ինձ այն ժամանակ մեղադրեցին առաջին նախագահի տեսակետները նենգափոխելու համար, սակայն, ինչպես բոլորը համոզվեցին անցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ինձ հասցեագրված այդ մեղադրանքն իր բազմաթիվ ելույթներով հերքեց հենց ինքը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդը: Ի՜նչ խոսք, դա ինձ ամենևին էլ չուրախացրեց. մոլորյալ

ճանաչվելը ես կգերադասեի այն համազգային խայտառակությունից, որի ականատեսը դարձանք բոլորս: Ի վերջո, իմ անձնական ձախողումը չէր կարող համարժեք լինել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի՝ մեր նորագույն պատմության խորհրդանշական ֆիգուրի ցավալի ձախողմանը: Դա ոչ թե առանձին, թեկուզ ականավոր քաղաքական գործչի ֆիասկո էր, այլ մեծ հաշվով՝ համազգային ֆիասկո:

Ըստ Հայաստանի առաջին նախագահի՝ քսանհինգ երկար ու ձիգ տարիների ընթացքում

դաժան զրկանքներ կրած, բազում զոհեր տված հայ ժողովուրդը փաստորեն այս ամբողջ ժամանակաշրջանում զբաղված է եղել «սիզիֆյան աշխատանքով» կամ, պատկերավոր ասած, ալրամաղով ջուր է կրել՝ նոր աշխարհակարգի ճարտարապետների բոստանը ջրելու համար: Հիմա էլ այդ նոր աշխարհակարգի ճարտարապետները, համոզվելով, որ հայերն ունակ չեն կովկասյան տարածաշրջանում նպաստել ժողովրդավարության առաջխաղացմանը, մխրճվել են ֆեոդալական բարքերի ու կոռուպցիայի ճահճի մեջ, որոշել են Ռուսաստանի միջնորդությամբ և ավանդական եղանակով լուծել հայկական հարցը, իսկ մենք, ինչպես «ավետում է» Լևոն Տեր-Պետրոսյանը, ստիպված ենք անմռունչ ենթարկվել այդ որոշմանը:

 Հունվարին, երբ հրապարակվեց իմ առաջին հարցազրույցը, ոչ ոք չէր կարող ենթադրել, թե որքա՜ն հեռու կգնա Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչդեռ դուք պետք է հիշեք, որ անմիջապես սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո՝ 2015 թվականի հունիսին, ես իմ ելույթներում իշխանությունների այդ ծրագիրը կապեցի Արցախյան հիմնահարցի շուրջ սպասվելիք վտանգավոր զարգացումների հետ: Պատահական չէ, որ

«Հանրային փրկության ճակատի» ստեղծումը, որը հենց իմ առաջարկությամբ է այդպես անվանակոչվել, նպատակ ուներ չեղարկել մեր ազգային անվտանգությանը սպառնացող այդ չարեփոխումները: Պատահական չէ, որ «Հանրային փրկության ճակատի» ստեղծման գործում առանցքային դերակատարություն ստանձնեց Արցախյան պատերազմի ամենալուսավոր դեմքերից մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանը: Մեր համառ պայքարի շնորհիվ եթե ոչ՝ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հարցի գինը Սերժ Սարգսյանի համար չափազանց մեծ էր՝ իր անձնական իշխանության պահպանումը և Արցախյան հիմնահարցի ոչ հայանպաստ լուծման պատասխանատվությունից խույս տալու հնարավորությունը, ապա գոնե Արցախում մեզ հաջողվեց կանխել այդ վտանգավոր ծրագրի իրականացումը: Այնպես որ, ինձ համար պատահականություն չէին ո՛չ ապրիլյան պատերազմը, ո՛չ դրան հետևած զարգացումները, ո՛չ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի սիրավեպը, ո՛չ այս ընտրությունների բովանդակությունն ու արդյունքները:

 Դուք ինձ հարցնում եք, թե Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին անհաջող մասնակցությունից հետո նախորդ մեր զրույցի ընթացքում իմ նկարագրած սցենարն արդյո՞ք ուժի մեջ է: Ես պատասխանում եմ՝ հարյուր տոկոսով ուժի մեջ է: Ուժի մեջ է, քանզի միայն միամիտները կարող են մտածել, որ առաջին նախագահը մասնակցում էր ընտրություններին, որպեսզի Լևոն Զուրաբյանին, Ստեփան Դեմիրճյանին կամ Արամ Մանուկյանին պարգևատրի մանդատներով: Այս մեծ աշխարհաքաղաքական խաղում նրանց ճակատագիրն առաջին նախագահի համար մանրադրամի գին էլ չունի: Խաղագումարը չափազանց մեծ է, իսկ հանգուցալուծումը՝ մոտիկ: Լևոնն էլ է լավ շախմատ խաղում, և Արցախյան դրամայի

Էնդշպիլում պետք է աջալուրջ լինի և չսխալվի: Այլապես կզրկվի առաջիկայում կայանալիք արցախյան աուկցիոնում «փայ մտնելու» հնարավորությունից: Ինքն անկեղծորեն ասել է՝ ում ձեռքում է խաղադրույքները բաժանելու հնարավորությունը՝ ո՛չ թե Սերժի՝ իր խղճուկ ընտրատոկոսներով, ո՛չ թե Ձմեռ պապիկ դարձած «հայկական Իվանիշվիլիի», որը «կայֆ է բռնում» թշվառների քծնանքներից, այլ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոնների: Իսկ այս ժողովրդին, ինչպես ընտրատեղամասում քվեարկելիս ինքը սարկազմով ասաց, կարող է փրկել միայն «բութը»:

 – Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում այսպիսի մի միտք արտահայտեց ԼՂ հիմնահարցի կարգավորման և Ռուսաստանի դերի մասին, որ՝ հիմնախնդրի լուծման բանալին Մոսկվայում է, ռուսական կողմը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ, որովհետև ներքաշվել է Մերձավոր Արևելքի գործընթացների մեջ և չի կարող թույլ տալ, որ այդ ճակատի թիկունքում հրդեհի օջախներ լինեն, և Արևմուտքը դա շատ լավ հասկանում է, ընդունում և նույնիսկ աջակցում է դրան: Կխնդրեի մեկնաբանել նաև այս հարցը՝ այս համատեքստում անդրադառնալով նաև «Լավրովի պլան» կոչված ծրագրին, որը, ըստ չհաստատված տեղեկությունների, կարգավորման համար առաջարկված ռուսական տարբերակն է:

 – Հետաքրքիր է, որ առաջին նախագահը համառորեն շրջանցում էր այն հարցը, թե ինչո՞ւ է Արևմուտքը ձգտում Ռուսաստանի ուսերին բարդել Ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծումը: Իրավացիորեն արձանագրելով այդ իրողությունը՝ նա խուսափում է դրան տալ անհրաժեշտ բացատրություն: Դրա փոխարեն՝ նաֆտալինից հանելով հարցի լուծման արդյունքում

«հաղթողներ» և «պարտվողներ» չլինելու անհրաժեշտության մասին գորբաչովյան հայտնի թեզը, Լևոն Տեր-Պետրոսյանը ձգտում էր մարդկանց ներշնչել նոր պատրանքներ այդպիսի հովվերգական հանգուցալուծման հնարավորության վերաբերյալ: Մինչդեռ Արևմուտքում արդեն վաղուց հասկացել են, որ այդ կարգի հանգուցալուծման հավանականությունը հավասար է զրոյի, և հենց դրա համար են ձգտում հարցի լուծման միջոցների ընտրությունն ու քաղաքական պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի ուսերին: Անկախության տարիներին հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսելով Հայաստանին իրենց կողմը գրավելու և «ռուսասիրության» պորտալարից կտրելու նպատակով ու չհասնելով որևէ շոշափելի

արդյունքի՝ արևմտյան ժողովրդավարության ջատագովները որոշել են օգտագործել վերջին հնարավորությունը՝ Ռուսաստանի ձեռքերով լուծել Ղարաբաղյան հիմնահարցը ու այդ գնով մեկընդմիշտ փոխել հայության աշխարհաքաղաքական կողմնորոշումն ի վնաս Ռուսաստանի և հօգուտ Արևմուտքի: Եվ այս պայմաններում Ռուսաստանում քիչ չեն «խելոքները», ովքեր պատրաստ են, ենթարկվելով գորբաչովյան ժամանակաշրջանի իներցիային ու տուրք տալով տերպետրոսյանական քարոզչությանը, գնալ հենց այս ճանապարհով: Այն նույն ժամանակ, երբ այստեղ ինքնամոռաց զբաղված էին «մանդատակռվով»: Ես դրանում համոզվեցի՝ շրջելով մոսկովյան ամենաբարձր կաբինետներով և փորձելով բացատրել հայության շահերի

ոտնահարման դեպքում Ռուսաստանի համար տխուր վերջաբանի անխուսափելիությունը:

Պատկերացրեք, որ Ռուսաստանում քիչ չեն նաև ազդեցիկ դեմքեր, ովքեր ունակ են ընկալելու, որ Ուկրաինայից և Սիրիայից հետո Ղարաբաղը կարող է դառնալ երրորդ վտանգավոր որոգայթը, որում կարող է հայտնվել Ռուսաստանը, եթե համաձայնի ստանձնել Մադրիդյան  փուլային տարբերակով Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հիմնական

պատասխանատվությունը: Ո՞վ է այդ դեմքերի հետ աշխատում: Ո՛չ Ռուսաստանի հայերի միությունը, ո՛չ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ո՛չ էլ Հայաստանի քաղաքական կուսակցությունները և նրանց ինքնագոհ առաջնորդները, ովքեր Արցախյան «թեման» դիտում են որպես ներիշխանական պայքարում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու և այդ նպատակով աշխարհաքաղաքական

կենտրոններին հաճոյանալու միջոց: Եվ ամենասարսափելին այս անմխիթար իրականության մեջ այն է, որ Արցախի ղեկավարությունը, որը Ռոբերտ Քոչարյանի կամ Արկադի Ղուկասյանի նախագահության օրոք այս հարցերում պահանջատեր էր և սկզբունքային, այսօր կարծես հայտնվել է մի ինչ-որ տարօրինակ թմբիրի մեջ: Արդյունքում Արցախը մեր օրերում կորցրեց  համազգային բարոյաքաղաքական գործոնի իր երբեմնի դերակատարությունը, որի շնորհիվ մեզ հաջողվել է ժամանակին առավելության հասնել իր ռեսուսներով մեզ էապես գերազանցող Ադրբեջանի նկատմամբ: Երբ 1995 թվականին ես, աշխատելով այն ժամանակ Ռուսաստանի Պետդումայում՝ Անդրկովկասի գծով գլխավոր փորձագետի կարգավիճակում, նախապատրաստեցի Արցախյան հիմնահարցին նվիրված հատուկ խորհրդարանական լսումներ, այդ ժամանակ Արցախի ղեկավարությունը մշտական շփումների մեջ էր իմ

հիմնադրած Քաղաքագետների միության հետ, ինչը մեծապես նպաստեց իմ աշխատանքի արդյունավետությանը: Այսօր մեր չինովնիկները խանդի հողի վրա կառավարական հեռախոսակապով այստեղից զանգեր են տալիս, այդ թվում՝ Մոսկվայում իմ մտերիմ ընկերներին, որ մեզ չտրամադրեն ռուսաստանյան հեռուստաեթեր: Ես դրան ներողամտորեն կվերաբերվեի, եթե իրենք կամ Ռուսաստանում մեր դեսպանը Պոլադ Բյուլբյուլօղլու նման ակտիվ իրենց դրսևորեին: Ինձ համար երբեք կարևոր չի եղել, թե ով է ասում անհրաժեշտ

ասելիքը: Կարևորը, որ մենք տանուլ չտանք հակառակորդին  ժամանակակից  «հիբրիդային» պատերազմում, որում Հայաստանի առաջին նախագահը, որքան էլ դա արտառոց է հնչում, բացեց մի նոր՝ ներքին ճակատ: Հանդես գալով Ադրբեջանին հասցեագրված  «խաղաղասիրական» կարգախոսներով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը միաժամանակ, ի դեմս այսպես կոչված՝ «ոչմիթիզհողականների», հայտնաբերեց  «ներքին թշնամիների» և նրանց հայտարարեց անողոք պատերազմ: Ա՜յ քեզ «խաղաղասիրություն»: Մի՞թե սա նման չէ ռուս բոլշևիկների հայտնի այն թեզին, որ անհրաժեշտ է  արտաքին թշնամիների դեմ

«իմպերիալիստական» պատերազմը վերածել սեփական համաքաղաքացիների դեմ մղվող քաղաքացիական պատերազմի: Դա լենինյան քաղաքական մարտավարության առանցքային դրույթն էր, և, օրինակ, Զբիգնև Բժեզինսկու նման հեղինակավոր խորհրդայնագետը պնդում է, որ հենց այդ դրույթի գործադրմամբ բոլշևիկներին հաջողվեց կազմալուծել ռուսական բանակը և տապալել ռուսական պետականությունը: Այս մարտավարության կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը սպասվում է նույն ճակատագիրը:

– «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը չկարողացավ հաղթահարել ընտրական նվազագույն շեմը՝ ստանալով ընտրողների ձայների ընդամենը 1.65 տոկոսը: Ի՞նչ հետևություն պիտի անենք այս փաստից՝ որ ոչ միայն քաղաքական ուժերի մեծամասնությունը, այլև հանրությո՞ւնը մերժեց Տեր-Պետրոսյանի քարոզած փուլային տարբերակը, թե՞ դա պարտադիր հետևություն չէ, որովհետև ընտրությունների շրջանակներում քաղաքական պայքարն ու բանավեճը, ըստ էության, չունեցան գերակա կամ վճռական նշանակություն, եթե, իհարկե, քաղաքական պայքար կար ընդհանրապես:

 – Որ քաղաքական պայքարն ու բանավեճը պետք է այս ընտրարշավի ընթացքում կրեին զուտ ցուցադրական ու թատերականացված բնույթ, իսկ գործնականում խորհրդարանը պետք է ոչ թե ընտրվեր, այլ կազմավորվեր Սերժ Սարգսյանի կողմից նախօրոք որոշված «լիմիտներով»՝ այդ մասին  դեռ մինչև քարոզարշավի սկիզբը հրապարակված իմ կանխատեսումները լիովին հաստատվեցին: Դրա մասին ես մանրամասն խոսել եմ նաև հունվարին հրապարակված վերոհիշյալ մեր հարցազրույցում: Չեմ ուզում կրկնել, քանի որ իմ ասածները՝ թեկուզ առանց հղում անելու հեղինակին, կրկնողների պակաս երբեք չի նկատվել:

Ընդամենը ցանկանում եմ նշել, որ լիովին արդարացավ ոչ միայն իմ  կանխատեսումը, որ այս ընտրությունները վերածվելու են համազգային «Ձմեռ պապի» գլխավորությամբ մեծ ու փոքր «ձմեռպապիների» տոնավաճառի, այլ նաև իմ այն կանխատեսումը, որ Արևմուտքը փակելու է իր աչքերը Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների  հեղինակությունը ոչնչացնող այս խեղկատակության վրա, քանզի  Սերժ Սարգսյանի կողմից  «լիմիտավորված» այս նույն «ձմեռպապիների» միջոցով հուսով է հասնել Ղարաբաղյան «անիծյալ» հարցի շուտափույթ լուծմանը: Եվ Արևմուտքին պետք չէ մեղադրել դրա համար, քանզի հենց մենք՝ հայերս ենք վաղուց որոշել, որ Ղարաբաղի հարցի լուծումը մեզ համար ավելի կարևոր է, քան ժողովրդավարության հաստատումը Հայաստանում:

 

Առաջին նախագահի մասնակցությունն այս ընտրություններին պայմանավորված էր հենց դրանով՝  հանուն Ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորման Հայաստանում ժողովրդավարության զարգացման նպատակից հրաժարվելու հրամայականի հիմնավորման անհրաժեշտությամբ: Սցենարը այդպես էլ գրված էր. Լևոն Տեր-Պետրոսյանը, գործի դնելով իր հռետորական վարպետությունը, պետք է  պաշտպաներ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը,  հայտներ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներն Ադրբեջանին հանձնելու հարցում  Սերժ Սարգսյանին հետևողականորեն աջակցելու իր պատրաստակամությունը, ջախջախիչ քննադատության ենթարկեր

«ոչմիթիզհողականներին», իսկ վերջում ստանար մեկ տոկոս քվեներ: Հենց դա էր անհրաժեշտ Սերժ Սարգսյանին, որպեսզի ապացուցի Արևմուտքին, որ Հայաստանի իշխանություններից ժողովրդավարություն պահանջելը հավասարազոր է «ոչմիթիզհողականներին» իշխանության բերելուն և Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ճանապարհը վերջնականապես փակելուն: Չէ՞ որ Արևմուտքը չափազանց զգայուն է այս հարցում և այսօր հակված է ընդունել, որ մի շարք հետամնաց երկրներում ավտորիտար կառավարումն այլընտրանք չունի, քանզի այնտեղ ժողովրդավարության պայմաններից անխուսափելիորեն օգտվում են և իշխանության են գալիս արմատական ծայրահեղականները: Այս ընտրություններին առաջին նախագահի մասնակցության շնորհիվ Սերժ Սարգսյ

անը հասկացրեց  Արևմուտքին, որ իր ավտորիտար կառավարումը Հայաստանում այլընտրանք չունի, և ինչպես, օրինակ, Եգիպտոսում Արևմուտքը հանդուրժեց, որ բանտ նետեն երկրի ազգընտիր նախագահ Մուրսիին ու վերջինիս ընտրությունների միջոցով իշխանության բերած արմատական «Մուսուլման եղբայրներին», այնպես էլ Հայաստանում պետք է հանդուրժի  բանտերում ազատամարտիկներին պահելու, ընտրությունները կեղծելու ու խորհրդարանը «ձմեռպապիներով» համալրելու իշխող Հանրապետական կուսակցության քաղաքականությունը:

 Արդյոք հասկանո՞ւմ էր Հայաստանի առաջին նախագահը, որ ժամանակին խոստանալով գործիք դառնալ ժողովրդի ձեռքում՝ հանուն այս վարչախմբի տապալման, այսօր գործիք է դարձել հենց Սերժ Սարգսյանի ձեռքում: Կասկած չունեմ, որ բարձր մտավոր կարողություններով օժտված Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող չհասկանալ, թե ինչո՞ւ համար և ինչպե՞ս է իրեն այսօր օգտագործում Սերժ Սարգսյանը: Այլապես ո՞րն էր այս ընտրարշավին առաջին նախագահի մասնակցության իմաստը, եթե նա հրաժարվեց 2013 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելուց: Որովհետև այն ժամանակ Սերժ Սարգսյանին պետք էր, որ առաջին նախագահը, վկայակոչելով իր տարիքը, նստի տանը, իսկ հիմա նրա ծառայությունը պահանջված է, և Լևոն Տեր-Պետրոսյանը չորս տարի անց երիտասարդական ավյունով մասնակցեց քարոզարշավին…

 Ինչ խոսք, Սերժ Սարգսյանն ամեն ինչ լավ է հաշվարկել: Մեֆիստոֆելի հմտությամբ նա կարողանում է գայթակղել մարդկանց և ծառայեցնել նրանց իր իշխանության ամրապնդման գործին: Բայց բիզը ունի երկու ծայր, և բարոյալքված մարդիկ ի վերջո շատ դաժան են վարվում հենց իրենց բարոյալքածի նկատմամբ…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular