11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում
ՍՊՈՐՏԳիշերը տեղի ունեցան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի 2-րդ զույգերի հանդիպումները։
Երկու խաղերի արդյունքներով կիսաեզրափակիչ փուլ անցան Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»։ Երկուսի դեպքում էլ առաջին խաղերն ավարտվել էին ոչ-ոքի։
«Ալյանց արենայում» Գերմանիայի չեմպիոնը 1-0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»։ Հանդիպման միակ գնդակի հեղինակ դարձավ կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը (63')՝ Ռաֆաել Գերեյրոյի եզրային փոխանցումից հետո գլխի հարվածով գրավելով «Զինագործների» դարպասը։ Կիմմիխը ճանաչվեց հանդիպման խաղացող։ «Կարմիրներն» ընդհանուր 3-2 հաշվով անցան կիսաեզրափակիչ։
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում գրանցվել էր 3-3 գերարդյունավետ հաշիվը։ Իսկ արդեն «Էթիհադում» խաղի հաշիվը բացեց (12') Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգուն։ Վինիսիուսի աջ եզրային փոխանցումից հետո նրա առաջին հարվածը դարպասապահ Էդերսոնը հետ մղեց, սակայն երկրորդ հարվածը չկարողացավ։ Երկարատև ջանքերից հետո «Կապույտների» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն (76') բոլորից շուտ կողմնորոշվեց Արքայական ակումբի տուգանային հրապարակում ու գրավեց հաջող հանդիպում անցկացրած Անդրիյ Լունինի դարպասը։ Ավելացված ժամանակով հանդերձ խաղն ավարտվեց 4-4 ընդհանուր հաշվով։ 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունը «մադրիդցիների» կողմն էր, չնայած նրան, որ առաջինը վրիպեց «Ռեալի» վետերան կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ «Սիթիից» վրիպեց կիսապաշտպան, հարձակվող Բեռնարդու Սիլվան, որի կենտրոնով կատարած հարվածը հանգիստ վերցրեց Լունինը։ Հաջորդ վրիպողը եղավ իսպանական ակումբի նախկին կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, որի աջ ներքեւի անկյուն կատարած հարվածը հետ մղվեց դարպասապահի կողմից, ով, ի դեպ, «Ռեալի» 3-րդ դարպասապահն է մեկնարկային կազմի ընտրության հարցում։ Հաղթական 11-մետրանոցը խփեց պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։ Հանդիպման խաղացող ճանաչվեց կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
Այսպիսով, Գերմանիան և Իսպանիան ներկայացնող ակումբները կհանդիպեն միմյանց կիսաեզրափակչում։