ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ դիմակավորված անձինք ոստիկաններ են եղել․ Սաքունցը՝ Վարդանյանին խոշտանգելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին խոշտանգման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանը։ Նա ձերբակալվել էր ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպով։

Երեկ իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը մանրամասն ներկայացրեցին Սամվելին խոշտանգելու դրվագները։ Մելիքյանն արձանագրեց, որ խոշտանգման դեպքի դետալային նկարագրությունից հետո, ապացուցման պատասխանատվությունը կրում է պետությունը։

Խոսքն այն պետության մասին է, որ մինչ այժմ խոշտանգման դեպքի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնել։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը 1or.am-ին ասաց, որ կոնվենցիոն պարտավորությունները ենթադրում են, որ նման դեպքում պետք է անմիջապես վարույթ նախաձեռնել․

«Ոստիկանության բաժիններում միշտ էլ նման դեպքեր եղել են, բայց, ցավոք սրտի, այդ գործերով մինչև այժմ էլ արդյունավետ քննություն չի իրականացվում։ Սա էլ հետևանք է՝ ոստիկանության ծառայողների կողմից նման գործողությունների համար անպատժելիության։ Նման դեպքերը համակողմանի չեն քննվում, խոշտանգման ենթարկող անձինք պատասխանատվություն չեն կրում, համակարգից չեն հեռացվում, դեռ մի բան էլ բարձր պաշտոնների են արժանանում։ Այստեղ պետք է արձանագրենք, որ ոստիկանության համակարգում որակական և բովանդակային բարեփոխում չի իրականացվել»։

Դիտարկմանը, որ Սամվել Վարդանյանի դեպքն այլ է, նա ոչ թե բռնության է ենթարկվել ոստիկանության բաժնում ոստիկանների կողմից, այլ՝ ոստիկանների հսկողության տակ գտնվելու ընթացքում` այլ անձանց կողմից։ Սաքունցն այսպես արձագանքեց․

«Միևնույնն է, պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը։ Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ դիմակավորված անձինք ոստիկաններ են եղել։ Առանց նրանց թույլտվության այլ անձինք չեն կարող իրենց հսկողության տակ գտնվող անձի հետ որևէ առնչություն ունենալ»։

Ոստիկանության ամենաթողությամբ, գուցե թույլտվությամբ, բայց արդյո՞ք կազմակերպմամբ է եղել խոշտանգումը։ Իրավապաշտպանն օրինակ է բերում․

«Եթե կալանավայրում երկու հոգի վիճում են, ես մեղադրո՞ւմ եմ այս կամ այն կալանավորին՝ ոչ։ Պատասխանատվությունը կրում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը։ Իսկ թե ինչ մեխանիզմով է կազմակերպվել՝ թողտվություն, համաձայնություն կամ կազմակերպում` այլ հարց է»։

Խոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթ դեռևս չկա, սակայն, իրավապաշտպանի գնահատմամբ, վարույթը պետք է նախաձեռնվեր անմիջապես, պետք է արդեն հարցաքննված լինեին ուղեկցող ոստիկանները, որ մենակ են թողել ձերբակալվածին։ Եթե սա չկա, ապա խոսքը անպատժելիության մթնոլորտի մասին է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեպքից ժամեր առաջ հայտարարություն արեց՝ վիրավորելով և սպառնալով քաղաքացուն, արդյո՞ք սա ևս պետք է իրավական գնահատականի արժանանա։ Հստակ հարցին ի պատասխան՝ Սաքունցն ասաց, որ այո՛, Սիմոնյանը պետք է հարցաքննվի, բայց այն իմաստով, որ բացի հայտարարությունն իր կողմից տրվե՞լ են հրահանգներ, թե՞ ոչ։

Սա բխում է գործի բազմակողմանի քննության շահերից։ ԱԺ նախագահը որևէ կերպ չպետք է նման գնահատական տա։ Սաքունցը հիշում է «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ բռնության դեպք․

«Նման դեպք է եղել դատարանի շենքում, մինչ դատական նիստերի դահլիճ տեղափոխելն անձանց պահման վայրում»։

Սաքունցի խոսքով՝ իրեն բազում դեպքեր են հայտնի, երբ անձին տանում են ինչ-որ վայր բռնության են ենթարկում, այնտեղից նոր բաց թողնում, սակայն ասաց, որ անուններ չի նշի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular