Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՂազախստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ կնքելու խաղաղության պայմանագիր։
«Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար»,-Երևանում այս մասին հայտարարեց Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա ասաց, թե իրենց հիմնական նպատակն է մերձեցնել Հայաստանին ու Ադրբեջանին, բացել ճանապարհ՝ խաղաղության ու կայուն զարգացման համար։
«Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում:
Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- ասաց նա։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ապացուցում են, որ շահագրգռված են բարձր մակարդակի վրա պահել հայ-ղազախական հարաբերությունները։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ բարձր են գնահատում Հայաստանի ձգտումը՝ վերականգնելու տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում։
«Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»»,- ընդգծեց նա։