Միջազգային ավիաընկերություններն Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո հայտնվել են «քաոսի» մեջ. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկուշաբթի օրը միջազգային ավիաընկերությունները բախվել են թռիչքների բազմաթիվ խափանումների, այն բանից հետո, երբ Իրանը հարվածեց Իսրայելին, գրում է Reuters-ը։ Ավելի քան 300 հրթիռներով և անօդաչու սարքերով Իսրայելի վրա Իրանի հարձակումը, «քաոս առաջացրեց ավիացիայում»,- նշում է գործակալությունը:
Ավելի քան մեկ տասնյակ ավիաընկերություններ վերջին երկու օրվա ընթացքում ստիպված են եղել չեղարկել թռիչքները կամ փոխել երթուղիները, այդ թվում՝ Qantas-ը, Lufthansa-ն, United Airlines-ը և Air India-ն: Ըստ թռիչքների կառավարման OPSGROUP խորհրդատվական ընկերության հիմնադիր Մարկ Զիի՝ դա ավիափոխադրումների ամենամեծ խափանումն էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակումներից հետո: «Այդ ժամանակից ի վեր մենք չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ այդքան շատ տարբեր օդային տարածքներ այդքան արագ փակվեն, և դա քաոս է ստեղծում», - ասել է փորձագետը՝ հավելելով, որ սահմանափակումները, հավանաբար, կտևեն ևս մի քանի օր:
Սա նոր հարված է ավիացիոն ոլորտին, որը նախկինում բախվել է բազմաթիվ սահմանափակումների՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունների, ինչպես և Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Իրանի օդային տարածքն ավիաընկերությունների կողմից օգտագործվում է Եվրոպայի և Ասիայի միջև թռչելու համար, և այդ փոխադրողները կարող են սահմանափակվել երկու այլընտրանքային երթուղիներով՝ կա՛մ Թուրքիայով, կա՛մ Եգիպտոսով և Սաուդյան Արաբիայով, ասել է Զին:
Իսրայելը շաբաթ օրը փակել է իր օդային տարածքը, իսկ կիրակի առավոտյան՝ վերաբացել։ Հորդանանը, Իրաքը և Լիբանանը նույնպես վերսկսել են թռիչքներն իրենց օդային տարածքներով։ Մերձավոր Արևելքի խոշորագույն ավիաընկերությունները, ներառյալ Emirates Airlines-ը, Qatar Airways-ը և Etihad Airways-ը, կիրակի օրը հայտարարել են, որ կվերսկսեն իրենց գործունեությունը տարածաշրջանում՝ որոշ չվերթներ չեղարկելուց կամ փոխելուց հետո: