ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիրում եմ, շատ եմ սիրում»․ 26-ամյա Մարտիրոս Մկրտչյանի վերջին խոսքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 19-ին Արցախում պատերազմ էր։ Այդ օրերին պակաս դժվար չէր դիրքերում թշնամու մեծաթիվ զորքի դեմ կռիվ տվող տղաներին թիկունքում սպասողների համար։ 

Հասմիկ Սարիբեկյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից է։ Նրա որդին՝ 26-ամյա Մարտիրոս Մկրտչյանը Մարտակերտի դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։

«Սարսափելի զգացողություն ունեցա, երբ պատերազմի լուրն առա։ Ինձ համար շատ դժվար էր այն առումով, որ Արցախի շրջափակման պատճառով նրան համարյա մեկ տարի չեմ տեսել։ 2022-ի նոյեմբերին եմ գրկել վերջին անգամ, երբ Գառնիից վերադարձավ Արցախ ծառայության»,- ասաց մայրը՝ նշելով, որ Մարտիրոսն իր ցանկությամբ 44-օրյա պատերազմից հետո ստացել է Արցախի քաղաքացիություն ու մնացել այնտեղ։

Մարտիրոս Մկրտչյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայության անցել Մատաղիսի զորամասում։ 2020-ին Թալիշ-Մատաղիս գյուղերի անկումից հետո՝ տեղափոխվել է 5-րդ պաշտպանական շրջան։ 

«44-օրյա պատերազմի ժամանակ բեկորային ծանր վիրավորում էր ստացել։ Հոկտեմբերի կեսերին նրան տեղափոխել են Հայաստան բուժվելու։ Երբ ապաքինվեց, առանց երկմտելու նորից տեղափոխվեց ծառայության։ Արցախին շատ էր կապվել ու երազանքներ ուներ այնտեղ։ Մի քանի անգամ ասել եմ գուցե գաս, այստե՞ղ շարունակես ծառայությունդ, ասել է՝ մամ, հարմարվել եմ այստեղ, ընկերներ ունեմ ու դեռ շատ երազանքներ կան, որ պիտի հասցնեմ։ Ուզում էր այնտեղ էլ ապրեր, բայց, պատերազմն ընդհատեց որդուս կյանքը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Տիկին Հասմիկին հաջողվել է միայն սեպտեմբերի 19-ի երեկոյան խոսել որդու հետ։ Մորը չանհանգստացնելու համար երիտասարդ հրամանատարն առանձնապես ոչինչ չի խոսել պատերազմից, ասել է՝ «ես լավ եմ, մեզ մոտ հանգիստ է»։ Հասկանալով պատերազական իրավիճակը՝ մորն ասել է, որ սիրած աղջիկ ունի, պատմել է նրա մասին։ «Ասաց՝ «գիտեմ, կապերը լավ չի»։ Տվեց իր ընտրյալի հեռախոսի համարը, որ մենք իրար հետ կապի մեջ լինենք, ամենքս մեր ունեցած ինֆորմացիան միմյանց փոխանցեք։ Իրար շատ էին սիրում»...

Նույն օրը դիրքերում ծանր վիրավորում է ստացել նաև ավագ լեյտենանտ Մկրտչյանը։ Նրա սիրելին MediaHub-ին պատմեց, որ ուշ գիշերին վիրավորում ստանալուց կես ժամ անց վերջապես խոսել է Մարտիրոսի հետ։ 

«Վիրավոր էր, ինձ փորձում էր ուժ տալ, ասում էր՝ պիտի ուժեղ լինես, պիտի այս մի փորձությունն էլ հաղթահարենք, բայց ես զգում էի, որ սա արդեն վերջն է։ Ինքն էլ էր դա հասկանում, դրա համար անընդհատ ասում էր՝ «սիրում եմ քեզ, շատ եմ սիրում»»,- հիշում է նա։ 

Մարտիրոսի հարազատներն ավելի ուշ են իմացել, որ նա ծանր վիրավորում է ստացել մարտական ընկերների կյանքը փրկելիս, որից հետո դիրքում անմահացել է նաև ինքը։ 

«Օրեր շարունակ Մարտիրոսից ոչ մի լուր չենք ստացել։ Գառնիում մեզանից թաքուն բոլորը խոսում էին որդուս զոհվելու մասին, մեզ բան չէին ասում։ Առաջին օրերին Արցախում կապ չկար, հետո մյուս տղաս զանգահարում է Արցախի շտաբ, այնտեղից՝ Մարտակերտի զորամաս։ Հեռախոսի մյուս կողմից հայտնեցին՝ «Ցավում ենք, Մարտիրոսը ևս զոհվել է»... աշխարհը գլխիս փլվեց»,- ասաց Հասմիկ Սարիբեկյանը։ 

Մարտիրոս Մկրտչյանի մարմինն ամփոփվել է հարազատ գյուղի հերոսների պանթեոնում։ Նրա սիրելին, որի հետ պատրաստվում էր կյանքը կապել, կարոտով է պատմում Մարտիրոսի մասին։

Ասում է, որ դժվար է խոսել մարդու մասին, որին այնքան սիրում ես, բայց այլևս կողքիդ չէ.
«Ասում էր՝ բլոկադան ավարտվի, կգամ Հայաստան, քեզ մերոնց հետ ծանոթացնեմ, հետո խոսքկապի կգանք, նշանադրվենք։ Ես պարտվեցի պատերազմում։ Մարտիրոսի ընտանիքի հետ ծանոթացա, ցավոք, իր հոգեհանգստի օրը․․․»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular