ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասաց՝ Աստված մեծ է, մի օր տուն կգամ. հավատս չեմ կորցնում, որ տղաս կվերադառնա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հոկտեմբերի 9-ի կեսօրին աղջիկս երկար համարից զանգ ստացավ, այդ զանգից ես էլ մեռած տեղից վերակենդանացա։ Ռուսախոս տղամարդն ադրբեջանցի էր ու ասաց, որ Վասիլին գերեվարվել է ու գտնվում է իրենց հսկողության տակ»,- MediaHub-ին պատմում է 2020 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած Նունե Դադայանը։

Նրա որդին նախորդ տարվա սեպտեմբերից անհետ կորած էր համարվում։ Վասիլի Բեգլարյանի հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 21-ից, երբ վերջինս մոլորվել է Դրմբոնի անտառներում։

«Կապը մասամբ վերականգնվել էր Արցախում, նա զանգում ասում էր տեղը։ Հեռվում բարձրության վրա խաչ է նկատել, զանգել է իր ծանոթներին, անգամ մեր համայնքի ղեկավարին է զանգել։ Ծանոթներն ասել են, որ նա գնա խաչի ուղղությամբ, այնտեղից կասեն, թե որ ուղղությամբ շարժվի։ Նույն օրը ժամը երեկոյան 5-ից այլևս զանգել նրան հնարավոր չէր»,-պատմում է մայրը։ 

Տիկին Նունեն Վասիլիի մասին տեղեկություններ է փորձել հավաքել ընկերներից, վերջին անգամ նրա հետ եղած ծանոթներից։ Բայց թե ինչպես ու ինչ հանգամանքներում է մոլորվել, հետո գերեվարվել ու հայտնվել Բաքվում, մայրը չգիտի։ 

«Ես միայն գիտեմ, որ նա անզեն է եղել ու քաղաքացիական հագուստով։ Վերջին անգամ եղել է Մարտակերտի շրջանի գյուղերում, այնտեղից էլ գերի են տարել։ Ես իմ հավատը չեմ կորցնում, որ նորից Վասյան կվերադառնա, որ նորից կգրկեմ նրան։ Ինչքա՜ն սպասված էր իր ծնունդն ինձ համար։ Պատկերացրեք՝ 5 քույրերից հետո ծնված տան միակ տղան է, եւ հետո 6 տարեկանից առանց հայր եմ մեծացրել»,-ասում է նա։ 

Վասիլիին փնտրելու հարազատների ջանքերն անարդյունք են եղել։ Նրանք դիմել են թե՛ Կարմիր խաչի առաքելությանը և թե՛ խաղաղապահներին։ Բայց Բաքվի բանտից ստացված զանգով, Նունեի մոտ նորից ապրելու ցանկություն է առաջացել, իսկ մինչ այդ.

«Վասիլիի մասին առանց լուրի ապրած օրերը՝ ամենաչապրվածն էին, անորոշ էր»։ 

Ադրբեջանցի տղամարդը, որն ապահովել է Վասիլիի և հարազատների հեռախոսազրույցը, վստահեցրել է, թե՝ «հանգիստ եղեք, նրան ոչինչ չի պատահի», հետո հեռախոսը փոխանցել է հայ գերուն ու նա խոսել է քրոջ հետ, հարցուփորձ արել բոլորից։ 

«Նախկինում ամիսը մեկ անգամ էր զանգում, հիմա ավելի հաճախ։ Այդ մի քանի րոպեները ամենասպասվածն են, լսում եմ որդուս ձայնը։ Զանգից բացի նաև նամակ է գրում ու ամեն անգամ շեշտում է՝ Աստված մեծ է, մի օր տուն կգամ։ Պահման պայմաններից չի դժգոհում»։

Վասիլին 30 տարեկան է։ Չի հասցրել ամուսնանալ։ Մոր երազանքն է, որ հրաշքի պես Ադրբեջանը գերիների հերթական խումբն ուղարկի Հայաստան, նաև որդին տուն դառնա. նրա հետ երազանքներ շատ ունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular