ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ-ն ևս 3 հանրային հետաքրքրություն ունեցող գործերի վերաբերյալ ուսումնասիրություն է հրապարակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հետ սույն թվականի մարտի 1-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է մի շարք հայտնի գործերի ձգձգումների մասին Դատական դեպարտամենտի նկարահանած տեսանյութը, որից հետո «Հայաստան» դաշինքն իր ընտրողների անունից խնդրել է նմանատիպ ուսումնասիրություն կատարել՝

  • Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին,
  • Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին,
  • Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործերով:

Այս մասին հայտնում են խորհրդի մամուլի ծառայությունից։

«Ընդ որում, «Հայաստան» դաշինքի պատգամավորները ընդգծել են, որ իրենց համար ընդունելի չէ տեղեկատվության փոխանցումն ու հրապարակումը տեսանյութի/ռեպորտաժի ձևաչափով և խնդրել են համապատասխան տեղեկատվությունը տրամադրել «տեղեկանքի» ձևաչափով։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Դատական դեպարտամենտի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացնում ենք համապատասխան տեղեկատվությունը՝ պահանջված ձևաչափով։

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Արմեն Գրիգորյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել:

Գործի ընթացք

29.06.2022թ. քրեական գործը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Քրեական գործով առկա դատակոչի ցուցակում ներկայացված են եղել 1 մեղադրյալ, 8 վկա:

Սույն քրեական գործի տևողությունը առաջին ատյանում կազմել է 1 տարի 5 ամիս 19 օր, դատական նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 25 օրը մեկ անգամ:

Գործի ողջ քննության ընթացքում նշանակվել է 22 դատական նիստ, բնականոն ընթացքով կայացել են 20 դատական նիստեր և 2 դատական նիստեր «չեն կայացել» (նշված նիստերը «բացվել–փակվել են» կամ նիստի ընթացքում քննությանը օժանդակող գործողություններ չեն կատարվել): Այսպես.

  • դատական նիստերից մեկի «չկայացման» պատճառը եղել է դատախազի ծանրաբեռնվածությունը, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 18 օր ժամկետով,
  • մյուս դատական նիստը «չի կայացել» պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի (աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով) և Արմեն Մաշինյանի (առողջական վիճակով պայմանավորված) պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 8 օր ժամկետով:

Այսպիսով, 1 տարի 5 ամիս 19 օր տևած գործի քննությունից «կորսվել է» 26 օր:

Հարկ է նշել, որ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հրապարակվել է վճիռը, որով մեղադրյալ Արմեն Միխայիլի Գրիգորյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (արարքի կատարման ժամանակ գործած ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով) նախատեսված հանցանքում և պատիժ չի նշանակել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ։

Վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 15.03.2024 թվականին մակագրվել դատական կազմին (նախագահող դատավոր՝ Սևակ Համբարձումյան, դատավորներ՝ Մ. Մելքոնյան և Լ. Հովհաննիսյան): 04.04.2024թ.-ին նշանակված դատականի նիստը չի կայացել նախագահող դատավորի՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում դատավորների տարեկան վերապատրաստման դասընթացին մասնակցելու պատճառով) և հաջորդ դատական նիստը նշանակվել է 08.05.2024թ.:

Հարկ է ընդգծել նաև, որ սույն ուսումնասիրությունը, ինչպես նաև նախկինում Դատական դեպարտամենտի կողմից ուսումնասիրությունները վերաբերել են ողջամիտ ժամկետների պահպանմանը: Սակայն հաշվի առնելով, որ «Հայաստան» խմբակցության կողմից բարձրացվել է նաև Արմեն Գրիգորյանի՝ կալանավորման ընթացքում առողջական խնդիրներին վերաբերող հարցեր, ապա տեղեկացնում ենք, որ թե գործի քննության մինչդատական և թե դատաքննության փուլում դատարանին հայտնի չի եղել որևէ փաստ Արմեն Գրիգորյանի առողջական խնդիրների մասին. որևէ միջնորդություն կամ որևէ տեղեկատվություն որևէ փուլում դատարանին չի փոխանցվել:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Մամիկոն Լևուշի Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք:

Գործի ընթացքը

26.05.2022թ. քրեական գործը ստացվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվել է դատավոր Մ.Արզումյանյանին։ Դատավոր Մ. Արզումանյանը նշանակել է 2 նիստ, որից 1-ը չի կայացել և 19.08.2022թ. որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին: Քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում ստացվել է 01.09.2022թ. և մակագրվել դատավոր Ս.Դադոյանին։

Սույն քրեական գործը Հակակռուպցիոն դատարանում քննվում է շուրջ 1 տարի 7 ամիս, նիստերը նշանակվել են միջինում յուրաքանչյուր 17 օրը մեկ անգամ: Ներկայումս գործի քննությունը գտնվում է վկաների հարցաքննության փուլում:

Քրեական գործով դատակոչի ենթակա են 3 մեղադրյալ և 30 վկա:

Հակակոռուպցիոն դատարանում գործի քննության ընթացքում նշանակվել է 35 նիստ, որից չեն կայացել կամ բացվել, սակայն չեն կայացել ու հետաձգվել են թվով 12 նիստ։ Այսպիսով՝

  • Դատավորի պատճառով չի կայացել թվով 5 նիստ (3-ը՝ դատավորի անաշխատունակության, 1-ը՝ դատավորի ծանրաբեռնվածության և ևս 1-ը՝ դատավորի կողմից դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով), որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 2 ամիս 8 օր ժամկետով,
  • 3 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 47 օր ժամկետով,
  • 2 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է մեղադրյալ Ս.Աբովյանի ՀՀ տարածքից դատարանի թույլտվությամբ բացակայելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 20 օր ժամկետով,
  • 1 դատական նիստ չի կայացել մեղադրյալ Ասլանյանի բժշկական կենտրոնում գտնվելու պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով,
  • 1 դատական նիստ բացվել, սակայն հետաձգվել է պաշտպանների ծանրաբեռնվածության պատճառով, որի արդյունքում գործի քննությունը փաստացի հետաձգվել է 7 օր ժամկետով։

Այսպիսով, տարբեր պատճառաբանություններով պայմանավորված կորսվել է 3 ամիս 29 օր, իսկ ընդդատության փոփոխությամբ պայմանավորված՝ 3 ամիս, ընդհանուր՝ 6 ամիս 29 օր:

Սուրեն Մանուկյանին և մյուսներին վերաբերող քրեական գործ

Մեղադրանք

Թվով 4 անձի (Սուրեն Մանուկյան, Արմեն Քամալյան, Մուրադ Մուրադյան, Թաթուլ Պողոսյան) մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2022 թվականի հուլիսի 27-ին առևանգել են Գրիշա Քոքոբելյանին, տեղափոխել վարձակալած բնակարան, այնտեղ պահել 5 օր։ Նրա որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից, պահանջել են որպես փրկագին՝ 3 մլն դոլար, ստացել են 40․000 դոլար՝ կրիպտոարժույթի տեսքով:

Գործի ընթացքը

25.07.2023թ. քրեական գործը ստացվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և նույն օրը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին:

31.07.2023թ. նշանակված դատական նիստի ընթացքում դատավոր Սամվել Մարդանյանը հայտնել է ինքնաբացարկ:

01.08.2023թ. քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Նարեկ Բադալյանին, սակայն դատավորի՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով 07.08.2023թ. քրեական գործը մուտքագրվել է «Դատական համակարգ» համակարգչային ծրագիր և կատարվել է գործի վերաբաշխում: Նույն օրը քրեական վարույթը էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Սերժ Արտյոմի Ռուշանյանին:

Դատավոր Ռուշանյանը շուրջ 5 ամիս քննելով գործը հայտնել է ինքնաբացարկ, քանի որ քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալ Սուրեն Մանուկյանը թույլ է տվել այնպիսի վարքագիծ, որը հիմք է հանդիսացել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման, դատավորի նկատմամբ արատավորող տեղեկություններ հրապարակելու առնչությամբ և դատավոր Սերժ Ռուշանյանը ճանաչվել է տուժող: Ստեղծված իրավիճակում, դատավորը հայտնել է ինքնաբացարկ՝ հաշվի առնելով մեղադրյալ Սուրեն Մանուկյանի հետ հակադիր անձնական շահերի առկայությունը և օբյեկտիվ ու անաչառ դիտորդի մոտ դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցելու հանգամանքը:

23.01.2024թ. տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն և քրեական գործը էլեկտրոնային համակարգով մակագրվել է դատավոր Սասուն Մխիթարյանին:

Այսպիսով, սույն քրեական վարույթով նշանակվել են թվով 13 դատական նիստեր, որոնցից՝

  • 1 դատական նիստ նշանակվել է դատավոր Սամվել Մարդանյանի,
  • 1 նիստ նշանակվել է դատավոր Նարեկ Բադալյանի,
  • 8 նիստ` դատավոր Սերժ Ռուշանյանի,
  • 3 նիստ` դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից:

Դատավոր Սերժ Ռուշանյանի կողմից դատական նիստերը միջինում նշանակվել են յուրաքանչյուր 20 օրը մեկ անգամ, իսկ դատավոր Սասուն Մխիթարյանի կողմից յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ:

Սասուն Մխիթարյանի վարույթում գործը քննվում է շուրջ 2,5 ամիս, որի ընթացքում նշանակվել է թվով 3 նիստ, որոնք կայացել են:

Այսպիսով, սույն գործը դատարանում քննվում շուրջ 8,5 ամիս, որից 5 ամիսը «կորսվել է» մեղադրալի կողմից դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և արատավորաղ տեղեկություններ հրապարակելու հիմքով պայմանավորված»,-նշվել է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular