ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես վատնել երկիրը խոստումների դիմաց. նրանց տնտեսապես ուժեղ Հայաստան պետք չէ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

kp.ru-ն «Փաշինյանը վաճառքի է հանել երկիրը. Ռուսաստանի հետ Հայաստանի բարեկամությունը ողորմելի փշրանքների դիմաց վաճառվում է Արևմուտքին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ «Ինչպես վատնել երկիրը խոստումների դիմաց» դասագրքի համահեղինակ։ Վերջերս Բրյուսելում նա մասնակցել է «բարձր մակարդակի» հանդիպման, որը նրա հետ անցկացրել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ Դրանից հետո Նիկոլ Վովաևիչը, ոգեշնչված և ինչ-որ տեղ նույնիսկ թափ առած, հայտարարել է, թե Հայաստանի համար սկսվում է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդլայնման նոր դարաշրջան։ Նա նաև ընդգծել է, թե Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման գործում։

Ճիշտ է, այդ հանդիպման մասնակիցների ընկալմամբ, ժողովրդավարության զարգացումը, որպես դրա հիմնական բաղադրիչ, ներառում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը։ Այնտեղ, Արևմուտքում դա այդպես է ընդունված։ Ընդ որում, Հայաստանում ժողովրդավարությունն այնքան կարևոր է Արևմուտքի համար, որ նրանք նույնիսկ չեն խնայել «ոսկու անձրևի» խոստումները։ Ինքը՝ Փաշինյանը, բանակցություններն անվանել է «գերազանց» և վստահեցրել, որ քաղաքական մեծ հաղթանակ է տարել։ Իսկ իրականում նա աճուրդի է հանել Հայաստանը, որ ինչ-որ ողորմելի փշրանքներով «ծախվի» Արևմուտքին։ ԵՄ-ն առաջիկա 4 տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ, ԱՄՆ-ը 65 մլն դոլար կներդնի Հայաստանի տնտեսության մեջ։ 335 միլիոն եվրո և դոլար, այդքա՞նը: Իսկ ի՞նչ էիր ուզում:

Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ը ամենաուրախ ու հեշտ ժամանակները չեն ապրում, կա Զելենսկու ռեժիմին հսկայական գումարներ տալու անհրաժեշտություն, սեփական տնտեսություններում իրավիճակն այն չէ, առկա են հսկայական պարտքեր: Թող հայերը տվածի համար շնորհակալ լինեն: Եվ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ու խոնարհվում: Բայց ժողովրդավարության անվան տակ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման բանալին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումն է, որը Փաշինյանի իշխանությունն արդեն սկսել է իրականացնել։ Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն միլիարդավոր դոլարների օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ և ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցությունից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները:

Իրոք, Հայաստանի արտաքին առևտրի համար Ռուսաստանին փոխարինող չկա, Ռուսաստանի մասնաբաժինը դրանում 35,3 % է, ԱՄՆ-ինը՝ 3,2 %, իսկ ԵՄ երկրներինը՝ գումարային 12,9 %: Միևնույն ժամանակ, Հայաստանում ռուսական ներդրումները անհասկանալի վերացական բարեփոխումային դրամաշնորհներ չեն, այլ կոնկրետ ներդրումներ ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերում, աշխատատեղերում, ինչով «քաղաքացիական հասարակության» ստեղծմամբ զբաղվող եվրոպացիներն ու ամերիկացիները չեն կարող պարծենալ: Նրանց տնտեսապես ուժեղ Հայաստան պետք չէ, ընդհակառակը, նրանք մտադիր են այն դարձնել ամբողջովին Արևմուտքից կախված վասալի:

Հայաստանի զարգացումն ակնհայտորեն չի հետաքրքրում ո՛չ օտար «հովանավորներին», ո՛չ էլ հենց իրեն՝ «սորոսի շրջանավարտ» Փաշինյանին։ Նրա՝ իշխանության գալու պահից Հայաստանում սկսվեց միանգամայն անսանձ ռուսաֆոբ արշավ։ Փաշինյանի բոլոր ձախողումների համար, որոնք ցանկության դեպքում, անշուշտ, ըստ Քրեական օրենսգրքի, կարող են որակվել նույնիսկ որպես «պետական դավաճանություն», Սորոսի կառույցներն ու քարոզիչները պաշտոնական ու ոչ պաշտոնական լրատվամիջոցներում մեղադրում են Ռուսաստանին։ Եվ զարմանալի չէ, որ նրանց ջանքերն ապարդյուն չեն անցել, ըստ սոցհարցումների, բնակչության վերաբերմունքը ռուսական պետության նկատմամբ ժամանակի ընթացքում արմատապես փոխվել է:

Օրինակ՝ Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով 78,1 %-ով Ֆրանսիան է ճանաչվել Հայաստանի համար ամենաբարյացակամ երկիր, իսկ Ռուսաստանն ունի միայն 29,7 %: Բայց առաջ թվերը բոլորովին այլ էին։ 2015 թվականին հարցվածների 86 %-ը Ռուսաստանն է համարել ամենաբարեկամ երկիրը, 2022 թվականին՝ 56 %-ը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Հայաստանի կառավարությունը գլխավորել է 2018 թվականից: «Այսօր արդեն համարվում է, եթե լսեք Փաշինյանին ու նրա թիմի անդամներին, որ Ռուսաստանն այլևս դաշնակից չէ։ Նրանք հեռանում են Ռուսաստանի հետ դաշինքից, Ռուսաստանի հետ դաշինք արդեն չկա և դրա կարիքը ևս չկա։ Նրանք փորձում են վերաձևել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այլ նաև ուզում են վերաձևել հայ ժողովրդի գիտակցությունը, և պետք է ասել, որ շատ բան հաջողվում է», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը:

Թողե՛ք, Կոնստանտին Ֆյոդորովիչ, Փաշինյանի թիմին դա գրեթե ամբողջությամբ է հաջողվել։ Հիմա նույն թիմը եռանդով առաջ է մղում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գաղափարը (հավանաբար, Ուկրաինայից անմիջապես հետո, այսինքն՝ երբեք): Բայց, օրինակ՝ նրանք կարող են հասնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի: Իշխանավորները այդ ցանկալիությունը բացարձակապես չեն էլ թաքցնում, բայց լռում են այն մասին, որ եթե դա կյանքի կոչվի, ապա Հայաստանի երիտասարդությունը կմեկնի Եվրոպա, իսկ առանց այդ էլ նոսր բնակեցված երկիրը պարզապես կդառնա անմարդաբնակ: Եվ, հետևաբար, երկրի իրավունքները, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու հնարավորությունը, որն առանց այն էլ քիչ է, էլ ավելի կնվազի։ Իսկ գուցե հենց դա էլ Փաշինյանի ու իր թիմի նպատա՞կն է։ Եթե այդպես է, ապա նրանք ամեն ինչ ճիշտ են անում։

P.S. - Հիշու՞մ եք, երբ Փաշինյանը 2018-ի գարնանը իշխանության էր ձգտում, ինչպես էր թատերականորեն թափահարում վիրակապված ձեռքերը, որի վրա իբր «կտրած վերքեր» են առաջացել, երբ «ինքը ձեռքերով բռնեց փշալարից»: Հիմա նայեք նրա ձեռքերին, որոնց վրա «կտրված վերքերի» հետքեր չկան (փշալարն այնպիսի սպիներ է թողնում, որոնք նույնիսկ չեն անհետանում 10 տարի անց), իսկ հետո նայեք նրա աչքերին, որոնք «երբեք չեն ստել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular