ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ազնվորեն պայքարում ենք մեր` ընդամենը աշխատելու իրավունքի համար․ «Գոյ» թատրոնի դերասան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գոյ» թատրոնը շարունակում է իր պայքարը՝ հանուն թատրոնի պահպանման։ Դերասանները նստացույց են անում, հանրային տիրույթում բարձրացնում են իրենց խնդիրը։ Թեմայի վերաբերյալ 1or.am-ը զրուցել է թատրոնի դերասան Սամվել Թոփալյանի հետ։

- Պարո՛ն Թոփալյան, ինչո՞ւ հենց «Գոյ» թատրոնը հայտնվեց թիրախում։

- Դե իրենք հստակ են ասում՝ ՊՈԱԿ-ներ են օպտիմալացնում։ Իրականում, եթե մի բան լավ բանի համար է արվում, բոլորս էլ գիտակից մարդիկ ենք` կընդունենք ու կհասկանանք, բայց մենք վստահ ենք, որ դա լավ միտում չունի։ Առավել ևս, Սունդուկյանի հետ միացնելու այս ծրագիրը, մեզ այնտեղ չեն սպասում, գրկաբաց չեն ընդունում։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ դուռը փակեցին մեր առաջ և այլն։ Հաշվի առնելով այս ամենը` մենք այդ օպտիմալացման դեմ բողոքում ենք։

- Ո՞րն է «Գոյ» թատրոնի օպտիմալացման հետ չհամակերպվելու հիմնական պատճառը և ի՞նչ պահանջ ունեք։

- Ես հստակ գիտեմ, որ այդ գեղեցիկ, պուպուշ բառերի տակ ոչ մի լավ միտում չկա։ Մեր առաջ մի օրինակ արդեն ունենք՝ Կամերային երաժշտական թատրոնի տեսքով։ Սա տանելու է միայն վերացման, ջնջման։ Մեր պահանջը շատ հստակ է և պարզ՝ լինենք այն տարածքում, որտեղ 35 տարի ստեղծագործել և արարել ենք։ Կայացած թատրոն է, ուղղակի ուզում ենք նույն տարածքում հանդես գալ, որպես մասնավոր թատրոն։ Այսինքն՝ ոչ պետական աջակցությամբ աշխատել և արարել մեր տարածքում։

- Կամերային երաժշտության թատրոնն օպտիմալացման շրջանակներում միացել է Հակոբ Պարոնյանի անվան կամերային երաժշտական թատրոնին, բայց այնտեղ, ի սկզբանե, բեմի տրամադրման խնդիր կար և այլ տեխնիկական հարցեր։ Հիմա Սունդուկյանը պատրա՞ստ է «Գոյ» թատրոնին բեմը տրամադրել՝ հաշվի առնելով իր հագեցած խաղացանկը։

- Ես Կամերային երաժշտության թատրոնի օրինակը բերեցի ընդգծելու համար, որ հստակ, նույն ճակատագրին է արժանանալու «Գոյը»։ Մնացածը չգիտեմ, բայց արդյունքը լինելու է այն, ինչ տեսնում ենք։

- «Գոյ»-ում կայի՞ն ներկայացումներ, որ քաղաքական բնույթ ունեին և կարող էին խանգարել իշխանությանը։

- Ոչ մի ներկայացում միտումնավոր քաղաքական բնույթ չի ունեցել։ Իհարկե, ներկայացումների մեջ կան քննադատական տեքստեր, որը մենք 15 տարի առաջ էլ ենք խաղացել, դրանցից ավելի քննադատական ներկայացումներ Երևանում չկային։

- Մի հարց էլ Ձեր և Տիգրան Մանսուրյանի ստորագրահավաքին միանալու,   իսկ հետո հետ կանչելու մասին։ Ինչո՞ւ մաեստրոն այդպես արձագանքեց։

- Մաեստրոն այն կերպարն է, որ չեմ ուզում թեման արծարծվի, կցանկանայի, որ աղմուկը նվազեր։ Եղել է այնպես, ինչպես ասել եմ, ներկայացրել եմ, որ «Գոյ» թատրոնի հարցն է, ուզում ենք, նույն տարածքում մնանք, որպես մասնավոր թատրոն, աշխատենք ինքնաֆինանսավորմամբ։

- Եվ վերջում, այդ ստորագրություններից, նստացույցից, հանրությունից ի՞նչ արձագանք եք ակնկալում։

- Մեր օրերում, և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ոչ մի տրամաբանական քայլերի և երևույթների հաջորդականություն չկա, այսօր կարող է սա լինել, վաղը՝ նա։ Այսինքն չես կարող պլանավորել՝ այսօր սա կանեմ, վաղը՝ նա։ Չկա նման բան, մենք ազնվորեն պայքարում ենք մեր` ընդամենը աշխատելու իրավունքի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular