ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վճռվում և որոշվում է հայոց կյանքը․ Բագրատ սրբազանը Ոսկեպարում քարոզ է կարդացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագից հետո քարոզ է արել։

Սրբազանի խոսքով՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով օծված և հայությանը որպես ժառանգություն կտակված Ոսկեպարի եկեղեցին խորհրդանիշ է դարձել։ Բագրատ եպիսկոպոսն այն նաև դեռևս սահմանապահ տաճար անվանեց։

«Ձեր մտքերը թող չխանգարվեն «դեռևս» բառից, այդպես ասելով նկատի ունեմ, որ Աստծո կամոք ժամանակի ընթացքում այս տաճարը կդառնա ոչ թե սահմանապահ, այլ համայնքի կենտրոնը»,- քարոզի ընթացքում ասաց հոգևորականը։

«Դա տեղի կունենա մեր պատասխանատվությամբ, զոհաբերությամբ և հանձնառությամբ։ Կամ և մնում եմ Տիրոջ ծառան, և թող այդ բոլորը պատահեն ինձ։ Սա ճշմարտությանը հանձնվելու մեծագույն սխրանք է և քայլ։ Աստվածամայրը երկնքի և երկրի սահմանը ջերմությամբ է պահում, մեզ ներառում իր մեջ, մեզ համար բարեխոսում երկնքում ու երկնքի շնորհները հեղում մեզ վրա՝ որպես հովանավոր մայրը մեր բոլորի»,- նշեց Սրբազանը։

Նա վստահեցրեց՝ Ոսկեպարի եկեղեցին էլ, որը սահմանագծում է, խոսում է այդ հովանավորության, շնորհներ բաշխելու, պաշտպանության, նաև կյանքի վերածննդի խորհրդանիշը լինելու մասին։

«Այս փոքրիկ տաճարը, ինչպես Աստվածամայրն էր, այսօր իր թևերը տարածել է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Հենց այս տաճարը հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հովանավորը, խորհրդանիշը, ինչպես նաև պաշտպանն ու զորությունը։ Այդպիսով այն կարող է նույնիսկ մեր հաղթանակի խորհրդանիշը դառնալ։ Այստեղ է վճռվում հայոց կյանքը, նույնիսկ չեմ ասում ապագա կյանքը, այլ այսօրվանը, և այսօրվանից բխած գալիքը»,- ասաց Տեր Բագրատ եպիսկոպոսը։

Հայր Սուրբը շեշտեց՝ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր վճռական ժամանակներում են ապրում, իսկ Ոսկեպարը դադարել է ուղղակի գյուղ, աշխարհագրական տարածք լինել, այն պայքարի և հաղթանակի խորհրդանիշ է դարձել։ Նրա պնդմամբ՝ Ոսկեպարը մինչ այս պահը կարողացել է բեկել թշնամական ծրագրերը և այն կկարողանա հայության հաղթանակի միջոցը դառնալ։

Քարոզից զատ Բագրատ Սրբազանը նաև շնորհավորեց հայ կանանց Ավետման տոնի առթիվ և շեշտեց՝ հենց նրանք են ամենապատասխանատու և դժվարին ժամանակներում ոգեշնչում հայ քաջորդիներին հաղթանակների։ Նրա խոսքով՝ այսօր իրենք են սեփական ուսերի վրա կրում համայն հայության բեռը ու կանայք են լինելու հայի կյանքի ազատագրման և փրկության միջոցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular