ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


57-ամյա Մարտիկ Ավետիսյանը սպանվել է տան բակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտիկ Ավետիսյանը կնոջ և երեք երեխաների հետ ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ 2020թ․ արցախյան պատերազմի օրերին Մարտիկ Ավետիսյանը կնոջն ու երեխաներին տեղափոխում է Ստեփանակերտ, իսկ ինքը վերադառնում է Տող։ 2020թ․ հոկտեմբերի 21-ին գյուղ ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը սեփական տանը սպանում են 57-ամյա Մարտիկ Ավետիսյանին։

Մարտիկ Ավետիսյանը ծնվել է 1963 թվականին Տող գյուղում։ Երկար տարիներ ապրել և աշխատել է Ռուսաստանում, սակայն վերջին տարիներին մշտապես Տողում է եղել, հող է մշակել, անասնապահությամբ զբաղվել։ 2003 թվականին ամուսնացել է, կինը՝ Էվելինան, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է։ 

Վերջինս «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ երբ ադրբեջանցիները, գրավելով Հադրութի շրջանի մի շարք բնակավայրեր, արդեն իսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա են եղել իրենց գյուղից, Տողի համայնքապետը եկել է իրենց տուն և ասել, որ պետք է տարհանվեն գյուղից։ Այդ ժամանակ Մարտիկ Ավետիսյանն ու իր ավագ որդին՝ 16-ամյա Նորայրը, եղել են իրենց այգում, որն իրենց տնից շատ հեռու է։ Էվելինան ամուսնուն ասել է Տողից դուրս գալու անհրաժեշտության մասին, սակայն Մարտիկ Ավետիսյանը չի ցանկացել լքել գյուղը։

«Գնացել եմ ամուսնուս մոտ, ասել եմ՝ թուրքը գալիս ա, մտել են Հադրութ։ Ասում ա՝ թուրքը ոնց կարա հասնի ստեղ։ Ասում եմ՝ արի գոնե էրեխուն բերենք տուն, հետո մի բան կմտածենք։ Վերջը զոռով բերում եմ տուն ամուսնուս ու էրեխուն։ Մի օր մնում ենք։ Հաջորդ օրը քույրս էլ ա զանգում, ասում ա՝ էրեխեքը մեղք են, ամուսնուդ համոզի՛, դու՛րս եկեք գյուղից։ Ասում եմ՝ Մարտիկն ասում ա, բենզին չունեմ։ Հետո քույրս զանգում ա մեր գյուղապետին, գյուղապետն էլ ասում ա՝ թող գան, ես իրենց բենզին կտամ, մենակ թե էրեխեքին ու կնոջը դուրս հանի գյուղից»,- հիշում է Էվելինան։ 

Տող համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ գյուղից կանանց և երեխաների տարհանումը սկսել են սեպտեմբերի 28-ից, իսկ հոկտեմբերից 10-ից հետո, երբ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները գրավել են շրջկենտրոն Հադրութ քաղաքը, Տողում շատ քիչ բնակիչներ են մնացել։ Համայնքապետը նշում է, որ իրենք բենզին են տվել Մարտիկ Ավետիսյանին, և նա իր ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին կնոջն ու երեխաներին տեղափոխել է Ստեփանակերտ, սակայն հետո ինքը միայնակ վերադարձել է։ Գյուղ վերադառնալուց հետո Վարդան Գրիգորյանը Մարտիկ Ավետիսյանին չի տեսել, սակայն գիտի, որ տանը շատ չէր մնում, գնում էր այգին գործ անելու։

«Ինքն ու իրա ընտանիքը շատ դժվարությամբ դուրս եկան։ Չէին ուզում գնային գյուղից, չէին պատկերացնում, թե ինչեր կարող էին պատահել։ Վերջը, 3-4 անգամ գնալ-գալուց հետո մի կերպ համոզվեցին ու դուրս եկան։ Մարդ ուղարկեցի, բենզին տարան։ Իր ավտոյով ընտանիքին տարավ Ստեփանակերտ ու հետ եկավ»,- ասում է Վարդան Գրիգորյանը։

Էվելինան պատմում է, որ Ստեփանակերտ գալուց հետո Մարտիկ Ավետիսյանը ծանոթ մարդ է գտել, ընտանիքին նստեցրել մեքենան և ուղարկել Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղ։ Գնալուց առաջ Էվելինան համոզել է ամուսնուն, որ նա էլ չվերադառնա Տող, սակայն Մարտիկ Ավետիսյանը չի լսել կնոջը և գնացել է։

«Ասում էր՝ ամոթ չի՞, թուրքը մտնի գյուղ, ես էնտեղից փախնեմ, ես իմ գյուղը չեմ թողելու, ոչ մի բան էլ չի լինի»,- ամուսնու խոսքերն է հիշում Էվելինան։ 

Նա ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին։ Երեխաների և կնոջ որպիսությամբ է հետաքրքրվել, հարցրել է, թե ինչպես են տեղավորվել։ Իսկ ինքը պատմել է, որ իրադրությունն արդեն ծանր է, ադրբեջանցիները մոտեցել են գյուղին։ Կնոջ հարցին, թե ինչու դուրս չի գալիս գյուղից, Մարտիկ Ավետիսյանը կրկին ասել է, որ իր տնից ոչ մի տեղ չի գնալու։ Դրանից հետո Արցախում գտնվող իրենց ծանոթներից Էվելինան փորձել է տեղեկություններ ճշտել ամուսնու մասին, սակայն ոչ ոք ոչինչ չի իմացել։

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը գրոհում են Տողը, իսկ երեկոյան այն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020թ․ դեկտեմբերի 19-ին որոնողական աշխատանքների ժամանակ իր տան բակից հայտնաբերվում է Մարտիկ Ավետիսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Մի քանի օր անց Մարտիկ Ավետիսյանին հուղարկավորել են Երևանում։

Նախորդ տարվա սեպտեմբերից 42-ամյա Էվելինան իր երեխաների՝ 18-ամյա Նորայրի, 12-ամյա Նատաշայի և 9-ամյա Դիմայի հետ բնակվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ մեկ սենյականոց բնակարանում։

44-օրյա պատերազմի ընթացքում Տող գյուղում Մարտիկ Ավետիսյանից բացի ադրբեջանցիները սպանել են նաև 83-ամյա Ռադիկ Ստեփանյանին։ Նրա պատմությանը ևս առաջիկայում կանդրադառնանք։ «Հետքը» շարունակում է ներկայացնել պատերազմի ընթացքում սպանված քաղաքացիական անձանց պատմությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular