ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 666 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1 տոկոսով: 2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում:  

Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։ Տարեկան հաղորդման մեջ նշված է, որ հանցագործության 40 հազար 666 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 80.9 տոկոսը, ոչ մեծ (20.024 դեպք կամ 49.3 տոկոսը) և միջին ծանրության (12.848 դեպք կամ 31.6 տոկոսը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները։

Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 4.1 տոկոս (2022 թվականին՝ 2.3 տոկոս), իսկ ծանր հանցագործությունները՝ 15.0 տոկոս (2022 թվականին՝ 13.5 տոկոս):

«2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, այսինքն՝ 100.000 բնակչին բաժին է ընկնում 1357 դեպք (2022 թվականին՝ 1263): Նշված դեպքերից 20.231-ը՝ Երևան քաղաքում (2022 թվականին՝ 21.604): 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1 տոկոսով»,- նշված է գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

Գլխավոր դատախազության հաղորդման համաձայն՝ նախորդ տարի աճել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:

«2022 թվականի համեմատությամբ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 1257-ով կամ 5.9 տոկոսով (2022 թվականին՝ 21.281, 2023 թվականին՝ 20.024), միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2477-ով (2022 թվականին՝ 10.371, 2023 թվականին՝ 12.848) կամ 23.9 տոկոսով, ծանր հանցագործությունների դեպքերը՝ 1036-ով կամ 20.4 տոկոսով (2022 թվականին՝ 5080, 2023 թվականին՝ 6116), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 798-ով կամ 90.7 տոկոսով (2022 թվականին՝ 880, 2023 թվականին՝ 1678): Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի էական՝ 798 դեպքով աճը հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645-ով կամ 119.0 տոկոսով): Դրանցից 1132-ը հանկարծամահության դեպքեր են, որոնք մինչև 2022 թվականի 2-րդ կիսամյակ որպես հանցագործության դեպքեր չէին հաշվառվում։ Հետևաբար, կարելի է փաստել, որ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործության դեպք (2022 թվականին՝ 396 դեպք)»,- ասված է գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։

Ըստ գլխավոր դատախազության տարեկան հաղորդման՝ 2013-2023 թվականների հանցավորության կառուցվածքը վկայում է, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 17.4 տոկոս: Մինչդեռ, 2023 թվականին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 19.1 տոկոսը:

«Վերջին 10 տարվա ընթացքում նշված ցուցանիշից ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել է 2014 թվականին՝ 19.9 տոկոս և 2015 թվականին՝ 20.0 տոկոս»,- ասված է Գլխավոր դատախազության հաղորդման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular