Այսօրվանից Գերմանիայում կանեփի «ազատականացման» մասին օրենքը ուժի մեջ մտավ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 1-ից կանեփը հանվել է արգելված նյութերի ցանկից, և չափահաս անձանց թույլատրվում է իրենց օգտագործման համար որոշակի քանակությամբ մարիխուանա պահել և աճեցնել։ Մեծահասակներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ մինչև 25 գրամ կանեփ, իսկ տանը՝ մինչև 50 գրամ:
Բացի այդ, սեփական այգում թույլատրվում է աճեցնել կանեփի մինչև երեք թուփ՝ անձնական օգտագործման համար։
Հասարակական վայրերում կարելի է կանեփ ծխել, սակայն դրա օգտագործումն արգելվում է դպրոցների, մանկապարտեզների, խաղահրապարակների, երիտասարդական և մարզական հաստատությունների մուտքից 200 մետր շառավղով, ինչպես նաև՝ մեքենա վարելիս։
Դեռևս արգելված է կանեփի ներմուծումը Գերմանիա՝ անկախ քաշից։ Յուրաքանչյուր ոք, ով, օրինակ, հարևան Նիդեռլանդներից «խոտ» կգնի և այն կբերի Գերմանիա, կենթարկվի տուգանքի կամ ազատազրկման։