Ադրբեջանական մոտիվներով հեթական ջղաձգումները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է բավական նյարդային վիճակում, ակնհայտ դարձավ Կառավարության վերջին նիստում նրա պահվածքից։
Փաշինյանի տեսակը և նրա կողմից իրականացված քայլերը ճանաչող յուրաքանչյուր ոք կվկայի, որ նախօրեին նա գտնվում էր անադեկվատ վիճակում և փաստացի կորցրել էր ինքնատիրապետումը։
Թերևս հենց դրանով էր պայմանավորված, որ իր այդ անհավասարակշիռ վիճակը հանգուցալուծվեց պոռթկմամբ, որի թիրախում հերթական անգամ Արցախն էր ու արցախցին՝ տվյալ դեպքում Արցախի իշխանությունները։
Փաշինյանը՝ դեմքի լուրջ արտահայտությամբ, ուղղակի ցուցում իջեցրեց իրավապահ համակարգին՝ Արցախի իշխանությունների կողմից վտարանդի կառավարության մասին թեզը որակելով որպես «ՀՀ անվտանգությանն ուղղված սպառնալիք»։
Գաղտնիք չէ, որ փաշինյանական վախերի մեջ առանձնահատուկ տեղ ունի Արցախը և նրա հետ փոխկապակցված յուրաքանչյուր դրվագ, ուստի պատահական չէ, որ օրերս ֆրանսիական «La Figaro» պարբերականին տված հարցազրույցում Սամվել Շահրամնայանի դիտարկումներն այդքան ցավեցրել էր Նիկոլին։ Հենց այդ էր պատճառը, որ նա նման ագրեսիվ տոնով խոսեց այդ դրվագի մասին։
Ըստ էության, Արցախի իշխանությունների կողմից նման ձևակերպումը Փաշինյանի առաջիկա պլանների համար ուղղակի գլխացավանք է, քանի որ, երբ նա հայտարարում է, թե «Արցախն Ադդրբեջան է», ուստի ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, որ, իր բնորոշմամբ, «եսիմինչ» կառավարություն, հայտնվի ու խոսի Արցախի անունից, այն դեպքում, երբ Փաշինյան Նիկոլը կես տարուց ավելի է իր համար փակել է Արցախի էջը, իսկ հիմա համայն հայությանն է պարտադրում չխոսել այդ մասին։
Փաշինյանն այս ամենը հերթական անգամ մեկնաբանում է պատերազմի սպառնալիքով։ Ճիշտ նույն կերպ, երբ 2023-ի սեպտեմբերին ուղիղ եթերում ասում էր, թե «Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի» մեջ։ Սա Ադրբեջանից եկող հերթական ցուցումն է, որպեսզի կանխվի, ինչպես Փաշինյանն ու Ալիևը միաձայն հայտարարում են, «ռևանշիստական» դրսևորումները։
Բացի այդ, փաշինյանական նյարդայնացման մյուս հանգամանքը Տավուշում ստեղծված փակուղային իրավիճակն է, երբ՝ հասկանալով, որ տեղի ուենցածն այդքան էլ միանշանակ չի ընդունվում հանրային լայն շրջանակներում, Փաշինյանը փորձում է խաղալ միանգամից մի քանի պարտիա, որպեսզի համընդհանուր կոնսոլիդացիայի յուրաքանչյուր շանս տեղում «բլոկվի»։
Իսկ այն ինչ այսօր կատարվում է Տավուշում, խոսում է այն մասին, որ տավուշցիները սյունեցիների օրինակով չեն պատրաստվում գլխահակ հեռանալ և պատրաստվում են պայքարել սեփական տան համար՝ ինչքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ուղիղ եթերներում քարտեզներ տիրաժավորեն և մարդկանց արհեստական օրակարգերում համոզեն։
Գրեթե նույն օպերայի շարունակությունն է նաև ընդհանուր քաղաքական ներկապնակում տեղի ուենցող ձերբակալությունների շղթան և տարբեր իմիտացիաները, որոնց ականատես ենք լինում այս ընթացքում։
Արմեն Հովասափյան