ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Հույս ունեինք, որ կլավանա, առաջ կգնա, ու չնայած ծանր այրվածքներով, բայց 30-ամյակը կնշենք»,-MediaHub-ի հետ զրույցում ընտանիքի ողբերգական պատմությունն է ներկայացնում Հադրութից տեղահանված Ռոբերտ Օհանյանը։ 

Որդին՝ Հարութը, որ հոր խոսքով բարի սիրտ ուներ ու օգնում էր բոլորին, մի օր ինքն էլ օգնության կարիք ուներ. «Ուզում էր փրկվել, բայց Աստված շատ համարեց։ Ինքը թե՛ գյուղում և թե՛ Ստեփանակերտում մեծից փոքր օգնում էր բոլորին։ Բլոկադայի ժամանակ իր մեքենայով անծանոթ մարդկանց տեղից տեղ էր տանում։ Միշտ ասում էր, մի օր Աստված մեր դեմը կբերի»,-հիշում է մեր զրուցակիցը։ 

Օհանյանների ընտանիքը 2020 թվականին Հադրութի շրջանի Տումի գյուղից տեղահանվել ու բնակություն էին հաստատել Ստեփանակերտում։ Այնտեղ էլ Հարութն իր մարդամոտ բնավորության շնորհիվ արագ համակերպվել է նոր միջավայրին, ընկերներ ձեռք բերել։ Նա, որ առողջական խնդիրների պատճառով ազատվել էր ժամկետային ծառայությունից, 44-օրյայի ժամանակ կամավոր հիմունքներով է մասնակցել, մինչև վերջին օրը մնացել Լիսագորի դիրքերում։ 

«Շատ էր սիրում կյանքը, գնահատում ամեն վայրկյանը, հարգանքով էր բոլորի հետ։ Սեպտեմբերի 25-ին աղետի վայրում ստացած այրվածքներից հետո 2 ամիս տանջվեց հիվանդանոցում, բայց չդիմացավ»։ 

Հայրն ասում է, որ երբ Հարութը լսել է սեպտեմբերյան մարտերի ժամանակ հերոսաբար զոհված ընկերոջ՝ Յուրի Օհանջանյանի մասին,  մեծ վիշտ է ապրել, շատ է տառապել։ 

«Նա Յուրիից մոտ 10 տարով մեծ էր, բայց փոքր ժամանակից ինքն է պահել, մեր տանն է մեծացել։ Շատ կապված էին իրար։ Յուրիի անունը տալիս արտասվում էր։ Հալալ եղբայրների պես էին։ Գնաց, որ ընկերը մենակ չմնա»,-արտասվում է մեր զրուցակիցը։ 

2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Հարութը շարունակել է իր հումանիտար կամավորությունը՝ ապաստարաններում պատսպարված հայրենակիցների նկատմամբ.

«Մեր «սկորի պոմոշն» էր։ Փափուկ «ադեալներ» ու դոշակներ էր բերում երեխաներին, այստեղից-այնտեղից ուտելիք էր հայթայթում, ջուր էր բերում, երեխաների հետ էր խաղում, զբաղեցնում նրանց։ Բայց երբ եկավ Ստեփանակերտը լքելու մեր հերթը, գնաց վառելիք բերելու», հիշում է Հարութի հայրը։

Հայկազովում տեղի ունեցած պայթյունի պահին Հարութը եղել է աղետի վայրում։ Ծանր այրվածքներ է ստացել, ուժ է գտել իր մեջ ու դուրս եկել «պանելների» տակից, իր ոտքով հասել մայրուղի։ Հոր խոսքով՝ 4 մեքենա է փորձել կանգնեցնել, նրանք սակայն չեն կանգնել, մի վարորդ օգնել է տղային ու տեղափոխել հիվանդանոց։ 

«Հարութը այդ վարորդի հեռախոսով զանգել է եղբորը՝ Ռոմային ու պատմել կատարվածը։ Ասել է՝ եկեք հիվանդանոց, միասին տուն գնանք։ Երբ գնացել եմ հիվանդանոց խելագարվելու տեսարան էր։ Ամբողջ ընդունարանը, միջանցքներն ու հիվանդասենյակներն արյան մեջ էին ու բոլորը գոռում էին։ Հարութը 75% այրվածք էր ստացել։ Հաջորդ օրը, երբ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան, այստեղ ապրեց 2 ամիս։ Քանի որ վնասվածքները շատ էր, բժիշկները Ռոմայի մաշկից կտրել ու տեղադրել են Հարութի մաշկի վրա։ Դանդաղ, բայց առաջ էր գնում»։ 

Իր 30-ամյակից 3 շաբաթ առաջ հիվանդանոցում Հարութի մոտ սրտի կանգ է գրանցվում, ծնողների սպասումներն ու չարչարանքները զրոյանում են. 

«Մինչև հիմա մարդիկ են գալիս մեր տուն, որոնց չենք ճանաչում, բոլորը Հարութի ընկերներն ու մտերիմներն են։ Մի օր զանգ ստացանք, մի աղջիկ էր, Հարութիս ընտրյալը, ասաց, որ սիրել է մեր տղային, բայց հուղարկավորմանը սիրտ չի արել ներկայանալ՝ մեզ ցավ չտալու համար»,-ասաց Ռոբերտ Օհանյանը։ 

Պատերազմն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը հարյուրավոր ընտանիքների դժբախտության պատճառ դարձան։ Դեպքից 6 ամիս անց, Օհանյանների ընտանիքում առաջին օրվա պես կորուստի ցավը նույն ուժգնությունն ունի...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular