ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին հանգստացնում են ԵՄ երազանքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանի անդամները բանաձև են ընդունել, որով կոչ է արվում ավելի սերտ կապեր հաստատել ԵՄ-ի և Հայաստանի միջև, ընդհուպ մինչև նրան անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալը, ինչպես նաև Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը,- գրում է ng.ru-ն:

Ինչպես նշված է փաստաթղթում, որոշումն ընդունվել է, ի թիվս այլ բաների, հաշվի առնելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը, Ռուսաստանից հանրապետության կախվածության նվազեցումն ու Ֆրանսիայի և ԵՄ այլ երկրների հետ համագործակցության ընդլայնումը։

Բացի այդ, եվրոպացի պատգամավորներն այդ կերպ ցանկանում են Երևանը պաշտպանել Մոսկվայից։ Որպես առաջին քայլ Եվրախորհրդարանն առաջարկում է սկսել հանրապետության համար առանց վիզայի ռեժիմի ներդրման աշխատանքները` նրա հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման և Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունը մինչև 2025 թվականը երկարաձգելու նպատակով։

Եվրախորհրդարանի պատգամավորները ևս մեկ անգամ կոչ են արել ԵՄ երկրներին պատրաստ լինել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե դա սպառնա Հայաստանի ինքնիշխանությանը։ Միևնույն ժամանակ նրանք աջակցում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա` Բաքվի հետ խաղաղություն հաստատելու Երևանի առաջարկին և սահմանները խորհրդային քարտեզներով գծելուն։

«Սա ևս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը։ Եվ ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հասարակության տարբեր շերտերը, քաղաքացիները իրենց վերաբերմունքը կարտահայտեն Եվրախորհրդարանի այս ուղերձին, քանի որ նման ուղերձները պահանջում են շատ ավելի լայն արձագանք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը։ Միևնույն ժամանակ, ես պետք է հայտնեմ կառավարության կամքը` շարունակելու աշխատանքը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաշվի առնելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առկայությունը, որը ստորագրվել է դեռ 2017 թվականին (ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին) և որը հանդիսանում է Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական հիմքը, այս բանաձևը այդ ամենի քաղաքական ամրագրումն է։ Սակայն այս փուլում մենք խոսում ենք միայն այս համաձայնագրի ամբողջական իրականացման, ինչպես նաև ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Ջոնի Մելիքյանը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկին, ապա այդ ժեստը նույնպես պետք է դիտարկել քաղաքական ժեստի և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների հասնելու ցանկության համատեքստում»,- կարծում է փորձագետը։

«Ոչ Երևանում, ոչ էլ ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներում այս հարցը քաղաքական մակարդակով չի արծարծվում։ Եվ դրա զարգացումը մեծապես կապված է Եվրոպայում և մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների հետ, այդ թվում` Եվրախորհրդարանի և ԵՄ մի շարք առանցքային երկրների խորհրդարանների ընտրությունների հետ»,- ընդգծել է Մելիքյանը։

«Եվրախորհրդարանի բանաձևը կարեւոր է Հայաստանի համար»,- ասել է հայ քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը,- երկրի իշխանությունները սա ընկալում են որպես Եվրամիության հետ մերձեցման ևս մեկ քայլ։ Այս թեմայի շուրջ քննարկումները խրախուսվում են կառավարության մակարդակով:

Բայց խոսքը միայն իմիջային պատմության մասին է, այլ ոչ թե իրական եվրոպական ինտեգրման։ Առայժմ Հայաստանը ոչ առանց վիզայի ռեժիմ ունի Եվրամիության հետ, ոչ էլ նրա հետ ասոցացման համաձայնագիր։ Բացի այդ, ԵՄ-ի հետ իրական մերձեցման համար անհրաժեշտ կլինի դուրս գալ բոլոր այն կազմակերպություններից, որոնք վերահսկում է Ռուսաստանը։

Դա առաջին հերթին ԵԱՏՄ-ն է, որը ձեռնտու է Հայաստանին»։ «Եվրոպական ինտեգրումը բարդ և երկարատև գործընթաց է, որը չի որոշվում Եվրախորհրդարանի որոշումներով,- կարծում է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը,- առաջին հերթին, ԵՄ-ն ինքը պետք է երկրին հրավիրի միանալու իր անդամակցությանը։ Երկրորդ հերթին, երկիրը պետք է համապատասխանի Կոպենհագենի չափանիշներին (ժողովրդավարության մակարդակ, օրենքի գերակայություն, մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, բավականաչափ ուժեղ տնտեսություն և այլն): Երրորդ հերթին պետք է հայտ ներկայացնել, թեկնածուի կարգավիճակ ստանալ, սկսել անդամակցության բանակցությունները... այս ամենը տասնամյակներ է պահանջում»։

Մինչդեռ, հանրապետությունը մեկ այլ խնդրի առաջ է կանգնած՝ Ադրբեջանը պահանջում է անհապաղ վերադարձնել Տավուշի մարզի իրեն պատկանող չորս գյուղերն այն սկզբունքներով, որոնց վրա մինչ այժմ հենվել են Հայաստանի իշխանությունները։

Մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե իր երկրում երբեք չեն եղել նման բնակավայրեր, ուստի` Բաքուն կարող է դրանք վերցնել։ Ճիշտ է, դա պետք է տեղի ունենա սահմանների սահմանազատման շրջանակներում։ Բայց դրանից հետո Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող ճանապարհի մի մասը կլինի Ադրբեջանի տարածքում։ Փաշինյանը դրանից չի վախենում, նա պատրաստ է շրջանցիկ ճանապարհ կառուցել:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանություններն առնվազն 2022 թվականի հոկտեմբերից պնդում են սահմանազատում իրականացնել խորհրդային քարտեզներով, Փաշինյանի որոշումը բացասական էմոցիաներ է առաջացրել հանրապետության բազմաթիվ բնակիչների մոտ։ Երևանի փողոցներում մարդիկ խոստովանում են, որ վաղուց փորձում են չլսել վարչապետին, քանի որ նրա խոսքերը մթագնում է իրենց միտքը։

«Կասկած չկա, որ նա պատրաստ է հրաժարվել ամեն ինչից»,- ասել է Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներից մեկը։ Փաշինյանի քաղաքական հակառակորդները ապոկալիպտիկ պատկեր են ներկայացնում: Օրինակ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն ասել է, որ Երևանը ոչ միայն կկորցնի հանրապետությունը Վրաստանի, Եվրամիության և Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհը, այլ նաև կկորցնի արդյունավետ պաշտպանական գիծը ներխուժման դեպքում:

Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշել է, որ իշխանությունները, որոնք մինչև վերջերս, որպես Բաքվի հետ բանակցությունների նախապայման, պահանջում էին զորքերը դուրս բերել 2021-2022 թվականներին իր կողմից գրավված տարածքներից, այսօր իրենք են պատրաստվում միակողմանի տարածքային զիջումների գնալ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաքաղաքացիներին կոչ է արել չկռվել տարածքների համար։ Նրա խոսքով, քանի որ այդ չորս գյուղերը երբեք Հայաստանին չեն պատկանել` պետք է վերադարձվեն։

Միաժամանակ, պատգամավորը հիշեցրել է, որ խնդիր կա հայկական Արծվաշենի անկլավի հետ կապված, որը պաշտոնական Երևանը հույս ունի փոխանակել այլ տարածքի հետ։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը ենթադրել է, որ Եվրախորհրդարանի բանաձևը, ի թիվս այլ հարցերի, անհրաժեշտ է Հայաստանի ներկայիս տարածքային խնդիրները և հանրապետության կառավարության նախկին ձախողումները ստվերելու համար։

«Եվրաինտեգրման մասին խոսակցությունները պետք է շեղեն հայ հասարակության ուշադրությունը Ղարաբաղի կորստից և սահմանամերձ բնակավայրերի գյուղերի հանձնումից։

Սակայն Արևմուտքը Երևանին ընդառաջ է գնում ոչ թե նրա հանդեպ սիրուց դրդված, այլ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման համատեքստում»,- ասել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular