«Սևանի գաղութի» մոտ Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել. վիրավորներ կան
ՖՈՏՈՄարտի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևանի գաղութի» հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Դ. Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Ս.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 27-ամյա Ա. Խ.-ն և 28-ամյա Դ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։