ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վեճ գյուղերի համար. հակամարտության նոր փուլ Հայաստանի և Ադրբեջանի միջև»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտություն կարող է սկսվել, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է ren.tv-ն: Նրա խոսքով, այն կարող է սկսվել շաբաթվա վերջին, եթե Երևանը չկատարի Բաքվի պայմանները սահմանամերձ չորս գյուղեր տալու վերաբերյալ։ Փաշինյանը նաև նշել է, որ նույնիսկ գիտի, թե ինչպես կարող է ավարտվել այդ հակամարտությունը:

Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի նման հայտարարությունը, ինչպե՞ս են դրան արձագանքել Ռուսաստանում և որքանո՞վ է իրական պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ren.tv-ին կարծիքներ են հայտնել քաղաքագետները։

Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը կարծում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր հակամարտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապված է Հայաստանին Արևմուտքի կողմից տված խոստումների էյֆորիայի հետ։ «Վերջերս Եվրամիությունը շատ ուժեղ է հրապուրում Հայաստանին տարբեր բաներով, այդ թվում ռազմական օգնության խոստումներով, հատկապես Ֆրանսիան է ակտիվ այդ հարցում, և ըստ երևույթին, Փաշինյանը էյֆորիայի մեջ է այդ խոստումներից։ Հենց դրա հետ եմ կապում Ադրբեջանի նկատմամբ նրա հռետորաբանության փոփոխությունը և հակամարտության մեջ մտնելու փորձը»,- ren.tv-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետը։

Նույն բանի մասին է ասել նաև քաղաքագետ Ալեքսեյ Յարոշենկոն։ Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը բանակցել է ամերիկացի դեսպանների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր իրեն «ինչ-որ բան են խոստացել»։ «Ամերիկայի տարբեր դեսպաններ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ այցելել են Փաշինյանին, գնացել, եկել են, պայմանավորվել են, ըստ երևույթին նրան ինչ-որ բան են խոստացել»,- ընդգծել է Յարոշենկոն։

Ալեքսեյ Մուխինն էլ նշել է, որ Ադրբեջանի հետ պատերազմի մասին իր հայտարարությամբ Փաշինյանը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը։ «Այդ հռետորաբանությունը, ըստ երևույթին, պետք է ընդգծի, որ Փաշինյանը բրուտալ քաղաքական գործիչ է, և դրանով նա փորձում է տարածաշրջանում, առաջին հերթին իր երկրի տարածքում, հանդես գալ որպես քաղաքական կամքի կրող»,- ասել է Մուխինը։

Միևնույն ժամանակ, փորձագետները Հայաստանի դիրքերը թույլ են գնահատում: Ալեքսեյ Մուխինի խոսքով այս փուլում երկիրն ակնհայտորեն պատրաստ չէ Ադրբեջանի հետ զինված դիմակայության։ Եվ դրա վրա ազդել են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական լուրջ սխալները, ասել է Ալեքսեյ Յարոշենկոն։ Խոսքը, մասնավորապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության կասեցման մասին է։

«Եթե նախկինում Հայաստանը հավակնում էր իր սահմանադրական տարածքին և դա ամրագրված էր միջազգային իրավունքով, ապա այժմ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ պահանջել մի բան, որը երբեք իր մաս չի կազմել, օրինակ սահմանային հողերը, և սա դաս է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել ՀԱՊԿ-ն կամ խզել Ռուսաստանի հետ գործընկերությունը»,- կարծում է փորձագետը։ Միաժամանակ, Յարոշենկոյի խոսքով, Արևմուտքի ներկայացուցիչները, որոնք սկզբում ինչ-որ խոստումներ էին տվել Փաշինյանին, ըստ ամենայնի, այժմ հրաժարվում են դրանք կատարել։ «Նրան ինչ-որ բան են խոստացել, բայց հիմա չեն ուզում կատարել իրենց պարտավորությունները, ինչպես սովորաբար լինում է արևմտյան գործընկերների դեպքում»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Ալեքսեյ Յարոշենկոն նաև կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վտանգը «չափազանց իրական է»։ Նրա խոսքով, Ադրբեջանն ունի դրա համար անհրաժեշտ հնարավորությունները։ «Ադրբեջանը տնտեսական բումի մեջ է, Ալիևը վերջին ռեկորդային մասնակցությամբ նախագահական ընտրություններում ռեկորդային տոկոս է հավաքել, ունի ամենաբարձր վստահությունը, և այդ ալիքի վրա նա, իհարկե, կարող է մեծ ռեսուրսներ ծախսել, որպեսզի մի քանի տարածքի էլ տիրանա, նա կարող է դա իրեն թույլ տալ»,- խոստովանել է քաղաքագետը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը բնակչության կողմից այնքան էլ բարձր աջակցություն չունի, ինչպիսին Ալիևն ունի, նշել է փորձագետը, ինչը թուլացնում է Հայաստանի դիրքերը։

Բացի այդ, ըստ Յարոշենկոյի, Ադրբեջանի ղեկավարը հասկանում է, որ ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը տեր չեն կանգնելու Փաշինյանին։ «Ալիևը հիանալի հասկանում է, որ Արևմուտքը Փաշինյանի կողքին էլ չի կանգնի, և քանի որ Փաշինյանը դադարեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս չի կարող պաշտպանել նրան: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա, պետք է սկսել պատերազմը»,- կարծում է Յարոշենկոն։

Նման կարծիք է հայտնել նաև Ալեքսեյ Մուխինը։ Նրա խոսքով, Ադրբեջանն այս փուլում ակնհայտ առավելություն ունի: «Այս փուլում Ադրբեջանը կշահի ռազմական առճակատումից, քանի որ նա ռազմական իմաստով հստակ առավելություն ունի, ուստի ես մտավախություն ունեմ, որ կողմերն այժմ շատ մոտ են հակամարտությանը»,- եզրափակել է քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular