ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարություններից ու բարի ցանկություններից անդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի՝ տրամագծորեն իրար հակասող ու հաճախ նաև բացառող հայտարարությունների պակաս իր իշխանության 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի եղել, ավելին՝ դրանք գնալով էլ ավելի լայն ու խորքային բնույթ են ստանում։

Դեռևս 2018-ին, ՀՀ-ում իշխանազավթման օրերին, նա հրապարակավ կոկորդ էր պատռում, թե «Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը չի փոխելու», ընդգծում, թե «մեր հարաբերությունները ՌԴ հետ երբևիցե այսքան լավ մակարդակի վրա չեն եղել»։ Իրականում մենք այսօր ականատես ենք լինում լրիվ այլ իրականության։ Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձային փոփոխությունների, զուգահեռաբար՝ Ադրբեջանի պատերազմական սպառնալիքների ու ՀՀ անվտանգության դեֆիցիտի ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երևանյան այցից հետո Փաշինյանը շտապեց Բրյուսել։ Դրանից բացի՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին Բրյուսելում կքննարկեն ՀՀ զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ միջոցառումը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի դիմակայունությունը: Տեղի ուենցածից ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ մանրամասնելով ԵՄ հնարավոր աջակցությունը Հայաստանին անվտանգության ոլորտում, նշել էր, որ ԵՄ-ն կարող է աջակցել դաշտային հիվանդանոցի, պաշտպանական սարքավորումների հարցում, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Նա շեշտել է՝ սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է՝ որպես ամենահրատապ կարիքներ։

Ընդհանրապես եվրոչինովնիկների կողմից «պրոհայկական» հայտարարություններն ու առաջին հայացքից անմեղ ու անկեղծ թվացող հայտարարությունների շարքից է նաև ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այն միտքը, թե «մոտակա ամիսներին ՀՀ-ի հետ կկառուցեն անվտանգության քաղաքականության երկխոսությունը»։

Ի դեպ՝ վերջերս էլ ԵԽ-ն բանաձև հաստատեց՝ Եվրահանձնաժողովին կոչ անելով դիտարկել ՀՀ-ին ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Սրանք տարբեր ցուցիչներ են, որոնք ունեն մի նպատակ․ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, հնարավորինս արագ լուծել Հայաստանը ՌԴ-ից պոկելու օպերացիան, որի հետ կապված նրանք փորձում են անել հնարավոր ամեն ինչ։

 Ըստ էությնան, Արևմուտքը շարունակում է իր դեմոնստրատիվ քայլերը Հայաստանի հանդեպ, որոնք, սակայն, որակապես որևէ արժեք չեն ներկայացնում իրենցից։ Ակնհայտորեն կասկածից վեր է, որ ՀՀ-ն ԵՄ անդամ չի դառնալու, առաջիկայում նաև թեկնածուի կարգավիճակ չի ստանալու, սակայն Արևմուտքը Հայաստանին վստահեցնելու է, որ նա ճիշտ է անում՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելով, որ դա ճիշտ ճանապարհ է։ Սակայն այստեղ կարևոր հարցն այն է, թե Արևմուտքը՝ որպես գործընկեր, ինչ օգուտ է տալիս Հայաստանին կամ ինչպես է ազդում ՀՀ բանակցային դիրքերի վրա, քանի որ հայտարարություններից ու բարի ցանկություններից անդին՝ ոչ մի շոշափելի արդյունք ուղղակի չկա։ Ստացվում է, որ, եթե Ռուսաստանը՝ որպես գործընկեր ու դաշնակից, չի բավարարում մեզ, և Ռուսաստանին են վերագրվում մեզ պատուհասած բոլոր խնդիրները, ապա այսօր մենք դարձյալ խնդիրներ ունենք, սահմանային հարցեր ենք քննարկվում, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե այստեղ Արևմուտքն ինչ դերակատարում ունի։ Փաշինյանի կողմից նման ներկայացուցչական կազմով հանդիպումը մի մասն է բոլոր այն իրադարձությունների, որոնք եղել են վերջերս՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի այց ՀՀ, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում, ԵԽ-ում բանաձև, Ֆրանսիայից սպառազինության գնում, Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի այց ՀՀ և այլն։

Եթե հակիրճ բանաձևում տանք այս ամենին, ապա ընդհանուր առմամբ եվրոպացիները ցանկանում են ցույց տալ, թե ՀՀ մտահոգությունների և խնդիրների ֆոնին Արևմուտքն ինչ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, սակայն աջակցությունն իրականում պետք է լինի ոչ թե հայտարարություններով, հանդիպումներով, այլ՝ արդյունքներով և իրավիճակների վրա ազդեցությամբ, ավելի կարճ՝ «գետնի վրա» ինչ է արվելու, կամ ընդհանրապես ինչ կարող են տեղում անել ու կազմակերպել։

Ի դեպ՝ պատմության դասերը, ցավոք, վկայում են բավականին ցավալի ու ողբերգական հետևանքների մասին․ նշենք, որ վերջին անգամ նման մի սցենար իրականացվում էր 100 տարի առաջ, ինչի արդյունքում ՀՀ պետականությունն ուղղակի վերացավ։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular