ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… Ազատության արձան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ներգաղթյալներ, փախստականներ, զբոսաշրջիկներ, տուն վերադարձողներ. Ազատության արձանն է ողջունում բոլոր նրանց, ովքեր մտնում են Նյու Յորքի նավահանգիստ:

Ազատության արձանը աշխարհի ամենահայտնի արձաններից մեկն է, որը հաճախ անվանում են «Նյու Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ», «Ազատության լեդի»:

Այս արձանը Ֆրանսիայի կառավարությունն է նվիրել ԱՄՆ-ին՝ ի պատիվ Ամերիկայի Անկախության հռչակագրի հարյուրամյակի: Հսկայական այդ կերպարը կոչվում էր «աշխարհը լուսավորող ազատություն» և ստեղծվել է 10 տարվա ընթացքում քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդիի արվեստի ստուդիայում:

Էյֆելյան աշտարակի ստեղծող Գուստավ Էյֆելն էլ նախագծել է արձանի պողպատե ներքին կարկասը: Ի սկզբանե, նախատեսվում էր այդ նվերը ներկայացնել 1876 թվականի հուլիսի 4-ին, սակայն միջոցների սղության պատճառով հետաձգվեց. անհրաժեշտ էր նվիրատվություն հավաքել։

Բայց գործարար ամերիկացիները չէին հասկանում, թե ինչու՞ պետք է ինչ որ ռոմանտիկ ուտոպիայի համար գումար վճարեն։ Եվ Բարտոլդին ստիպված էր նահանգներ ուղարկել արձանի մի մասը՝ 15 մետրանոց աջ ձեռքը և ջահը, որը տեղադրվեց Ֆիլադելֆիայում՝ հարյուրամյակի ցուցահանդեսին։ Ջահի վրա բարձրանալու համար գանձվում էր 50 ցենտ (այն ժամանակ փոքր գումար չէր):

Այնուհետև ջահով ձեռքը տեղափոխվեց  Նյու Յորք և տեղադրվեց Մեդիսոն Սքուեր Գարդենում, սակայն պահանջվող գումարը այդպես էլ չէր հավաքվում: Այդ ժամանակ երիտասարդ լրագրող, «World» թերթի խմբագիր և հրատարակիչ Ջոզեֆ Պուլիտցերը գործի անցավ:

18 տարեկանում նա Հունգարիայից առանց գրոշի էր ժամանել Նյու Յորք և սկսել իր աշխատանքային կարիերան որպես թերթի առաքիչ:

Այնուհետև սկսել էր գրել ոստիկանական քրոնիկոններ, փոքրիկ գրառումներ և բավական արագ դարձել «Նյու Յորք Ուորլդ» թերթի սեփականատերը։ Այսպիսով, Պուլիտցերը միացավ դրամահավաքի արշավին: «Այդ արձանը Ֆրանսիայի միլիոնատերերի նվերը չէ Ամերիկայի միլիոնատերերին,- զայրացած գրեց նա,- այն ֆրանսիացիների նվերն է բոլոր ամերիկացիներին: Սա ընդունեք որպես անձամբ Ձեզ ուղղված կոչ»։

Կարգախոսն աշխատեց և 5 ամսվա ընթացքում հավաքվեց անհրաժեշտ գումարը։ Այդ ակցիան փառք բերեց Պուլիտցերին և թույլ տվեց թերթի տպաքանակը եռապատկել, իսկ ներկայումս Պուլիտցերյան մրցանակը լրագրողների ամենահեղինակավոր մրցանակն է։

Ի վերջո, 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդը ընդունեց Ազատության արձանը Բեդլոու կղզում, որը 1956 թվականին վերանվանվեց հենց Ազատության կղզի՝ ի պատիվ արձանի: Ե՛վ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները համաձայնեցին, որ Նյու Յորքի նավահանգստի մուտքի մոտ գտնվող այդ փոքրիկ կղզին է լավագույնս հարմար Ազատության արձանի համար:

Բարտոլդին նախատեսում էր 47 մ բարձրությամբ արձանը ծածկել 2,4 մմ-ից ոչ ավելի հաստությամբ պղնձե թիթեղներով։ Բարակ պղնձե թիթեղները պետք էր պատրաստել հատուկ փայտե կաղապարների միջոցով։ Արդյունքում Բարտոլդին և նրա օգնականները պատրաստեցին արձանի 350 առանձին մասերը, որոնք 1884 թվականի հուլիսին նավերով ուղարկվեցին ԱՄՆ։

Բեդլո կղզում դրանք հավաքվել են հսկայական շինարարական կոնստրուկտորի նման և դրվել Էյֆելի կողմից պատրաստված պողպատե հենքի վրա: Արձանի հենքը բաղկացած է չորս պողպատե հենարաններից, որոնք ամրացված են պատվանդանին հսկայական պողպատե պտուտակներով:

Արձանին բավարար ամրություն և ճկունություն տալու համար պղնձապատման յուրաքանչյուր տարր ուներ իր անկախ հենքը:

Պղնձի օգտագործումը հեշտացրել է արձանը հավաքելը, քանի որ պղինձը հեշտությամբ թեքվում և կտրվում է, որը հնարավորություն է տալիս հավաքման գործընթացում կատարել մասերի վերջնական ճշգրտում անմիջապես արձանի վրա: Այսպես թե այնպես, Ազատության արձանը, անկասկած, տաղանդավոր ֆրանսիացի ինժեների վարպետության օրինակն է։

Ճարտարապետ Ռիչարդ Հանթի կողմից դասական ոճով պատրաստված պատվանդանով արձանի բարձրությունը հիմքից մինչև ոսկե բոցերի գագաթը 95 մ է: 1986 թվականին՝ իր 100-ամյակի կապակցությամբ, Ազատության արձանը «դիմահարդարվեց»։

Ծովի աղն այնքան էր կոռոզիայի ենթարկել նրա կառուցվածքը, որ լուրջ վերականգնում էր պահանջում: Ամերիկայի քաղաքացիների նվիրատվությունների շնորհիվ հավաքված 2 միլիոն դոլարով էլ իրականացվեցին վերականգնման աշխատանքները:

Այդ արձանը շատ բան է նշանակում Ամերիկայի քաղաքացիների և ոչ միայն նրանց համար: Ատլանտյան օվկիանոսով Ամերիկա հասած շատ ճանապարհորդների համար Ազատության արձանը ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ է:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular