Հայրենիքի փաշինյանական իմիտացիան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀավանաբար շատերն են հիշում, թե ինչպես 2020 թվականից հետո Ադրբեջանը՝ ի թիվս բազմաթիվ քարոզչական մանիպուլյացիաների, հայ-ադրբեջանական սահմանը սկսեց անվանել «ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահման». սա «օվերտոնի պատուհանի» հերթական չափաբաժինն էր, որն իրականացվեց Ալիևի կողմից և փայլուն կերպով ընդունվեց հայկական հանրության կողմից։
Այս ամենը մշտական բնույթ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը «կադաստրի վկայական չունի», այսինքն՝ ինքն էլ իր կողմից ընդունեց, որ մինչև 2020 թվականը որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից չվիճարկված հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է»։ Վառ օրինակը Ներքին Հանդում 4 հայ զինծառայողների սպանությունից հետո տարածված հայտարարությունն է, որում Ադրբեջանը Հայաստանի տարածքում գրաված բարձունքներից հայ զինվորների սպանության վայրը ներկայացրել է որպես «ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահման»։
Թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը նման քարոզչությամբ` հասկանալի է, բայց խնդիրն այն է, որ զուգահեռ Փաշինյանն ինքն է Հայաստանը վերածել պայմանական երկրի, ինչն ամենօրյա ռեժիմով դրսևորվում է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ակնհայտ է, որ այսօր մեր բանակն իրական պաշտպանական գործառույթ է իրականացնում խիստ պայմանականորեն․ արտաքուստ բանակը կա, բայց ֆունկցիոնալ առումով բանակի դերակատարությունը հասցվել է պայմանական զրոյականության։ Այս նոնսենսի ակնհայտ օրինակ է, երբ իշխանությունը սահմանին կանգնած զինվորին սպառնում է թշնամուն կրակելու դեպքում դատել և արգելում է կրակ բացել հակառակորդի ուղղությամբ։
Հաջորդ դրվագում նմանօրինակ մի իրավիճակ է դատական համակարգը, որը վերածվել է ընդդիմադիրներին պատժելու գործիքի․ այսօր Հայաստանում առավել քան երբևէ կան քաղբանտարկյալներ, որոնք զուտ իրենց ազատ խոսքի պատճառով գտնվում են անազատության մեջ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են դատավորները կայացնում խայտառակ վճիռներ, ԲԴԽ-ն էլ դարձել է իշխանության քարոզչական բանակի զինվորներից մեկը։ Այսինքն դատական համակարգն արդարադատություն է իրականացնում խիստ պայմանականորեն։ Ավելի զավեշտալի ու ողբերգական պատկեր է տիրում պառլամենտում, որը սահմանադրորեն պետք է լինի գործադիր իշխանության թիվ մեկ հակակշիռն ու փոխզսպողը, բայց դարձել է կառավարության խամաճիկը` սովորական գրպանային դակիչ։
Եթե կարճ՝ Նիկոլը Հայաստանը վերածել է պայմանական պետության, բայց դրա գլխավոր նպատակն այն է, որ ինքը շարունակի պահպանել իշխանությունը։ Այս իրավիճակում Հայաստանի հասարակությունը գործնականում վերածվել է պայմանական ժողովրդի, որովհետև իրական լինելու դեպքում չէր հանդուրժելու պետությունն այսօրինակ գոյացություն դարձնող իշխանությանը։ Ավելի լայն իմաստով, հիմա ընթանում է ոչ միայն պետության, այլ ընդհանրապես հայկական ինքնության պայմանականացման գործընթացի վերջին արարը, որն իշխանությունը ցանկանում է նշանավորել նոր՝ իրականում կրկին պայմանական Սահմանադրության ընդունմամբ։
Ըստ էության, այսօր հասարակությունն ունի վերջին հնարավորությունն ապացուցելու, որ մեր հայրենիքն իրական տեր ունի. հակառակ դեպքում զրկվելու ենք թե՛ պատմական, թե՛ պայմանական հայրենիքից։
Արմեն Հովասափյան