ՌԴ-ում ընտրողները «զելյոնկա» ու թանաք են լցրել քվեատուփերի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում, Վորոնեժում և Կարաչայ-Չերքեզիայում բացված ընտրատեղամասերում գրանցվել են արդեն օգտագործված քվեաթերթիկները փչացնելու դեպքեր. ընտրողները մոտեցել են քվեատուփերին և «զելյոնկա» ու թանաք լցրել դրանց մեջ: Ինչպես հայտնում է Mash թելեգրամյան ալիքը, երեք օրինախախտն էլ ձերբակալվել են, մեկի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել։
Մասնավորապես Մոսկվայում 20-ամյա Ալինա Ն.-ն «զելյոնկա» է լցրել քվեատուփի մեջ, որում շուրջ 100 քվեաթերթիկ է եղել:
Նա ձերբակալվել է: Նշվում է, որ աղջիկը կհարցաքննվի և կպատժվի «ընտրական իրավունքների իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովների աշխատանքին խոչընդոտելու համար»։ Նրան սպառնում է նվազագույնը 80 հազար ռուբլի տուգանք կամ մեկ տարվա ուղղիչ աշխատանք։
ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն արդեն հինգերորդ անգամ է առաջադրվել։
Ընտրությունների նախօրեին Պուտինը տեսաուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին, կոչ է արել մասնակցել ընտրություններին` արտահայտելով իրենց քաղաքացիական և հայրենասիրական դիրքորոշումը, քվեարկելով իրենց թեկնածուի և Ռուսաստանի հաջող ապագայի օգտին։