Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ ռազմական կապերի վերաբերյալ մի շարք քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունեցել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Քաթարի իշխանությունների հետ, հաղորդում է IRNA-ն։
Նրա խոսքով, քննարկումները կենտրոնացած են եղել «թե ինչ կարելի է անել համագործակցության ընդլայնման հիմք ստեղծելու համար» պաշտպանության ոլորտում։ Նա հավելել է, որ նման մոտեցում է դրսևորվում Թուրքիայի և Ռուսաստանի հետ քննարկումներում։
Գեներալը նշել է, որ Իրանը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է զենքի արտահանումը, քանի որ երկիրը պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաբավության։
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Նորարարության և արտադրվող զենքի տեսակի շնորհիվ այս թիվը հետագայում էլ ավելի կավելանա»,- հավելեց նա։
Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ Իրանն այժմ ինքնաբավ է անօդաչու թռչող սարքերի համար շարժիչներ արտադրելու հարցում և աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա: