Այդ 4 գյուղերը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, վարչապետը շատ հստակ ամեն ինչ ասել է. Գնել Սանոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴելիմիտաիցան ու դեմրկացիան նրա համար է, որ հստակ ընդգծվի այն սահմանահիծը, որից այս կողմ Հայաստան է, որից այն կողմ Ադրբեջան է: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Պետք է երկու կողմի համար ընդունելի իրավական քարտեզ վերցնել, որն էլ այդ գործընթացի համար հիմք կլինի»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ենթակառուցվածքները պետք է վերակառուցվեն, որ դրանք ՀՀ տարածքով անցնեն, Սանոսյանն ասաց. «Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ ճանապարհները կամ այլ ենթակառուցվածքները սահմանագծին բավական մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի՝ հատում են սահմանը, դա ենթադրում է, որ որոշ տարածքներում միգուցե վերակառուցելու հարց առաջանա: Խոսքը այսօրվա գործող ճանապարհի մասին է»:
Նա հավելեց, որ Տավուշի 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն գտնվում:
Ճշտող հարցին, միայն ճանապարհներ պետք է փոխվեն, թե նաեւ Հայաստան մտնող գազատարը երթուղին պետք է փոխվի, նախարարն արձագանքեց. «Աշխատանք պետք է արվի, որից կպարզվի՝ միայն ճանապարհ է, միայն գազատար է, թե նաեւ այլ ենթակառուցվածքների կարող է վերաբերել: Այդ աշխատանքը դեռ չի սկսվել, ժամկետներ դեռ չկան»:
Դիտարկմանը, որ եթե դեռ ոչինչ հստակ չէ, հանձնաժողովները դեռ պետք է աշխատեն, վարչապետն ինչո՞ւ է շտապում ասել, որ այդ 4 գյուղերը ՀՀ տարածքում չեն, Գնել Սանոսյանն ասաց. «Ինչքան էլ աշխատանքները ավարտված չեն, բայց ինչ-որ աշխատանքներ են արվել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երեւում»:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանն այդ 4 գյուղերը ոչ մի բանի դիմա՞ց է տալու, թե՞ պահանջում է, որ 31 հայկական գյուղերի տարածքները վերադարձվեն Հայաստանին, Սանոսյանն արձագանքեց. «Դա ոչ մի բան չի, դա գործընթացի մի մաս է, կարող է սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մի մաս հանդիսանալ»:
Նա հերքեց տեղեկությունները, թե հիմա արդեն այդ տարածքներում այլընտրանքային ճանապարհներ են կառուցում:
Աղբյուրը՝ News.am