ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն աջակցում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ասել է, որ դաշինքը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այդ հայտարարության պատճառը եղել է Մյունխենի անվտանգության համաժողովում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Նախկինում նրանք հանդիպել էին 2023 թվականի հուլիսին, որից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսել էին մերժել արևմտյան հրավերները պատճառաբանելով դա իրանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքով։

«Իրականում խաղաղությունն իրոք գոյություն ունի։ Ցավոք սրտի, այն երբեմն ստվերվում է առանձին միջադեպերով, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն,- Բաքվին անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր իրավիճակը երկարաժամկետ շտկելու համար։ Միևնույն ժամանակ, ես չէի խոսի բանակցային գործընթացի «վերակենդանացման» մասին։ Նախ,  պետությունների ղեկավարներն ուղղակի օգտվել են հարմար առիթից և հանդիպել, հետո էլ դանդաղ քննարկումները շարունակվում էին առանց դրա էլ։ Օրինակ, կողմերը առաջարկություններ են փոխանակում խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ»։ Վելիզադեն կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են չվերադառնալ բանակցությունների այն ձևին, որը եղել է մինչև 2023 թվականը: Նրա խոսքով, միջազգային միջնորդների կարիք այլևս չկա, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության քննարկման կենտրոնը տեղափոխվել է տարածաշրջանային մակարդակ։

«Ալիևը հասկացավ, որ արևմտյան երկրներն առաջարկում են Հայաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ուստի պատրաստակամորեն մասնակցեց նրանց բանակցային ձևաչափերին։ Հենց ստացավ իր ուզածը՝ անմիջապես դադարեցրեց բանակցությունները»,- նկատել է հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը, - հիմա Արևմուտքն այլևս ոչինչ չունի նրան առաջարկելու։ Երկրորդ հերթին էլ ՆԱՏՕ-ի երկրների միջնորդությունը կարող է վնասել Բաքվի և Մոսկվայի հարաբերություններին»։

Մինչդեռ կովկասյան հանրապետությունների ղեկավարները ստանալով արևմտյան երկրների աջակցությունը` փորձել են օգտագործել համաժողովը։ Օրինակ, Ալիևը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, և բանակցություններ վարել անգլերենով։ Իր հերթին` Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, քննարկել է «տարածաշրջանային զարգացման և անվտանգության մարտահրավերները»։ Ինչպես գիտենք, իր հրաժարականից հետո Ռասմուսենը հիմնել է միջազգային քաղաքական խորհրդատվական Rasmussen Global կազմակերպությունը և 2022 թվականից գլխավորում է Ուկրաինայի իշխանությունների կողմից Կիևի անվտանգության երաշխիքներ մշակելու համար ստեղծված հարթակը։

Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը կարծում է, որ համաժողովում Փաշինյանի և Ալիևի պահվածքը նոր պատճառներ չի ստեղծել խոսելու Հարավային Կովկասում Ռուսաստանի հեղինակության թուլացման մասին, սակայն Մոսկվան վաղուց ունի որոշակի խնդիրներ այդ հարցում, քանի որ Թուրքիան մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում։ «Մասնավորապես, դա արդեն հանգեցրել է ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարմանը, ինչի պատճառով Հայաստանը սկսել է հեռանալ Ռուսաստանից և մերձենալ Ֆրանսիային։ Ադրբեջանն իր հերթին հանդիսանում է Թուրքիայի գործընկերը, որը ՆԱՏՕ-ի անդամ է և այդպիսով դաշինքի մեջ է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ Ապագայում Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում կարող են էլ ավելի թուլանալ, եթե նրա խաղաղապահները դուրս գան Ղարաբաղից կամ եթե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կնքեն արևմտյան հարթակներից մեկում»,- նշել է Մակարկինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 







Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular