ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել». Մեսրոպ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, ընկերասեր, համբերատար ու աշխույժ երեխա էր Մեսրոպս: Երբ մեծացավ, ավելի ծանրակշիռ դարձավ, ավելի խորն էր դատում, հարցերին այլ տեսանկյունից մոտենում: Շատ նպատակներ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Օվսաննան՝ Մեսրոպի մայրիկը:

Մեսրոպը ծնվել է Սյունյաց աշխարհում՝ Շինուհայր համայնքում: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցից հետո ուսումը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լրագրության բաժնում՝ որպես մարզական մեկնաբան։ Տիկին Օվսաննան նշում է՝ որդին շատ էր սիրում ֆուտբոլը: «Մեզ մոտ ֆուտբոլի հաճախելու հնարավորություն չկար, չկարողացանք իրեն սպորտի տանել, և արդյունքում Մեսրոպը որոշեց, որ պետք է սպորտային մեկնաբան դառնա: Ընդունվեց, սովորեց, մոտ մեկ տարի աշխատեց լրագրության գծով, ոչ միայն որպես սպորտային մեկնաբան: Մանկությունից իր համար ֆուտբոլը մի ուրիշ աշխարհ էր»: Մեսրոպը ծառայել է Հայկական զինված ուժերում: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արտաշատի ուսումնական զորամասում, այնուհետև ծառայությունը շարունակել է Տավուշի մարզի Իջևանի թիվ N զորամասում՝ որպես կապավոր: Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում, արժանացել պատվոգրերի:

«Քառօրյա պատերազմի ժամանակ չնայած Արցախ չի մեկնել, բայց դիրքային ծառայություն է իրականացրել»: 44-օրյա պատերազմի ժամանակ Մեսրոպը կամավոր է մեկնել մարտի դաշտ: Մայրիկի խոսքով, պատերազմի սկսվելուց դեռ շաբաթներ առաջ ասում էր՝ պատերազմ է լինելու: «Անընդհատ լրատվության մեջ էր, աշխատում էր, գուցե տեղեկատվությունն էր վերլուծում և կանխատեսում պատերազմը: Սեպտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ էլ ասաց, որ կռիվ է լինելու: Զարմացանք՝ ո՞նց թե կռիվ է լինելու, արձագանքեց՝ կտեսնեք: Եվ, իրոք, պատերազմը սկսվեց: Անընդհատ ասում էր՝ գնամ զինկոմիսարիատ: Ես թույլ չէի տալիս, բայց ինքը պատճառաբանում էր, թե ուղղակի գրանցվելու է, մեկ է, հիմա իրեն չեն տանելու: Հետո մեզանից գաղտնի գնացել և կամավորագրվել էր, որ մեկներ Արցախ: Շատ հետո ենք արդեն իմացել այդ մասին»: Հոկտեմբերի 5-ին Մեսրոպը ճանապարհ է ընկնում Արցախ:

«Այնքան էր գնացել զինկոմիսարիատ, որ իրեն զանգեցին, կանչեցին: Գորիսի գրանցում ուներ, այնտեղից իրեն պետք է կանչեին ու զորակոչեին, բայց այնքան շատ էր գնացել Շենգավիթի զինկոմիսարիատ, էլ ասելու չէ: Վերջերս իմացանք, որ իրեն անընդհատ հետ են ուղարկել՝ տղա՛ ջան, գնա՛, պետք լինես, կկանչենք: Բայց չէ, այնքան գնաց ու եկավ, մինչև զանգեցին իրեն: Ես գիտեի, որ իմ տղան հայրենասեր էր, բայց որ այդ կարգի, երևի ինձ համար էլ էր բացահայտում: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, զանգը ստանալով, ուղևորվեց Արցախ: Այդ ժամանակ չգիտեինք, թե որտեղ էր, հետո իմացանք, որ Վարանդա են տարել իրեն»: Ութ օր Մեսրոպը պայքարել է թշնամու դեմ: «Մինչև հոկտեմբերի 13-ը իր հետ կապի մեջ ենք եղել, բայց այդ ընթացքում մի երկու օր չի զանգել: Զրույցները հիմնականում նրա մասին էին, որ լավ է, ամեն ինչ լավ է, երբեմն էլ հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, ի՞նչ է լինելու, հրադադար լինելո՞ւ է: Երկար չէր խոսում՝ ընկերներս կանչում են: Բայց փեսայիս, մյուսների հետ կիսվում էր, ինչպես գիտեք, տղաները մայրիկներին ամեն բան չեն ասել»:

Վերջին անգամ ընտանիքը Մեսրոպի հետ խոսել է հոկտեմբերի 13-ի առավոտյան ութն անց կես: «Բայց որպես իր զոհվելու օր նշված է հոկտեմբերի 14-ը: Վերջին զանգից հետո իրենից այլևս որևէ տեղեկություն չենք ունեցել»: Մեսրոպը բեկորային վնասվածք է ստանում և անմահանում: Նրա «տունդարձի» ճանապարհը երկար է տևում: Մինչ այդ օրեր, շաբաթներ ու ամիսներ տևող փնտրտուք, անհայտություն: 2021 թ.-ի հունվարի 4-ին ԴՆԹ-ն հաստատում է Մեսրոպի ինքնությունը: «Մինչ այդ մենք որևէ տեղեկություն չենք ունեցել իրենից: Մեզ անգամ ասում էին, որ տղաները բունկերում են, շուտով դուրս կգան: Բայց պատերազմը վերջացավ, մենք էլի նորություն չունեինք իրենից: Հետո արդեն անալիզներ հանձնեցինք, և 2021 թ.-ի հունվարի 4-ին մեզ հայտնեցին, որ համընկնում կա»: Մեսրոպը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի է տանում իր ցավը, բայց ապրում են, որ ապրեցնեն Մեսրոպի անունը:

«Մարդիկ պետք է ճանաչեն մեր տղաներին: Հենց դա է նաև ինձ ուժ տալիս: Սկզբում չէի ուզում ապրել, բայց հետո սկսեցի այդ հույսով ապրել, որ Մեսրոպի մասին խոսեմ, պատմեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել մտքի հետ, որ ինքը չկա: Չեմ տեսել իրեն ու երևի մինչև վերջ էլ իրեն կսպասեմ: Երազներին հաճախ է գալիս: Իմ երազներում ես իր դեմքը համարյա չեմ տեսնում, խոսում եմ իր հետ, բայց վերջում ուրիշի դեմք եմ տեսնում: Բայց այլոց երազներին գալիս է ու ասում, որ մահացած չէ: Անգամ իր ընկերոջ երազում է եկել՝ ես մահացած չեմ, ես Եռաբլուրում չեմ, ինչո՞ւ եք գնում Եռաբլուր:

Երազներում միշտ այդ խոսքն է ասում, գուցե ինձ է հուսադրում ուրիշների միջոցով, չգիտեմ: Ես սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել: Սուտ է, որ ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում: Սկզբում մի տեսակ չես հասկանում, թե ինչ է կատարվում, բոլորը կողքիդ են: Բայց հետո մնում ես քո մտքերի հետ, մենակ, ամեն ինչ սկսում է ազդել վրադ: Ամենասկզբում սպասումն այլ տեսք ուներ, ասում էինք՝ սուտ է, չի զոհվել, իր մասին տեղեկություն չունեինք, իսկ հիմա սպասումն այլ տեսք ունի»:

Հ. Գ. - Մեսրոպ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular