ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիև-Փաշինյան. ո՞վ է ում փորձում խճճել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ (կամ միջնորդությամբ) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո թվում էր, թե կա Բաքվի ու Երևանի միջև փակուղային խաղաղության գործընթացի հետագա առաջխաղացման հնարավորություն։ Մանավանդ որ վերջերս իրավիճակը սահմանին սրվել էր:

Մյունխենում Փաշինյանը հայտնել է, որ շուտով կկայանա երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպումը «խաղաղության պայմանագրի տեքստը քննարկելու և համաձայնեցնելու համար», որից հետո կշարունակվեն սահմանազատման և սահմանագծման քննարկումները։ Ճիշտ է, հանդիպման վայրն ու ժամկետները չեն նշվել։

Բայց հետո իրադարձություններ զարգացան։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց ունեցավ Փաշինյանի հետ, և, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչը հուշում է, որ Բրյուսելում կարող է կայանալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այնուհետև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է ասել, որ կողմերը «աշխատում են երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»։ Միաժամանակ նա նաև ասել է, որ Երևանը Բաքվից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների ևս մեկ փաթեթ, որը «մոտ ապագայում կքննարկվի երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ»։ Այդ առաջարկների բովանդակությունը, ինչպես միշտ, չի բացահայտվում։ Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանը հրաժարվում է գոյություն ունեցող հարթակներում վերսկսել բանակցությունները, բայց բանակցություններից չի հրաժարվում։ Ինչո՞ւ է պետք այդ «դավադրության տեսությունը», և ի՞նչ է կատարվում Բաքվի և Երևանի հարաբերություններում։ Այդ ամենին անդրադարձել է REX-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

 «Տվյալ դեպքում առաջ են գալիս միջանկյալ բնույթի որոշ եզրահանգումներ։ Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպումը որոշ նոր ազդակի աղբյուր է դառնում կողմերի միջև բանակցային գործընթացում։ Երկրորդ՝ ըստ ամենայնի, կողմերը փոխել են կամ փոխում են բանակցային օրակարգը և պատրաստում են խաղաղության պայմանագրի տեքստի նոր խմբագրում առանց հաշվի առնելու Ռուսաստանի նախկին մեկնաբանություններն ու ցանկությունները։ Բայց սա 2022 թվականի աշնանը սկսված բանակցային գործընթացի շարունակությունն է, երբ Ալիևն ասաց, որ իրատեսական է նման համաձայնագրի ստորագրումը «մի քանի ամսվա ընթացքում»։ Այդ ժամանակվանից ամեն ինչ անորոշ վիճակում է, թեև կողմերը շարունակում են առաջարկներ փոխանակել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Երրորդ հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը, ըստ ամենայնի, նոր ձևեր է ստանում։ Դա արդեն դուրս է երկու երկրների իրավասությունների շրջանակից, քանի որ սկսել են շոշափվել բազմաթիվ արտաքին խաղացողների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Հայաստանի որոշ արևմտյան գործընկերների շահերի գոտում գտնվող խնդիրներ։ Այսպիսով, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը աջակցելու Երևանի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի հարցում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրանից նոր առաջարկներ չկան, և այն կոչ է անում վերադառնալ նախկին պայմանավորվածություններին»,- նշել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular