ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել չհարձակման պայմանագիր. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։

«Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ որպես դիտորդ պետություն։ Մենք հավատացած ենք, որ Զինաթափման համաժողովը ծառայում է որպես ազգերի միջև երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել վստահություն և փոխըմբռնում ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Հայաստանը, որպես դիտորդ երկիր, ցանկանում է ակտիվորեն ներգրավվել համաշխարհային մակարդակում զինաթափման ջանքերի խթանմանն ուղղված խորհրդակցություններին, քննարկումներին և նախաձեռնություններին:

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը սպառազինությունների վերահսկման և չտարածման ոլորտներում միջազգային պարտավորությունների համընդհանուր կատարմանը և մեր հաստատակամ աջակցությունը դրա հիմքում ընկած կառույցներին:

Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի լիարժեք, ամբողջական և արդյունավետ իրականացմանը։ Լինելով զենքի չտարածման քաղաքականության ակտիվ ջատագով՝ մենք վերահաստատում ենք մեր լիակատար համապատասխանությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը։

Ավելին, «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը» մենք համարում ենք անփոխարինելի հենասյուն և գործիք միջուկային զենքի չտարածման և զինաթափման համաշխարհային ռեժիմի համար :

21-րդ դարի սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար նոր միջազգային կարգավորիչ գործիքները կամ մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն հավանական հակամարտությունները կանխելու և կյանքեր փրկելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը համապատասխան: Այս առումով, մեր խորին համոզմունքն է, որ մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ միայն մեր ձեռք բերածը պաշտպանելուն և առաջ մղելուն, այլ արագ տեխնոլոգիական առաջընթացին համապատասխանեցնելուն, հատկապես արհեստական բանականության, մահաբեր ինքնավար զենքի համակարգերի կամ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը քաջատեղյակ է հակամարտությունների կործանարար ազդեցությանը՝ մեր նորագույն պատմության մեջ անցնելով պատերազմների ողբերգական հետևանքների միջով։ Այս ցավոտ անցյալը մղում է մեզ համառորեն հանդես գալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, սպառազինության անվերահսկելի և զանգվածային ձեռքբերման կանխարգելման և զինաթափման օգտին:

Սպառազինությունների վերահսկման ռեժիմների քայքայումը վակուումում տեղի չի ունենում։ Դա սովորաբար հետևանք է հիմնական պայմանագրերին և փաստաթղթերին տարիներ շարունակ անհամապատասխանության, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության այնպիսի կարևոր սկզբունքների նկատմամբ անտարբերության, ինչպիսիք են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը և միջազգային խաղաղության ու անվտանգության, բարիդրացիական հարաբերությունների պահպանումը։ Նման խախտումների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման միջազգային ձախողումները սովորաբար վերածվում են արյունալի հակամարտությունների և ռազմական գործողությունների:

Նման պայմաններում է, որ Ադրբեջանը 2020 թվականին դաժան պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ներթափանցեց Հայաստանի ինքնիշխան տարածք և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ավելի քան 108.000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտման ենթարկեց իր նախնիների հայրենիքից։

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից: Մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նախապես համաձայնեցված սկզբունքներից հետ կանգնելով՝ Ադրբեջանը շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։ Մասնավորապես, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը և 1991 թվականի սահմանը վերականգնելու նպատակով սահմանազատման գործընթացի իրականացումը հետևողականորեն մերժվել են Ադրբեջանի կողմից։

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը շարունակում է իր իրական ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և հավատի հաստատման ուղղությամբ։ Այդ նպատակով մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դուրս բերում՝ սահմանակից տարածքների հետագա ապառազմականացմամբ։ Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր առաջարկները մինչ այժմ անտեսվել կամ մերժվել են Ադրբեջանի կողմից, մենք վճռական ենք շարունակելու մեր ջանքերը։

Հարգելի՛ գործընկերներ,

Սպառազինությունների վերահսկման և չտարածման ճարտարապետությունը ստեղծվել է բոլորի համար ավելի անվտանգ և ապահով կյանք երաշխավորելու նպատակով: Դա հնարավոր չէ իրականացնել առանց համատեղ ջանքերի, փոխզիջումների և քաղաքական կամքի։

Մենք հավատացած ենք, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունն ու համագործակցությունն արդյունավետ զինաթափման ջանքերի հիմնաքարերն են։ Հայաստանը պատրաստկամ է համագործակցել անդամ երկրների հետ՝ կիսելով փորձը, գիտելիքները և ռեսուրսները՝ մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Բաց հաղորդակցության և ընդհանուր եզրեր գտնելու հանձնառության միջոցով մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի ապահով և անվտանգ աշխարհ»,- ասված է Միրզոյանի հայտարարությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular