Երևանը հավաքական անվտանգության հետնաբեմում. Ալիևը գերազանցել է Փաշինյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSvpressa.ru-ն գրում է, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ մասին France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական գործիչն այդ որոշումը բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, Երևանի վերաբերյալ պայմանավորվածությունները չեն կատարվել։ Միաժամանակ ՀԱՊԿ քարտուղարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Հայաստանից անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ դիմում չեն ստացել։ Նրանք բացատրել են, որ Փաշինյանի թեզը, հավանաբար, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին հանրապետության չմասնակցելուն։
Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը svpressa.ru-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը եղել է հրապարակայնորեն, իսկ այն, որ դա չկա ՀԱՊԿ քարտուղարությունում, չի հերքում «սառեցման» մասին հայտարարությունը։
- Դա սպասելի էր։ Երևանը շարժվում է դեպի արևմուտք: Այդ մասին ասել է Փաշինյանը Փարիզ կատարած այցից և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։ Ըստ ամենայնի, ձեռք են բերվել լուրջ պայմանավորվածություններ։ Միգուցե՞ ֆրանսիացիներն իրենց վրա վերցնեն Հայաստանի անվտանգությունը։ Դե, իսկ հաջորդ զարգացումը, հավանաբար, Գյումրիի բազայի վերաբերյալ համաձայնությունն է, ինչը նշանակում է, որ Երևանը հեռանում է Մոսկվայից։
«Svpressa.ru».- Հայաստան և ՆԱՏՕ, դա հնարավո՞ր տարբերակ է:
-Չեմ կարծում, որ այդ դաշինքը կհայտնվի Անդրկովկասում։ Հարաբերությունների զարգացման մեկ տարբերակ կա՝ ՆԱՏՕ-ի ձևաչափից դուրս, ինչպես Ուկրաինայի դեպքում։ Ի դեպ, նույնը եղավ նաև Վրաստանի դեպքում։
«Svpressa.ru».- Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի մասին։
- Նախագահ Իլհամ Ալիևը լիովին գերազանցեց Փաշինյանին: Իմ կարծիքով Ալիևը ստեղծեց մի իրավիճակ, երբ Փաշինյանն ինքնուրույն խզեց հարաբերությունները իր հիմնական և միակ դաշնակցի հետ, ով հանդես էր գալիս որպես հայկական պետականության անվտանգության երաշխավոր, այն է Ռուսաստանի հետ։ Իսկ թե ի՞նչ է լինելու Հայաստանի հետ հիմա, դա մեծ հարց է։
«Svpressa.ru».- Մեր գործողությունները նման իրավիճակում:
- Ինչպես պետք է մեզ պահե՞նք։ Նախաձեռնությունը մյուս կողմում է: Դրանից ելնելով էլ որոշումներ կկայացնենք։ Հայաստանն այս տարածաշրջանում կորցնում է իր նշանակությունը Ռուսաստանի Դաշնության համար։ Վերջ։ Դա նշանակում է, որ այն կլինի հետնաբեմում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը