«Բարեկամությանը հաղթեցին. ինչի՞ կհանգեցնի Հայաստանի և Ուկրաինայի մերձեցումը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIz.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում մերձեցում է նկատվում այդ անդրկովկասյան հանրապետության և Կիևի միջև։ Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի նշանակալից հանդիպումներ են անցկացրել, այդ թվում Փաշինյանն անձամբ է շփվել Զելենսկու հետ։ Բացի այդ, Երևանը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար մի քանի խմբաքանակ մարդասիրական օգնություն է ուղարկել Նեզալեժնայա։
ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Նիկոլայ Սիլաևն այն կարծիքին է, որ Երևանն ու Կիևը չեն կարողանա լրջորեն օգնել միմյանց, ուստի նրանց մերձեցումը հիմնականում ցուցադրական է: «Երևանը ցանկանում է գոհացնել Արևմուտքին, և դա անելու համար նա ընդհառաջ է գնում Ուկրաինային։ Դա բավականին անխոհեմ քաղաքականություն է։ Անմիջապես բնական հարց է ծագում. եթե Հայաստանն ուկրաինական հակամարտությունում իրեն չի համարում Ռուսաստանի դաշնակիցը, ապա ինչո՞ւ Ռուսաստանը պետք է Հայաստանի դաշնակիցը լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ առճակատման հարցում։ Նիկոլ Փաշինյանն այս մասին չի խոսում, թեպետ և պետք է բարձրաձայնի»,- շեշտել է iz.ru-ի զրուցակիցը:
Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանն էլ կարծում է, որ Փաշինյանի թիմը փորձում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշել Արևելքից Արևմուտք։ «Այդ վերակողմնորոշման շրջանակներում է նաև տեղի ունենում մերձեցում Ուկրաինայի հետ։ Կարծում եմ, որ նման քաղաքականությունն աղետալի հետևանքներ կունենա։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ երկրները բացարձակապես չեն մտածում Հայաստանի մասին։ Նրանց միայն մեկ բան է պետք. թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Ըստ այդմ, մենք ոչ մի աջակցություն չենք ստանա Ադրբեջանի և Թուրքիայի հետ առճակատման հարցում»,- նշել է նա iz.ru-ի հետ զրույցում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը