Ամերիկյան մասնավոր ընկերության տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեխասում գտնվող Intuitive Machines ընկերության տիեզերանավը փետրվարի 22-ին վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռի մոտ․ սա ԱՄՆ-ի առաջին վայրէջքն է Լուսնի մակերևույթի վրա 50 տարվա ընթացքում և առաջինը, որ իրականացվել է մասնավոր ընկերության կողմից, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, որը լուսնագնացի վրա ունի մի քանի հետազոտական գործիքներ, վայրէջքն անվանել է մեծ ձեռքբերում. ՆԱՍԱ-ն նպատակ ունի գիտական առաքելություններով Լուսին ուղարկել կոմերցիոն ընկերությունների տիեզերանավերի ջոկատ, նախքան տիեզերագնացներին կրկին Լուսին ուղարկելը, որը նախատեսված է 2026 թվականին։
Այնուամենայնիվ, վայրէջքից հետո «Ոդիսևս» լուսնագնացի նավիգացիոն համակարգի, ինչպես նաև սարքի հետ կապ հաստատելու խնդիր է առաջացել։ Ազդանշանն, ի վերջո, վերականգնվել է, իսկ ավելի ուշ ընկերությունը X սոցիալական հարթակում հայտնել է, որ «Ոդիսևս»-ը սկսել է տվյալներ ուղարկել։
Մինչ օրս Լուսնի վրա վայրէջք են կատարել 4 այլ երկրների տիեզերանավեր՝ նախկին Խորհրդային Միության, Չինաստանի, Հնդկաստանի, իսկ հունվարին՝ Ճապոնիայի։ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ երբևէ մարդկանց է ուղարկել լուսնի մակերևույթ։
«Ոդիսևս»-ը դեպի Լուսին էր արձակվել փետրվարի 15-ին Ֆլորիդայից՝ Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով։ Այն յոթ օր պետք է աշխատի արևային էներգիայով։