Իրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ է տրամադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը Ռուսաստանին է տրամադրել «երկիր-երկիր» դասի հզոր բալիստիկ հրթիռներ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վեց աղբյուրների։
«Դա թաքցնելու պատճառ չկա: Մեզ թույլատրվում է զենք արտահանել ցանկացած երկիր, որը ցանկանում ենք», - գործակալությանը ասել է իրանցի պաշտոնյաներից մեկը:
Իրանական երեք աղբյուրներ գործակալությանը հայտնել են, որ հանրապետությունը Ռուսաստանին է տրամադրել մոտ 400 հրթիռ, որոնցից շատերը պատկանում են «Ֆաթեհ-110» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների ընտանիքին։ Խոսքը, մասնավորապես, «Զուլֆիկար» հրթիռների մասին է, որոնք ունակ են խոցել թիրախները 300-ից 700 կիլոմետր հեռավորության վրա։
Հաղորդվում է, որ Ռուսաստանը մինչ այժմ ստացել է հրթիռների առնվազն չորս խմբաքանակ, և առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է, որ ավելի շատ խմբաքանակներ կփոխադրվեն:
Իրանական աղբյուրներից մեկի համաձայն, մատակարարումները սկսվել են հունվարի սկզբին Թեհրանում և Մոսկվայում կայացած հանդիպումների ժամանակ Իրանի և Ռուսաստանի զինվորականների միջև ձեռք բերված գործարքի պայմանների համաձայն:
Reuters-ը հավելել է, որ Իրանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։