Աշխարհաքաղաքական անմեղսունակ տրամաբանությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳաղտնիք չէ, որ իր գործողություններով ու ընդհանուր վարքաբանությամբ Նիկոլ Փաշինյանն անընդհատ աչքի է ընկնում հակառուսական քայլերով, որոնք հաճախ բավական ցցուն ու աչք ծակող են լինում։ Բացի դրանից, հաճախ տեսնում ենք նաև, որ իր այդ գործելաոճով նա արժանանում է համապատասխան գնահատականների, որոնք դրսևորվում են ամենատարբեր կերպ՝ ամենակենցաղայինից մինչև աշխարհաքաղաքական։
Օրերս, հերթական անգամ ականատես դարձանք Փաշինյանի հերթական հակառուսական պոռթկմանը, երբ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ աշխարհաքաղաքական բնույթի հայտարարություններ արեց։ Նա, ըստ էության, ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ նշեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում Հայաստանի ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած հանրապետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքը։ «Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ, եթե դա քանդում ենք՝ ուրեմն քանդում ենք ամեն ինչ»,-ընդգծել է նա:
Մոսկվայից համապատասխան պատասխանը չուշացավ, և Դմիտրի Պեսկովն նշեց, թե Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանը կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը:
Ըստ էության, Փաշինյանի այս հայտարարություններն անակնկալ չեն Մոսկվայի համար, և Մոսկվայի արձագանքը ցույց է տալիս, որ առանձնահատուկ նյարդայնություն, այս հայտարարություններով պայմանավորված, չկա։ Սակայն, սա մեկ այլ՝ շատ ավելի խորքային ու Հայաստանի համար կարևոր երևույթ է ցույց տալիս։ Թերևս բնավ պարտադիր չէր, որ Փաշինյանն անդրադառնար այս թեմային, նա կարող էր թեման շրջանցել ու երբեք դրան չանդրադառնալ, եթե Արևմուտքի հետ հարաբերությունները, այնուամենայնիվ, կարևոր են, և ՌԴ-ի հետ էլ դաշնակցությունը խզված չէ։
Ավելին, Փաշինյանը վստահաբար փայլուն գիտեր, որ իր բոլոր հայտարարությունները, առավել ևս ՌԴ-ին արվածները, Ռուսաստանում չեն ողջունվելու, քանի որ Ուկրաինայի հարցը Ռուսաստանի համար ամենազգայուն խնդիրն է։ Երբեմն Հայաստանին աջակցելու գինն Արևմուտքի համար Հայաստանի արևմտամետ հավաստիացումներն են, խոստովանությունները, որ Հայաստանը հավատարիմ է Արևմուտքին և չի աջակցում Ռուսաստանին այդ երկու բևեռի համար էլ կարևոր հարցում։ Միանշանակ Արևմուտքում հասկանում են, որ նման հայտարարությունները կարող են խնդիր լինել Հայաստանի համար, որն առանց դրա էլ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է և նույնքան բարդ կոմբինացիաներ է փորձում իրականացնել։ Արևմուտքը Հայաստանից ակնկալում է լիարժեք աշխարհաքաղաքական դիրքավորում, ակնկալում է հակառուսական հայտարարություններ ու ձևակերպումներ, առանց դրա հնարավոր չէր լինի Արևմուտքի կողմից որևէ հայտարարություն։
Այս ֆոնին ամենևին պատահական չէ, որ այդ մասին ասվում է հենց Մյունխենում, պատահական չէ, որ նման քայլ արեց նաև Ալիևը՝ նշելով, որ հասկանում է, թե ինչ է նշանակում օկուպացիա։ Ըստ էության, որքան էլ Ռուսաստանի համար անընդունելի լինեն հնչող ձևակերպումները, ճգնաժամային դիվանագիտությունն այլ գործիքակազմ ու ճկունություն է ենթադրում։ Տրամաբանական է նաև այն, որ եթե Արևմուտքի վրա հիմնված արտաքին քաղաքականության արդյունքները, Արևմուտքում բանակցությունների արդյունքները Նիկոլին ձեռնտու է, ապա ակնհայտ է, որ ՌԴ-ն այստեղ միջամտելու որևէ խնդիր չունի։ Ասեմ ավելին, եթե Փաշինյանը նույն Ալմա Աթայի հռչակագրով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ճանաչել, այդ թվում Արցախը, ապա Ուկրաինայի պարագան բնավ զարմանալի չէ։ Հետևելով դեպքերի արագ զարգացումներին՝ ակնահայտ է, որ Արևմուտքն իր առաջ խնդիր է դրել ավելի ակտիվացնել հակառուսական հայտարարությունները, քանի որ Անդրկովկասում հարկավոր է հակառուսական ճակատ։
Արմեն Հովասափյան