ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ում է պետք Հայաստանը, եթե այն լինելու է առանց հայերի. Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

2023թ. հայկական անձնագրով մեկնել և չի վերադարձել 36512քաղաքացի։ Սա պարզապես թիվ չէ՝ կարդացինք անցնանք, սա մենք ենք, որ հեռանում ենք պետությունից։

Հայաստանի անձնագրով մեկնող և չվերադարձողների թիվը 10 տարվա կտրվածքով 291327 մարդ է։ Այս ընթացքում միայն 2020 թ-ին է ժամանողների թիվը գերազանցել մեկնողներինը՝ 42786-ով, ինչը պայմանավորված է եղել քովիդ համաճարակի համաշխարհային սահմանափակումներով։ Հատկանշական է, որ 291327-ի գրեթե կեսը՝ 138024-ը Հայաստանից մեկնել և չի վերադարձել վերջին երեք տարիներին՝ 2021թ.՝ 73521քաղաքացի, 2022թ.՝ 27941քաղաքացի, 2023թ.՝ 36512քաղաքացի։

Միայն վերջին երեք տարվա կտրվածքով 138024 ՀՀ քաղաքացի չի վերադարձել հայրենիք։

Մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ «Գրին քարտ» են երազում։ ԱՄՆ պաշտոնապես հրապարակած վիճակագրության մեջ ամփոփված է 2019-2021թթ «Գրին քարտի» համար դիմողների վիճակագրությունը։ 602359 դիմում է եղել դեսպանատուն ԱՄՆ-ում մշտական կեցության համար։ 2021թ. 160965 մարդ դիմել է ԱՄՆ կեցության համար։ Այս մթնոլորտում կարելի է միայն ենթադրել, թե ինչ ծավալի է լինելու վերջին երկու տարվա դիմողների թիվը։

Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը մի քանի անգամ գերազանցում է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թիվը։

Սա արդեն նույնիսկ արտագաղթ չէ, սա պետության մերժման քաղաքացու որոշումն է, որը կրում է զանգվածային բնույթ։

Մարդիկ հեռանում են, որովհետև՝

-Չունեն որոշակիություն մեր պետության և իրենց վաղվա օրվա հարցում։ Մարդը չի կարողանում պլանավորել իր հաջորդ շաբաթը, ամիսը, էլ ուր մնաց տարին։ Անորոշությունը վաղվա օրվա հանդեպ բոլորի տներում է։

-Ապրում են չդադարող պատերազմի պայմաններում։ Իշխանությունները համոզում են, թե գնում են խաղաղության, սակայն խաղաղություն մուրալու քողի տակ անվերջ պատերազմի քաոսային վիճակ է։

- Դժգոհ են սոցիալական անարդարությունից։Չի կարող ուսուցչի, թեկուզ կամավոր ատեստավորման պայմաններում բարձրացած աշխատավարձը ցածր լինել պարեկի բազային աշխատավարձից։ Չի կարող սահմանին ծառայություն իրականացնող զինծառայողի բազային աշխատավարձը անհամեմատ ցածր լինել ոստիկանության ծառայողների բազային աշխատավարձից։ Չի կարող բարձրաստիճան պաշտոնյաների և պետական ստորին օղակներում հսկայական աշխատանք կատարող պետական ծառայողների աշխատավարձների միջև լինել մի քանի անգամի հասնող տարբերություն։

- Մարդիկ հուսահատված են և խաբված։

Վախեցնող է երիտասարդ սերնդի հեռանալու համատարած ցանկությունը։Ես չեմ մեղադրում և չեմ արդարացնում ոչ մեկին։ Ես դրա իրավունքը չունեմ։ Ես ուղղակի փաստում եմ վտանգը։ 

Այսօրվա իշխանության ռիսկային, անհեռանկար քաղաքականության պայմաններում երեխաներիդ պահել Հայաստանում՝ չափազանց բարդ որոշում է։

Ընտրությունը կամ-կամ է։ Կա՛մ փոխել երկրի ներսում և շուրջ իրականությունը, կա՛մ պետք է հարմարվել անվտանգային լուրջ խնդիրների առջև կանգնած Հայաստանի հայաթափման հետ։ 

Լուծումներ գտնելը այլևս բոլորիս պատասխանատվությունն է։ Ում է պետք Հայաստանը, եթե այն լինելու է առանց հայերի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular