ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղբորս դիակն իմ ձեռքերով եմ իջեցրել դիրքերից․ դա ամենածանր բանն էր, որ երբևէ տեղի է ունեցել իմ կյանքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես ոչ ոքի չեմ ցանկանա տեսածս, ապրումներս, այդ օրվա զգացողությունս, ոչ մեկին։ Դիրքում ընկած էր եղբայրս իր մարտական 4 ընկերների հետ։ Ես չգիտեմ ի՞նչ էի զգում այդ պահին, բայց եղբորս մարմինը հասավ մեզ, գոնե գերեզման կունենա... պատերազմներում դա օրինաչափ է, որ երբ գերեզման ես ունենում, ինչ որ տեղ ուրախանում ես, թե չէ անհետ կորելու անորոշությունը կմաշեր մեզ»,- MediaHub-ի հետ զրույցում եղբոր՝ Մարատի դին դիրքերում հայտնաբերելու մասին պատմում է Մհեր Գրիգորյանը։ 

Մհերն ու Մարատը ծառայության երկարամյա փորձ ունեն։ Վերջինս ՊԲ կադրային սպա էր, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, տեղափոխվել Արցախ, համալրել ՊԲ 2-րդ պաշտպանական շրջանի շարքերը, ապա 2019-ին տեղափոխվել 4-րդ պաշտպանական շրջան՝ որպես հրաձգային դասակի հրամանատար։ 2020 թվականից ծառայության է անցել Իվանյանի զորամասում, զբաղեցրել մոտոհրաձգային գումարտակի կրակային աջակցման դասակի հրամանատարի պաշտոնը, իսկ 2021-ին՝ տեղափոխվել է Սիրխավենդի զորամաս, որպես առանձին հետախուզական դասակի հրամանատար։ 

35-ամյա ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը Ասկերանի շրջանի Խաչեն գյուղից էր։ Հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը, եղբոր խոսքով, Մարատի մոտ նկատելի էր դեռ դպրոցական տարիքից։ Հետո, ավելի մեծ հասակում 3 եղբայրները՝ Մարատը, Մհերն ու Մաքսիմը, որոշել են դառնալ հայրենիքի պաշտպաններ։ Մասնակցել են Արցախի համար մղված պատերազմներին, ցուցաբերել խիզախություն ու բարձր պատասխանատվություն։ Մհերը, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի ծառայող էր, իր անցած մարտական ուղու մասին չի խոսում։

Փոխարենը պատմում է Մարատի մասին, ափսոսում, որ ծառայության բերումով չհասցրեց ամուսնանալ. «Ամենից առավել Արցախի հողն էր սիրում, հանուն դրա էլ անմահացավ Արցախի լեռներում»։ 

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը օդային ու հեռահար միջոցներով հրետակոծում էր Սրխեւանդի դիրքերը։ 706 մարտական դիրքի անձնակազմը, որի հրամանատարը Մարատ Գրիգորյանն էր, աննահանջ կռվել են մինչև վերջին փամփուշտը։ Նույն ուղղությամբ առանձին դիրքում կռվում էր նաև Մաքսիմը.

«Բայց քանի որ կապ չկար, մենք այդպես էլ իրարից անտեղյակ ենք եղել։ Միայն զինադադարից հետո ենք իմացել Մարատի զոհվելու մասին։ Վերջին անգամ նրա հետ խոսել է մայրս։ Դա սեպտեմբերի 18-ն էր»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Մհերի խոսքով՝ այդ օրերին ամենածանրը ծնողների համար էր։ Երեք որդիները թեժ մարտերում, իսկ իրենք՝ անորոշության մեջ, առանց կապի ու տեղեկատվության միջոցների։ 

«Սեպտեմբերի 24-ին փրկարարներին վերջապես թույլատրեցին որոնողական աշխատանքներ իրականացնել նաև Սրխեվանդի ուղղությամբ։ Մարատի դին ճանաչել եմ ես, իմ ձեռքով եմ իջեցրել մեքենայի մոտ... դա ամենածանր բանն էր, որ երբևէ ապրել եմ»,- նշում է Մհերը։ 

Մարատ Գրիգորյանի դին տեղափոխել են Հայաստան, հուղարկավորել՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular