ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայի օֆշորային սեփականության ռեգիստրը բացահայտել է Արմեն Սարգսյանի ընտանիքին պատկանող շքեղ գույքեր․ «Հետք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թեմզա գետի հյուսիսային ափի Չեյն Ուոք փողոցը Լոնդոնի մեծահարուստներից շատերի բնակատեղին է: Ժամանակին այնտեղ է ապրել «Ջեյմս Բոնդի» հեղինակ Յան Ֆլեմինգը, ինչպես նաև Rolling Stones խմբի առնվազն երկու անդամ:

Հայաստանից OCCRP գործընկեր «Հետքը» 2018-ին բացահայտել էր Չելսի շքեղ թաղամասի այլ բնակիչների․ այն ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու որդիները գրանցված էին այդտեղ հինգ հարկանի աղյուսե մի առանձնատանը: Գույքի իրական սեփականությունը թաքնված էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված անհայտ օֆշորային ընկերության հետևում:

Այժմ լրագրողները հայտնաբերել են այդ ընկերության անունը: Ըստ օֆշորային ընկերության փաստաթղթի՝ առանձնատան սեփականատերը Սարգսյանի քույրն է՝ Կարինե Սարգսյանը։ Օֆշորային տարբեր ընկերությունների միջոցով նա Լոնդոնում տնօրինում է չորս այլ թանկարժեք անշարժ գույք, որոնք տասնյակ միլիոն ֆունտ արժեն:

Տարիներ շարունակ այս հինգ ընկերություններին պատկանող սեփականությունը թաքցվում էր հանրությունից։ Բայց 2022-ին Մեծ Բրիտանիան օրենք ընդունեց, որով երկրում սեփականություն ունեցող օֆշորային ընկերությունները պարտավոր էին հայտարարագրել իրենց իրական սեփականատերերին, ինչը լրագրողներին հնարավորություն տվեց բացահայտել, որ Կարինե Սարգսյանը նշված է որպես դրանց սեփականատեր: Արմեն Սարգսյանի երկու որդիները նույնպես նշված են որպես «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն ունեցող» անձինք։

«Թափանցիկության նոր կանոնները լույս են սփռում, թե ինչպես աշխարհի քաղաքական առաջնորդները, այդ թվում՝ կառավարման լուրջ խնդիրներ ունեցող երկրների առաջնորդները, գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով մեծ թվով անշարժ գույքեր ունեն Մեծ Բրիտանիայում»,- OCCRP-ին ասել է Transparency International UK-ի՝ Պետությունների և տարածաշրջանների ծրագրերի ղեկավար Ջուլիետ Սվանը։

Գույքերի վերաբերյալ մեկնաբանություն տալու հարցմանն ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ 90-ականներին, երբ առաջին անգամ պետական ծառայության է անցել նա որոշում է կայացրել «ծրագրերի և տեսախաղերի ստեղծմամբ վաստակած հարստությունը վստահել քրոջս»: Պատասխանելով լրագրողների հարցերին Արմեն Սարգսյանը գրել է, որ այդ որոշումը ենթադրում էր Կարինե Սարգսյանի՝ իր հիմնադրած ընկերությունների շահառու դառնալը, և պրոֆեսիոնալ կառավարիչների վարձումը, որոնք կղեկավարեին և ներդրումներ կկատարեին։

«Դրանցից մի քանիսը [ներդրումները] տնօրինվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնված ընկերությունների կողմից։ Սա հարստությունը կառավարելու միջոցառումների միանգամայն ստանդարտ մեխանիզմ էր, որի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և փորձաքննություն էր ստացվել: Հիմնականում այս ներդրումների եկամուտներով են գնվել ձեր նշած գույքերը»,-գրել է նա:

Եթե Արմեն Սարգսյանը լոնդոնյան գույքերի իրական սեփականատերն էր, ապա օրենքով նա պարտավոր էր դրանք հայտարարագրել Հայաստանում, երբ 2013-ին մասնավոր հատվածում զբաղեցրած պաշտոնից վերադարձավ քաղաքականություն՝ նշանակվելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան: Սակայն գույքը չի երևում Սարգսյանի 2013-2022-ի հայտարարագրերում։

Առաջին անգամ չէ, որ Սարգսյանի հայտարարագրերում կարևոր բացթողումներ կան։ «Հետքն» ավելի վաղ հայտնել էր, որ նախկին նախագահը չի հայտարարագրել Փարիզում անշարժ գույք ունեցող ֆրանսիական ընկերությունում տնօրենի պաշտոնը, և որ նա քրոջ հետ Շվեյցարիայում գաղտնի բանկային հաշիվ է ունեցել՝ 10 միլիոն ֆրանկով։

Ի տարբերություն քրոջը, որը տարիներ շարունակ բժիշկ է աշխատել Հայաստանի պետական հիվանդանոցներում, Սարգսյանը հաջողության հասած բիզնեսմեն էր, որի համար խնդիր չէր շքեղ անշարժ գույք ձեռք բերելը։ 1990-ականների սկզբին Սարգսյանը օգտվել էր վիդեոխաղերի բումից՝ համահիմնադրելով «Tetris-Wordtris» խաղը, որը հայտնվել էր Nintendo-ի հանրահայտ SNES և Game Boy համակարգերում։

Բրիտանական ընկերությունների ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2022 թվականի փետրվարի դրությամբ նրա որդիները «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն» են ձեռք բերել լոնդոնյան երկու անշարժ գույքի ետևում գտնվող, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերություններից երկուսում։ Այդ ժամանակ դեռ մեկ ամիս էլ չէր լրացել Սարգսյանի՝ Հայաստանի նախագահի պաշտոնից անսպասելի հրաժարականից:

«2022-ին, երբ ես թողեցի քաղաքականությունը, և երբ քույրս մոտենում էր իր 70 ամյակին, նա երկու անշարժ գույքը նվիրեց իմ որդիներին՝ շարունակելով մնալ մնացածի սեփականատերը»,- OCCRP-ին ասել է Սարգսյանը։

Բրիտանական նախապատմություն

Չորս տարվա պաշտոնավարումից հետո Սարգսյանն իր հրաժարականի պատճառների շարքում նշեց, որ Հայաստանում նախագահը չունի կարևոր հարցերի վրա ազդելու իրավասություն, նաև՝ որ առողջական խնդիրներ ունի, որոնք առաջացել են իր և իր ընտանիքի դեմ քաղաքական «հարձակումների» հետևանքով:

Նախագահի պաշտոնից նա հեռացավ ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ «Հետքի» և OCCRP-ի թղթակիցներից հարցեր էր ստացել մի հետաքննության վերաբերյալ, ըստ որի՝ նա Կարիբյան Սենթ Քիթս և Նևիս երկրի անձնագիր է ունեցել իր պաշտոնավարման ժամանակ:

Հայաստանի Սահմանադրությունն արգելում է նախագահի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալը։ OCCRP-ին Հայաստանի դատախազությունից հայտնել են, որ իշխանությունները ներկայում հետաքննում են, թե արդյոք Սարգսյանը քրեական հանցագործություն է կատարել:

Մինչև 2013-ին պետական ծառայության վերադառնալը՝ մասնավոր հատվածում աշխատելու ժամանակ, Սարգսյանը նաև բրիտանական քաղաքացիություն ուներ, ինչպես վկայում է Միացյալ Թագավորության ընկերությունների ռեգիստրը։ Ըստ նրա խոսնակի՝ Սարգսյանը, նախքան այդ տարի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան նշանակվելը, հրաժարվել էր բրիտանական անձնագրից, ինչը պահանջվում էր ՀՀ օրենքով:

Մասնավոր հատվածում աշխատելու ընթացքում Սարգսյանը խորհրդատվական պաշտոններ է զբաղեցրել եվրոպական մի քանի հիմնադրամներում և ընկերություններում, այդ թվում՝ British Petroleum-ում և հեռահաղորդակցության ֆրանսիական հսկա Alcatel Trade International AG-ում: Նա նաև հիմնել է Eurasia House International խորհրդատվական ընկերությունը:

Ինչպես ցույց է տալիս գույքային ռեգիստրը, հենց այս ժամանակահատվածում՝ 2000-2008թթ. են գնվել նրա ընտանիքի լոնդոնյան հինգ գույքից չորսը:

Ընկերությունների ռեգիստրը ցույց է տալիս, որ գույքերից յուրաքանչյուրը պատկանում է առանձին ընկերության՝ գրանցված Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Այս ընկերություններից մեկին պատկանում է Չեյն Ուոքի հինգհարկանի աղյուսե շենքը, իսկ մյուսին՝ հարևան գույքը նույն փողոցում: Մեկ այլ ընկերության է պատկանում երրորդ հարկում մի բնակարան Էվելին Մենշնսում՝ Բուքինգհեմյան պալատից ընդամենը տասը րոպե հեռավորության վրա:

Մի ուրիշ ընկերության էլ պատկանում է Դը Մալբերին՝ առանձնատուն Լոնդոնի ծայրամասում՝ մեծահարուստների Վիրջինիա Ուոթեր թաղամասում: Հարևան տունը պատկանում էր Գուլնարա Քարիմովային՝ Ուզբեկստանի հանգուցյալ բռնապետ Իսլամ Քարիմովի դստերը։ Առանձնատունը օգոստոսին Մեծ Բրիտանիայի՝ առանձնապես խոշոր խարդախությունների հարցերով գործակալության կողմից բռնագրավվել է:

Անշարժ գույքից երկուսի՝ Չեյն Ուոքի առանձնատներից մեկի և Էվելին Մենշնսի բնակարանի ձեռք բերման գները հայտնի չեն, սակայն, ըստ անշարժ գույքի առցանց տվյալների բազաների, դրանք այսօր առնվազն 6 միլիոն ֆունտ արժեն: Մյուս երկու առանձնատները ձեռք են բերվել 2006 և 2008 թվականներին՝ ընդհանուր 24 միլիոն ֆունտով:

Անցյալ տարեվերջին Կարինե Սարգսյանը հայտարարագրել է հինգերորդ գույքը՝  Լոնդոնի կենտրոնում գտնվող բնակարանը, որի իրական սեփականատերն է, այն ձեռք է բերվել 2018-ին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության կողմից։ Դրա արժեքը ներկայում 789,000 ֆունտ է։

Սարգսյանը OCCRP-ին ասել է, որ գույքերն «ի սկզբանե չեն գնվել իրենց ներկայիս բարձր արժեքներով», թեև նա չի մանրամասնել, թե որքան է իր ընտանիքը վճարել դրանց համար:

«Տարիների ընթացքում դրանց թանկացումը ավելի շուտ հուշում է խելացի ներդրումների, քան, ինչպես թվում է, շռայլ ծախսերի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ «գույքի մի մասը» գնել են է վարկով։

Տվյալները ցույց են տալիս, որ հիփոթեքը վերցվել է Չեյն Ուոք 12 և 14 հասցեների համար, սակայն այն գրանցվել է 2018-ին՝ գնումից տաս տարի անց:
 

Կիպրական ընկերություն

Կարինեն ունեցել է նաև իրենց ընտանիքին պատկանող կորպորատիվ ակտիվներ։ Կիպրոսի կորպորատիվ ծառայություններ մատուցող մարմիններից փաստաթղթերի վերջին արտահոսքը ցույց է տվել, որ Կարինեն 2008-2020 թվականներին նշվել է որպես Twoford Business Limited կոչվող ընկերության իրական սեփականատեր: Այդ ընկերությունը Հայաստան, Վրաստան ու Ուզբեկստան է ներմուծում և լիցենզավորում  Pepsi-ի, Nestle-ի և Carlsberg-ի նման միջազգային խոշոր ապրանքանիշեր։ 

2020-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Twoford-ը վերանվանվել է Revery Group Limited-ի, և որ 2020-ի օգոստոսին Կարինեն դրա սեփականությունը եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի անունով փոխանցել է հավատարմագրային կառավարման ֆոնդի։ Չնայած ընկերության փաստաթղթերը ցույց են տալիս, որ Կարինեն ընկերության սեփականատերն է եղել կարճ ժամանակով՝ 2008-ին և 2012-2020 թվականների ընթացքում, Revery-ի կայքում ասվում է, որ Հայկը ընկերությունը հիմնադրել է 2015-ին:

Ներդրողների հետ կապեր

Revery Group-ի սեփականության իրավունքը Սարգսյանի որդուն փոխանցելու փաստաթղթերը բացահայտում են ընկերության որոշ բիզնես գործընկերների։ Բոլորը կապեր ունեն Սարգսյանի հետ, իսկ քրոջ հետ՝ ոչ մեկը, ինչից կարելի է ենթադրել, որ նա (քույրը) թերևս հանդես է եկել որպես եղբոր վստահորդը ընկերության սեփականատիրության հարցում՝ մինչև դրա փոխանցումը:

Փոխանցման փաստաթղթերում կա նաև շվեյցարական իրավաբանական ընկերության մի նամակ հասցեագրված մի ռուսական բանկի։ Դրանում ներկայացվում է սեփականության կառուցվածքը ընկերություններից մեկում, որտեղ Revery-ն ներդրում է արել: Այն ցույց է տալիս, որ Revery-ին են պատկանում մոսկովյան TPF Kaskad LLC-ի բաժնետոմսերը: Kaskad-ի հիմնական բիզնեսն անշարժ գույքի լիզինգն ու կառավարումն է, և այն 2022-ին ստացել է մոտ 3 միլիոն դոլարի շահույթ:

Տարբեր հիմնադրամների և օֆշորային ընկերությունների միջոցով Kaskad-ում երեք այլ ներդրող կա, որոնք բոլորը կապեր ունեն Սարգսյանի հետ, բայց ոչ մեկը՝ Կարինեի.

  • Իտալացի միլիարդատեր Կրեմոնինիների ընտանիքը, որը համբուրգերի միս է մատակարարում McDonalds-ին և Burger King-ին մի շարք երկրներում և մարդատար գնացքներում սննդի ծառայություններ է մատուցում Եվրոպայում, Ռուսաստանում և Թուրքիայում: 2014-ին, երբ Կրեմոնինիների Inalca S.p.a. ընկերությունը «Ռուսական երկաթուղիների» հետ առաջին անգամ սննդի գործարք կնքեց, Սարգսյանը համաձայնագրի ստորագրմանը մասնակցում էր որպես Եվրասիայում Կրեմոնինիների գործընկեր Knightsbridge Group-ի նախագահ։
  • Սփյուռքահայ գործարար Հայկ Դիդիզյանը, որը մահացել է այս տարի։ Դիդիզյանը աջակցել է Սարգսյանի՝ «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամին, որի նպատակն էր պահպանել Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական ժառանգությունը և օգնել անապահով երեխաներին։ Երբ Դիդիզյանը և նրա կինը դպրոց բացեցին Երևանում, Սարգսյանն այնտեղ էր՝ ժապավենը կտրելու համար։ 
  • Ալմաս Սուլթանգազին, որը Ղազախստանի 40-րդ ամենահարուստ գործարարն է՝ ըստ Forbes-ի 2023-ի ցուցակի, և Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի գործընկերը: Սարգսյանի կապերը Նազարբաևայի հետ լայնածավալ են. նրանք 2002-2005 թվականներին Սարգսյանի Eurasia House International խորհրդատվական բիզնեսում եղել են համատնօրեն և 2002-ին Ղազախստանում համահիմնադրել են ամենամյա համաժողով՝ Եվրասիական մեդիա ֆորումը: 2010-ին Սարգսյանի կազմակերպած բարեգործական միջոցառմանը, որը վարում էր արքայազն Չառլզը, Նազարբաևան անգամ երգել է ղազախական և հայկական ժողովրդական երգեր։

OCCRP-ին տված իր պատասխանում Սարգսյանը հաստատել է, որ ընկերությունը հիմնադրել է Հայկը, սակայն հավելել է, որ այն «մի ժամանակ այլ ձևով է գոյություն ունեցել»։

Սարգսյանն ասել է, որ իր «ընտանիքն ի սկզբանե ներդրում է կատարել» ընկերությունում, սակայն ինքը չի ունեցել սեփական բաժնետոմսեր, որի մասին պետք կլիներ տեղեկացնել Հայաստանի իշխանություններին։

«Իմ պաշտոնավարման ընթացքում ես որևէ հայտարարագրման ենթակա շահ չեմ ունեցել»,- ասել է Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular