«Ախորժակն ուտելիս է բացվում». Մարուքյանը՝ Ալիևի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում՝ դրանով իսկ տորպեդահարելով խաղաղության գործընթացը։ Այս մասին X-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ այդպիսով պաշտոնապես բարձրացնելով բոլորովին նոր նախապայման։
«Ինչպես ասում են՝ «ախորժակն ուտելիս է բացվում», և այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագրի ստորագրում Հայաստանի հետ՝ ամբողջ միջազգային հանրությանը խաղացնելով մատների վրա», - գրել է Մարուքյանը:
Պաշտոնյան հիշեցրել է, որ 2022-ի մարտին Ադրբեջանն առաջարկել է հինգ հիմնարար սկզբունք, որոնց վրա պետք է հիմնվեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, այն է՝ պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, նրանց միջազգային սահմանների անխախտելիության և միմյանցից քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և իրավական պարտավորության ընդունում այն մասին, որ ապագայում նման պահանջներ չեն ներկայացվի, զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող այլ հանգամանքներից, պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցության հաստատում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Ըստ Մարուքյանի՝ չնայած նշված սկզբունքներին անդրադարձ է կատարվել բանակցությունների ընթացքում և նաև հրապարակայնորեն, Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ Ալիևը երեկ հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության:
Ալիևի խոսքով՝ Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը» (չակերտները՝ Tert.am) Հայաստանին միացնելու և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերը նույնպես տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Ըստ նրա՝ բազմաթիվ կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, և այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիվ նախապայմաններ, որոնք չեն ճանաչում «Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ» (չակերտները՝ Tert.am)։
Ալիևն ասել է, որ «այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպես դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի արագ ավարտի համար»։