ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հիմքում դրված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն․ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասել է  Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։  

Կոլոմինան նշել է, որ իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքի նկատմամբ հարգանքը, որը դրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում։

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում  Թուրքիայի դերակատարությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին և այլ թեմաների։

-Վերջերս Հայաստանում էիք, որտեղ տարբեր հանդիպումներ ունեցաք։ Որո՞նք են քննարկված հիմնական հարցերը, ի՞նչ հետևություններ եք արել և առաջիկայում ի՞նչ սպասումներ կան։

-Այո, վերջերս Հայաստանում էի, հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ես նաև հնարավորություն ունեցա հանդիպել ուսանողների և կրտսեր դիվանագետների հետ, դասախոսություն կարդացի։ Ընդհանուր առմամբ, լավ այց էր, շատ էական։ Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։ Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար­ ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը:

Մենք նաև լայնորեն խոսեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին։ Մեր քաղաքականությունը շատ պարզ է. մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք մեր գործընկերների միջև կողմ չենք բռնում, քանի դեռ տեղի չի ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և հիմնական տարրերի խախտում, որոնց մենք շատ կապված ենք։ Այսպիսով, ուղերձը շատ պարզ է. մենք կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն։ Գիտենք, որ կան բանակցային տարբեր ձևաչափեր՝ երկկողմ ձևաչափը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձևաչափերը։

Մեզ համար ամենակարևորը վերջնական արդյունքն է, թե կա՞ արդյոք կայուն խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր կլինի Կովկասի կայունության համար։

- Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից՝ հատկապես Ադրբեջանից հնչող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունների ֆոնին, որոնք Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներ են պարունակում։

-Ես ձեր իշխանություններից շատ անհանգստություն լսեցի, հատկապես նախագահ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ։ Մեզ համար, ինչպես ասացի, հարաբերությունների կարգավորումը, որը տանում է դեպի տևական խաղաղության, այսօր հիմնարար տարր է, և մենք կպայքարենք դրան համար, կաջակցենք այն ճանապարհին, որը կհանգեցնի երկու երկրների միջև նմանատիպ բան ստորագրելու: Մենք աջակցում ենք ԱՄՆ-ին, մենք աջակցում ենք Եվրամիությանը։ Ես այնտեղ էի (խմբ․ Հայաստանում) Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այնպես որ, ես հնարավորություն ունեցա նրա հետ երկար զրուցելու, մենք նաև  աջակցում ենք բանակցությունների երկկողմ ձևաչափին։ Ի վերջո, երկու ազգերը պետք է որոշեն, թե ինչպես են նրանք առաջ շարժվելու, այնպես որ մենք կաջակցենք այն ամենին, ինչն ի վերջո կբերի խաղաղության:

Մենք կարծում ենք, որ սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, հիմնարար են։ Դա այն սկզբունքներից է, որը մեզ համար շատ կարևոր է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքների հետ մեկտեղ սահմանների սահմանազատումը, փոխկապակցվածությունը, այն սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում, պետք է լինեն գործընթացի մաս, եթե, իհարկե, երկու կողմերը չորոշեն փոխել այդ սկզբունքները և ունենալ այլ սկզբունքներ։ Բայց համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Այնպես որ, ինչպես ասացի, շատ մտահոգություններ լսեցի։ Չեմ կարծում, որ հայտարարություններն օգնում են, որ գործընթացն առաջ գնա։ Մենք շարունակելու ենք նույն ուղերձը հղել գործընկերներին, նրանք պետք է հնարավորինս շուտ վերսկսեն բանակցությունները։ Իրականում, ես կցանկանայի ավելացնել, որ իմ այցը պետք է լիներ տարածաշրջանային: Մենք արդեն աշխատել էինք երկու մայրաքաղաքների հետ, որպեսզի այն տարածաշրջանային դառնա, բայց հունվարի սկզբին Ադրբեջանը որոշեց հետաձգել այցը նախագահական ընտրությունների պատճառով, ուստի ես չկարողացա փոխանցել այն մեսիջները, որոնք պատրաստվում էի փոխանցել։ Այդ ուղերձներից մեկը շատ հստակ էր՝ մենք ակնկալում ենք, որ դուք կվերսկսեք խաղաղ բանակցությունները որքան հնարավոր է շուտ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կյայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular