Մեղրիում այրել են պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի մեքենան․ Շամշյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ Մ. Օհանջանյան փողոցում, ավտոմեքենա է այրվում:
Հրշեջները մարել են նշված փողոցի 3-րդ շենքի բակում կայանված Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ըստ տեղեկության՝ ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար հրդեհվել է, այլ այն հրկիզել են, իսկ մեքենան պատկանում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Անդրանիկ Աղաթելյանին, և կա վարկած, որ ավտոմեքենայի հրկիզումը կապ ունի նրա աշխատանքի գործունեության հետ: