«Ճանապարհը զիջե՛ք. Թուրքիան ստիպում է Հայաստանին բացել Զանգեզուրի միջանցքը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIz.ru-ն գրում է, որ տարեսկզբին Թուրքիան կրկին սկսեց խոսել Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին։ Նախ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մանրամասն անդրադարձավ նախագծին։ Նրա խոսքով, երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե պատրաստ է, իսկ Նախիջևանի էքսկլավում զուգահեռաբար կառուցվում է մայրուղի և երկաթուղի, երթուղու թուրքական հատվածը նույնպես ակտիվորեն իրականացվում է։ «Ընդհանուր առմամբ, այդ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Այսինքն կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է թուրք նախարարը։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ երթուղու մի մասը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Պաշտոնյայի խոսքով, նախագիծը նախկինում բացասական էր գնահատվում Երևանում, սակայն վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է «դրական ազդանշաններ» ուղարկել։ Թուրք նախարարը հիշեցրել է նաև, որ անցյալ տարի լայնորեն քննարկվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով ճանապարհի ստեղծման հարցը, և Անկարան երկու երթուղիներն էլ ողջունում է։ Նախարարի ելույթից հետո թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունն առավել մանրամասն է անդրադարձել ճանապարհների կառուցմանը։ Ըստ հրապարակման Ադրբեջանում 45 %-ով պատրաստ է երկաթուղին, և նախատեսվում է այն ավարտել մինչև տարեվերջ, 80 %-ով էլ պատրաստ է մայրուղին, որի մեծ մասն ունենալու է վեց գոտի։
Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը iz.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ Երևանը վտանգ է զգում իր տարածքային ամբողջականության համար և ձգտում է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ «Հայաստանը հստակորեն կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների ապաշրջափակմանը, սակայն կտրականապես դեմ է ինչ որ հատուկ միջանցքի։ Առայժմ այդ հարցը փակուղի է մտել։ Միգուցե որոշ ժամանակ անց Բաքուն և Անկարան գիտակցեն իրականությունը և լսեն մեր առաջարկները»,- նշել է նա։
Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն էլ ասել է, որ խնդրի լուծման հեռանկար չի տեսնում։ «Ըստ երևույթին, ներկայիս փակուղային իրավիճակը կպահպանվի մինչև 2025 թվականը՝ եռակողմ հռչակագրի ժամկետի ավարտը։ Մինչ այդ ադրբեջանական և թուրքական հատվածներում կավարտվեն երթուղու վերջին հատվածները։ 2025 թվականից հետո Երևանի հետ երկխոսությունն այլ սկզբունքներով է ընթանալու»,- կարծիք է հայտնել նա iz.ru-ի հետ զրույցում։
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծում է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծման հետաքրքրությունն իսկապես նվազել է։ «Մենք տեսնում ենք, որ Իրանի տարածքում սկսվել է հաղորդակցությունների կառուցումը։ Կարծում եմ, որ Փաշինյանի թիմը բաց թողեց իր հնարավորությունը, Հայաստանը կարծես թե դուրս է մնացել խոշոր նախագծերից: Ադրբեջանը, Իրանի և Ռուսաստանի հետ միասին մասնակցում է Հյուսիս-հարավ միջանցքի ստեղծմանը և, ըստ երևույթին, կկարողանա լուծել Թուրքիա ցամաքային ճանապարհի հարցը: Այդ ամենը երկիրը կդարձնի կարևոր լոգիստիկ կենտրոն»,- ընդգծել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը