ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ռազմական օպերացիայի շրջանակում հարվածներ են հասցրել Եմենին․ ինչ է հայտնի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:

Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։

Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:

Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հութիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։

Սանայի միջազգային օդանավակայանը նույնպես ռմբակոծության է ենթարկվել:

Ամերիկյան NBC News հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները Tomahawk թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել նավերից։

Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հութիների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկացի և բրիտանացի զինվորականները հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 10 օբյեկտների ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հուսիթների մի շարք ռազմական օբյեկտները։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթ են կրել։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հուսիթներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել:

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և նրանց գործընկերները Եմենում հարվածներ են հասցրել, մասնավորապես, հրթիռների տեղակայման վայրերին, ռադիոտեղորոշիչ կայաններին և անօդաչու թռչող սարքերին: Նա նաև հուսիթներին հասցված վնասը գնահատել է զգալի, սակայն ճեպազրույցի ժամանակ այլ մանրամասներ չի ներկայացրել:

Հուսիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:

Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հուսիներին դեռ չեն պատասխանել։

Սաուդյան Արաբիան զսպվածության և տարածաշրջանում էսկալացիան կանխարգելու կոչ է արել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular